Փետրվարի 7-ին Վարշավայում կայացավ ֆուտբոլի «Եվրո-2012»-ի վիճակահանությունը:
Վիճակահանության արդյունքում մեր ընտրանին հայտնվեց «B» խմբում, որտեղ, մեզանից բացի, տեղ են գտել նաեւ հին ծանոթներ Անդորրայի, Մակեդոնիայի, Ռուսաստանի, ինչպես նաեւ Իռլանդիայի ու Սլովակիայի հավաքականները:
Անդորրայի հավաքականի գլխավոր մարզիչ, նախկինում այդ թիմի ու Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասապահ Կոլդո Ալվարեսը նշել է, որ «B» խումբն առանձնապես չի տարբերվում մյուս բոլոր խմբերից՝ բացառությամբ առաջինի ու վերջինի: Որպես խմբի ֆավորիտներ, Ալվարեսը թվել է Ռուսաստանի եւ Սլովակիայի թիմերին, բայց նաեւ նշել, որ իռլանդացիները, որպես կամային հավաքական, կարող են անակնկալ մատուցել: Հիշեցնենք, որ Անդորրայի հավաքականի հետ հանդիպումներում մեր ազգային թիմը մշտապես հաջող է ելույթ ունեցել, ուստի հուսանք, որ այս անգամ էլ միավորների դեֆիցիտ՝ անդորրացիների խաղում չի դիտվի:
Հին ծանոթներից է նաեւ Մակեդոնիան, որի հետ խաղերը, սակայն, մեզ համար դրական ելքով չեն ավարտվել:
Իսկ ահա Հայաստանի ու Իռլանդիայի ազգային թիմերը միմյանց դեռ չեն հանդիպել: Փոխարենը՝ ընդամենը ամիսներ առաջ Հայաստանի երիտասարդական հավաքականը Երեւանում 4:1 հաշվով ջախջախեց իռլանդացի իր հասակակիցներին: Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին նույնպես այն կարծիքին է, որ «B»-ն բավականաչափ թեթեւ խումբ է: Ֆավորիտներ կամ աուտսայդերներ Տրապատոնին չի առանձնացրել՝ հիշեցնելով աշխարհի գավաթ- 2010-ի ընտրական փուլում Ֆրանսիայի հետ հանդիպումը. «Այն բանից հետո, ինչ եղավ իմ թիմի հետ աշխարհի առաջնության անցումային խաղերում, մեզ ոչ մի մրցակից այլեւս չի վախեցնում»:
Մեզ անծանոթ է նաեւ Սլովակիայի ընտրանին: Վերջինիս կիսապաշտպան Միրոսլավ Կարհանը, մեկնաբանելով վիճակահանությունը, գոհունակություն է հայտնել նման դասավորվածությունից: Ֆուտբոլիստը միաժամանակ նշել է, որ ոչինչ չի կարող ասել Հայաստանի ու Անդորրայի մասին, քանի որ ոչինչ չգիտի:
Խմբի ակնհայտ ֆավորիտի՝ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գուուս Հիդինգը լավատեսորեն է տրամադրված, մանավանդ որ՝ իրենց խնդիրը խմբում առաջինը լինելն է: Սակայն, ըստ հոլանդացի մասնագետի, այս խմբից դուրս գալու հավակնություններ ունեն նաեւ իռլանդացիներն ու սլովակները, ինչը պետք է հաշվի առնել: «Սլովակները շատ լավ գիտեն Ռուսաստանի հավաքականի ուժը, քանի որ նրանց մարզում է «Սատուրնի» նախկին մարզիչ Վլադիմիր Վայսը: Իսկ Ջովանի Տրապատոնին փորձված, խորամանկ աղվես է»,- ասել է Հիդինգը: Ռուսական ֆուտբոլի մեկ այլ ներկայացուցիչ՝ Դմիտրի Ալեյնիչեւը, ի տարբերություն գլխավոր մարզչի, չի առանձնացրել միայն հիմնական մրցակիցներին՝ փաստելով, որ ֆավորիտ լինելը դեռ չի ենթադրում խմբից դուրս գալ: «Մեր թիմը ֆավորիտ է համարվում, սակայն դա դեռ չի նշանակում, որ այն դուրս կգա խմբից։ Ամենաթարմ օրինակը պարտությունն է Սլովենիայից՝ անցումային վերջին խաղերում։ Դա խոսում է այն մասին, որ եւ Իռլանդիայի, եւ Սլովակիայի, եւ նույնիսկ Հայաստանի հավաքականները կարող են տհաճ անակնկալ մատուցել»,- ասել է Ռուսաստանի հավաքականի նախկին կիսապաշտպանը:
Ինչ ներկայացրինք, դա միայն իրավիճակի առաջնային գնահատականն է, առաջին կանխատեսումները: Ի դեպ, շատ բան կախված է նաեւ խաղային օրացույցից, որը հայտնի կդառնա փետրվարի 22-ին: Այդ օրը Մոսկվայում «B» խմբի մասնակիցների ներկայացուցիչները կքննարկեն խաղացանկը: Իսկ կարդարանա՞ն, արդյոք, վերոնշյալ կանխատեսումները, պարզ կլինի միայն մեկուկես տարի հետո:
Արդեն առաջիկա սեպտեմբերին սկսվում է պայքարը: Հայաստանի հավաքականի մի շարք ֆուտբոլիստների ու հայկական ֆուտբոլի ներկայացուցիչների կարծիքը մեկ նախադասությամբ կարելի է ներկայացնել այսպես՝ «ավելի լավ լինել չէր կարող»: Հուսանք, որ մեր խումբը՝ մեզ հաջողակ ու հնարավոր լավագույնը ոչ միայն թվում է, այլ նաեւ այդպիսին կլինի: Շատ քիչ ժամանակ մնաց սպասելու: