«Առավոտի» նվաճած մրցանակների թանգարանը հարստացավ եւս մեկով: Շաբաթ օրը «Առավոտի» թիմը հաղթող դարձավ «Play City» ժամանցի կենտրոնի կազմակերպած ԶԼՄ-ների միջեւ բոուլինգի մրցաշարում:
Մեկս՝ մյուսով:
«Play City»-ի այս մրցումը «Կորպորատիվ մրցույթներ» ծրագրի բաղկացուցիչ մասն է, որին հերթով մասնակցում են տարբեր ոլորտներ ներկայացնող կազմակերպություններ: Նախաձեռնությունը մշակված է ամբողջ 2010 թվականի համար եւ կրում է «Հայաստանում սպորտի եւ ակտիվ հանգստի զարգացում» խորագիրը:
Լրատվամիջոցների մրցությանը հրավիրվել էին մարզական առումով առավել ակտիվ 13 լրատվամիջոցներ: Նրանք նախնական փուլում որոշեցին չորս լավագույններին, որոնք պետք է եզրափակչում պայքարեին հաղթողի կոչման համար: Նախնական փուլում վաստակելով 580 թիմային միավոր՝ առաջին արդյունքով վճռորոշ փուլ անցավ մեր թիմը: Այնուհետեւ այդ արգելքը հաղթահարեցին մաեւ «El Stile» ամսագիրը, «Երկիր Մեդիա» եւ «Դար 21» հեռուստաընկերությունները:
Ի տարբերություն ընտրական փուլի, որում անցողիկ էր համարվում երկու խաղափուլերից ցանկացածում հավաքած լավագույն ցուցանիշը, եզրափակչում հնարավոր պատահականությունից խուսափելու նպատակով կազմակերպիչները հաղթողին որոշում էին երկու խաղափուլերում վաստակած միավորների հանրագումարով: Եվ այս անգամ էլ «Առավոտը» մրցակցությունից դուրս էր: Առաջին խաղափուլում մեր թիմն իր հաշվարկին գրանցեց 693 թիմային միավոր, երկրորդում՝ 618, եւ «երկամարտի» 1311 միավորով մեծ առավելությամբ անհասանելի դարձավ մրցակիցների համար եւ նվաճեց հաղթողի գավաթը: Մյուս թիմերը դասավորվեցին հետեւյալ հաջորդականությամբ՝ «El Stile», «Երկիր Մեդիա» եւ «Դար 21»:
Իհարկե, հաղթելը հաճելի է: Սակայն նմանատիպ միջոցառումներում առաջնայինը մասնակցությունն է: Հենց դրա համար էլ կազմակերպիչները, կարեւորություն չտալով ցուցանիշներին, լրատվամիջոցներին շնորհակալություն հայտնեցին նախաձեռնությանն արձագանքելու համար, իսկ եզրափակչի մասնակից չորս թիմերին շնորհեցին մասնակցության հավաստագրեր: