Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐԺԵԼՈՒՑ ԱՌԱՋ՝ ՄՏԱԾԵՔ…

Փետրվար 09,2010 00:00

«Ոչ մի կնոջ հաճելի չէ որպես տիկնիկ հանդես գալ…»

\"\"

«Գլուխս ցավում է», «Այսօր տրամադրություն չունեմ», «Հիմա դրա ժամանակը չէ», «Արդեն տարիքներս առել ենք դրա համար»… Այսօրինակ պատճառաբանություններով 50 անց տղամարդիկ հաճախ անկողին մտնելիս՝ մերժվում են կանանց կողմից…
Ըստ բժիշկների՝ նախածերունական հասակում թե կանանց, թե տղամարդկանց սեռական ակտիվությունը նվազում է: Իսկ ըստ սեքսոլոգների՝ այդպես լինում է միայն տղամարդկանց դեպքում, կանանց մոտ սեռական ակտիվությունն ավելանում է:
Սակայն մասնագետները փաստում են, որ 50 տարեկանից բարձր կանանց մեծ մասը, մասնավորապես կլիմակտերիկ շրջանից հետո խուսափում են սեռական հարաբերություն ունենալ:
Թեմայի վերաբերյալ զրուցելով «Նյու-մեդ» ուրոլոգիական կենտրոնի սեքսապաթոլոգ Հրաչյա Պապյանի հետ, պարզեցինք, որ բժշկին դիմող տղամարդկանց մեծ մասը վերը նշված խնդրով գանգատվում է՝ դժգոհելով կանանց անհամար ու անհեթեթ մերժումներից: Այս առիթով Հ. Պապյանը կարծիք հայտնեց, որ հայ կանանց հիմնական խնդիրը ոչ թե ցանկության պակասն է, այլ կենցաղն իր խնդիրներով, որն էլ խանգարում է ամուսինների սեռական հարաբերություններին:
«Հայ կանանց մոտ սեքսուալ ցանկության նվազում չի գրանցվում: Պարզապես՝ մեծ դեր ունի կենցաղը: Որքան երկար են ամուսիններն իրար հետ ապրում, այնքան ավելի շատ կոնֆլիկտներ են ունենում կենցաղում: Եվ եթե կինն անգամ չնչին կոնֆլիկտ ունեցավ իր ամուսնու հետ, անկողին մտնելուն պես նրա սեռական հարաբերություն ունենալու ցանկությունը իսկույն վերանում է: Այդտեղից էլ ծնվում են՝ «գլուխս ցավում է», «հավես չունեմ» եւ այլ պատճառաբանությունները»,- ասում է սեքսապաթոլոգը:
Ինչպես նշում է բժիշկը, այս խնդիրը հատուկ չէ միայն կլիմակտերիկ շրջանում գտնվողներին. այդկերպ ամուսնական պարտականություններից փաչխելը բնորոշ է նաեւ նորապսակ կամ մի քանի տարի համատեղ կյանքով ապրող զույգերին:
«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանանց 50% տոկոսը ոչինչ չի զգում անկողնում, իսկ  հայ կանանց մոտ այդ տոկոսն ավելի բարձր է, մասնավորապես՝ երիտասարդների շրջանում: Պատճառն այն է, որ տղամարդկանց մեծ մասը սեռական կրթվածություն չունի, չգիտի ինչպես իրեն դրսեւորել անկողնում: Օրինակ, չգիտեն, որ նախ պետք է կնոջը բավարարել, հետո նոր իրենք բավարարվեն… Հայ տղամարդկանց մեծ մասը էգոիստաբար տրամադրված է միայն իրենց ցանկությունները բավարարելուն, միայն իրենց մասին են մտածում եւ հարաբերության ժամանակ առաջին հերթին իրենք են բավարարվում, նրանց ամենեւին էլ չի հետաքրքրում՝ կինը բավարարվե՞ց, թե՝ ոչ: Ոչ մի կնոջ հաճելի չէ որպես տիկնիկ հանդես գալ անկողնում: Եթե պետք է ամուսինն իր գործն անի, հանգստանա եւ շրջվի քնի, իսկ կինը չբավարարված մնա, ուրեմն այս դեպքում կինն իրավունք ունի հրաժարվել այդ տեսակ ամուսնուն բավարարելուց: Եվ դա տարիքի հետ այնքան էլ կապ չունի…»,- վստահեցնում է պարոն Պապյանը:
Անդրադառնալով կլիմակտերիկ շրջանից հետո կանանց սեռազգայունակության նվազմանը, մեր զրուցակիցը ասաց. «Կլիմակտերիկ շրջանում կնոջ օրգանիզմում հզոր հորմոնալ փոփոխություններ են տեղի ունենում, որոնք էլ կարող են պատճառ հանդիսանալ ցանկության չնչին նվազման: Սա փաստ չէ, քանի որ հնարավոր է, որ այդ շրջանը նաեւ հակառակ ազդեցություն ունենա. կնոջ ցանկություններն ավելի մեծանան»:
Անդրադառնալով հայ կանանց՝ սեռական հարաբերություններից խուսափելուն, բժիշկ-սեքսապաթոլոգն ասաց. «Սեռական ֆունկցիան մեկ հոգու համար չէ, այն երկուսի համար է, եւ եթե ինչ-որ խնդիր կամ հակառակը՝ հաճելի է լինում, ապա դա երկուսի համար է լինում. չէ՞ որ երկուսն էլ դրանում մասնակցություն ունեն: Պետք չէ սեռական հարցերում առաջացած խնդիրները բարդել միայն կնոջ վրա: Եթե տղամարդն ուզում է ազատվել այդ եւ այլ անհեթեթ պատճառաբանություններից, ուրեմն պետք է նորմալ տղամարդ լինի: Իսկ նորմալ լինելու համար պետք է վերանայել առաջացած խնդիրները, քանի որ տղամարդուն էլ մեղադրել չի կարելի. կենցաղը, աշխատանք չունենալը, հոգնածությունը, սոցիալական պրոբլեմները, շրջակա միջավայրը ազդում են նրա վրա, ինչն էլ «բերելով» անկողին, հանդիսանում է պատճառ՝ կնոջ կողմից մերժվելու»:
Հ. Պապյանը փաստում է, որ հայկական ընտանիքներից շատերում 50-ից հետո սեքսը նորմալ չի դիտվում. «Իրականում հայկական ընտանիքներում 50 տարեկանից հետո ամուսինների միջեւ սեռական հարաբերությունները նվազում են, եւ սա բնավ էլ ցանկության պատճառը չէ: Սա զուտ հայկական մտածելակերպի, մենտալիտետի արդյունքն է: Անգամ ամենասիրող ամուսինների մոտ էլ նկատվում է սեռական հարաբերությունների պակաս»:
Մեր զրուցակիցը նաեւ շեշտեց, որ երկարատեւ ամուսնական կյանքում մեծ դեր ունի նաեւ սերը. «Եթե սիրով չմտար անկողին, նորմալ հարաբերություն չես կարող ունենալ, ցանկություն՝ առավել եւս: Ու եթե 50-ից հետո ամուսինների միջեւ սեռական հարաբերությունները նվազում են, դա չի նշանակում, որ զույգերի միջեւ սերը մարել է»:
Սեքսապաթոլոգը նաեւ խորհուրդ տվեց կանանց անկողին մտնելուց եւ ամուսիններին մերժելուց առաջ մի լավ մտածել հետեւանքների մասին. ի վերջո կհայտնվի մեկը, ով ձեր ամուսնուն չի մերժի…
Իսկ վերջում Հ. Պապյանը հավելեց. «Սեքսը ոչ մի տարիքում էլ ամոթ չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել