Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԱՐԻ ՎԵՐՋԸ

Փետրվար 10,2010 00:00

\"\"

Անցած տարվա հոկտեմբերի 26-ին ԱԱԾ-ն կաշառք ստանալու փաստով ձերբակալել է
ՀՀ ոստիկանության Հասարակական կարգի ապահովման վարչության առանձին ոստիկանության վաշտի հրամանատար, մայոր Հարություն Հովհաննիսյանին (լուսանկարում՝ քաղաքացիական զգեստով): Հ. Հովհաննիսյանը իր ենթակա, նույն վարչության աշխատակից
Ա.-ից սպայական պաշտոնի նշանակելու դիմաց պահանջել եւ ստացել է 2 500 ԱՄՆ դոլար: Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանում սկսվեց Հարություն Հովհաննիսյանի գործի դատաքննությունը: Իբրեւ տուժող հանդես եկող Ա.-ն դիմել էր դատավոր Մնացական Մարտիրոսյանին, որպեսզի իր անվտանգությունից ելնելով՝ հարցը լսվի դռնփակ դատական նիստում: Մինչ նիստի սկսվելը՝ ոստիկանության ուղեկցող գունդը դատարան բերեց տարբեր գործերով մի քանի մեղադրյալների: Բոլորը կրում էին ձեռնաշղթաներ, սակայն կաշառակերության մեջ մեղադրվող Հարություն Հովհաննիսյանը առանց ձեռնաշղթաների էր, ինչը օրենքի խախտում է: Դեռ մի քանի տարի առաջ, երբ լրագրողները «Ա1+»-ի փակման հերթական տարելիցի օրը փորձում էին ծառատունկ իրականացնել Արամ Խաչատրյանի արձանի մոտ, Հարություն Հովհաննիսյանը իր անմիջական ղեկավարի՝ գնդապետ Չիբուխչյանի հետ ամեն կերպ խոչընդոտում էր լրագրողներին, իսկ տնկված ծառերը արմատախիլ արեցին: Ի դեպ, նախաքննական մարմնում Հովհաննիսյանը ցուցմունք է տվել, որ ինքը գումարը պահանջել եւ ստացել է Չիբուխչյանի ցուցումով, ինչի կապակցությամբ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով նշանակվել էր ծառայողական քննություն. արդյունքում Չիբուխչյանը ՀՀ ոստիկանապետի հրամանով հեռացվել է համակարգից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել