Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՅԱՆՈՒԿՈՎԻՉԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶԴԻ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ

Փետրվար 10,2010 00:00

\"\"Դա պատճառ կդառնա, որ Ռուսաստանը վերանայի իր քաղաքականությունը նաեւ Հարավային Կովկասում

Փետրվարի 7-ին Ուկրաինայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում, նախնական տեղեկություններով, հաղթել է ռուսամետ կողմնորոշում ունեցող «Ռեգիոնների կուսակցության» առաջնորդ, Ուկրաինայի նախկին վարչապետ Վիկտոր Յանուկովիչը: Թվում է, թե Ուկրաինայում տեղի ունեցած ընտրությունները միայն այդ երկրի ներքին կամ առավելագույնը նաեւ Ռուսաստան-Արեւմուտք հարաբերություններին ու ազդեցության ոլորտներին վերաբերող հարց են: Բայց գլոբալ իմաստով ուկրաինական ընտրություններն ու դրանց արդյունքում Յանուկովիչի ընտրվելու փաստը ուղղակիորեն կարող են ազդել մեր տարածաշրջանի, հայ-թուրքական հարաբերությունների ու նաեւ՝ Ղարաբաղի հարցի լուծման խնդրի վրա: Ինչո՞ւ եւ ինչպե՞ս կարող է Ուկրաինայում ռուսամետ Յանուկովիչի հաղթանակը ազդել մեր տարածաշրջանի եւ մասնավորապես նաեւ Հայաստանի վրա: Բանն այն է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջին անգամ հանդես եկավ Մոսկվայում: Ու թեեւ դժվար է միանշանակորեն պնդել, որ դա ոչ թե ՀՀ նախագահի, այլ հենց Կրեմլի նախաձեռնությունն էր, բայց գոնե ակնհայտ է, որ Ռուսաստանն ամեն կերպ, բնականաբար՝ իր շահերի համատեքստում, նպաստել է այդ հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնականում որպես Թուրքիայի հետ էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկեր: Նա այդ դերում փորձում է առավելագույն ներդրումն ունենալ նաեւ ԼՂ հարցի արագ կարգավորման համատեքստում: Հիշեցնենք, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Թուրքիայում իր թուրք գործընկերոջ՝ Էրդողանի հետ մեկ տասնյակից ավելի համաձայնագրեր ստորագրեց, որոնցից կարեւորագույնները Ռուսաստանի համար ցավոտ էներգետիկ ոլորտին էին վերաբերում: Նախ, կողմերը ձեռք բերեցին «Հարավային հոսք» գազատարի կառուցման պայմանավորվածություն, որը, շրջանցելով Ուկրաինան, Սեւ ծովի թուրքական հատվածով ռուսաստանյան գազը հասցնելու է Եվրոպա՝ նվազեցնելով տարանցիկ երկրներից, մասնավորապես՝ Ուկրաինայից, մատակարարների ու գնորդների կախվածությունը:
Հիմա, երբ Ուկրաինայի նախագահի պաշտոնն առաջիկա հինգ տարիներին զբաղեցնելու է Յանուկովիչը, ինչին Ռուսաստանը ձգտում էր, նշանակում է՝ «Հարավային հոսք» կոչվող թանկարժեք նախագծի անհրաժեշտությունը, գոնե առժամանակ, կարող է հետաձգվել՝ ազատ արձակելով նաեւ Ռուսաստանի ձեռքերը Հարավային Կովկասում իր ազդեցությունը որեւէ մեկի, այդ թվում՝ Թուրքիայի հետ կիսելու պարտադրված քայլից: Սա նշանակում է, որ Ռուսաստանը կարող է իրեն նեղություն չտալ ռազմավարական դաշնակից Թուրքիային ծառայություն մատուցելու համար նպաստել ԼՂ հարցի կարգավորման արագացմանը, ինչը նրան ձեռնտու էլ չէր: Նշանակում է նաեւ, որ Ռուսաստանի քաղաքականությունը մեր տարածաշրջանում սրբագրվելու է:
«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն այս դիտարկման հետ համամիտ էր: «Ուկրաինայի դերը ե՛ւ որպես հետխորհրդային տարածքում մեծ դերակատարություն ունեցող մեծ երկիր, ե՛ւ որպես սեւծովյան երկիր, ինչ խոսք՝ նշանակալի է, եւ Ռուսաստանի համար այնտեղ կայացած ընտրությունները շատ կարեւոր էին: Այո, եթե Յանուկովիչը վերջնականապես հաստատվի որպես Ուկրաինայի նախագահ, չեմ բացառում, որ Ռուսաստանի վարած քաղաքականությունը ԱՊՀ երկրներում ինչ-որ չափով կփոխվի: Դա կազդի նաեւ Հարավային Կովկասում Ռուսաստանի վարած քաղաքականության վրա, վերադասավորումներ կլինեն նաեւ ռուս-թուրքական, ռուս-հայկական ու նաեւ հայ-թուրքական հարաբերություններում: Բայց հիմա հաստատապես ասել, թե որտեղ եւ ինչ կփոխվի՝ դժվար է, առավել եւս, որ Յանուկովիչը դեռ նախագահի պաշտոնը չի ստանձնել եւ չի հրապարակել իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Այդուհանդերձ, իմ կարծիքով, Ռուսաստանը Ուկրաինայում այսպիսի արդյունքների արձանագրումից հետո ավելի համարձակ քայլերի կդիմի Հարավային Կովկասում»,- ասաց Ստ. Գրիգորյանը:
Իհարկե, այս պահին դժվար է նաեւ ասել, թե այդ «համարձակ քայլերն» ինչպես կարող են արտահայտվել, բայց քաղաքագետը փորձեց հնարավոր օրինակներ մատնանշել. «Օրինակ՝ Ռուսաստանի մոտեցումը հայ-թուրքական սահմանի բացման հարցում կարող է փոխվել: Ակնհայտ է, որ այսօր Ռուսաստանը դեմ չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու սահմանի բացմանը, նույնիսկ ինչ-որ իմաստով դա խրախուսում է եւ դրանում իր ներդրումն ունի, նույնիսկ ԼՂ հարցի լուծման համատեքստում է ակտիվ գործունեություն ծավալել, բայց Ուկրաինայի ընտրությունների արդյունքներից հետո, մոտավորապես 3-6 ամիսների ընթացքում, Ռուսաստանի դիրքորոշումը Կովկասի հարցերում կարող է փոխվել եւ՝ ոչ միայն հայ-թուրքական համատեքստում: Եթե Ուկրաինայում Ռուսաստանի շահերն ամրապնդվում են, ապա այդ դեպքում Ռուսաստանը կարող է մեր տարածաշրջանում իր գործողություններում իրեն ավելի վստահ զգալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել