Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը՝ Արցախի ազատագրության մասին

Փետրվար 09,2010 00:00

Լույս է տեսել Արցախ Բունիաթյանի «Դաշտային հոսպիտալ (Մարտակերտ-Օմար, հունվար-մարտ, 1994թ.)» վավերագրության 6-րդ գիրքը: Այն արցախյան պատերազմի փաստագրությունն է՝ «Արյունոտ օրեր» եւ «Արյան գինը» գրքերի շարունակությունը: Գիրքը՝ որպես վավերագրություն, ընթերցողին է ներկայացվում այնպես, ինչպես գրվել է վիրաբույժ- գրող հեղինակի կողմից, այսինքն՝ օրագրի տեսքով: Հեղինակը նպատակահարմար չի գտել հետագայում էլ խմբագրել այն՝ անխաթար պահելու համար ապրումը, օրը, պահը: Փիլիսոփայական գիտությունների թեկնածու Աշոտ Պետրոսյանը գրքի մասին գրել է. «Նշյալ նոթագրությունը եզակի եւ յուրահատուկ մի նշանակալից երեւույթ է արցախյան ազատագրական պատերազմի ըմբռնման համապատկերի վրա: Այն ընդգրկում է պատերազմական մի քանի տարվա անցքեր, իրադարձություններ եւ գործող անձանց բնութագիր ներկայացումը արդի եւ ապագա սերունդներին: Կարելի է ասել, որ Արցախ Բունիաթյանը պարզապես ի պահ է դնում ազգին իր եւ պատերազմող հայության ապրած օրերի հիշատակները` իրենց նախնական վիճակով, առանց մշակումների, առանց տուրք տալու ներկայիս ըմբռնումներին, մարդկանց ճաշակին ու նախասիրություններին»: Հասկանալի պատճառով «Դաշտային հոսպիտալը» ծանր գիրք է, բայց եւ արժեքավոր է ոչ միայն որպես վավերագրություն, այլեւ այնտեղ զետեղված բացառիկ լուսանկարներով:
Հավելենք, որ գրքի հեղինակ Արցախ Բունիաթյանը 1992-1995թթ. նոյեմբերը եղել է Մարտակերտում, դաշտային հոսպիտալի կազմում մասնակցել մարտական գրեթե բոլոր գործողություններին: 1996-2008թթ. աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի բուժմիավորման գլխավոր բժիշկ: Նա պարգեւատրվել է «Մայրական երախտագիտություն», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Մխիթար Հերացի» եւ այլ մեդալներով, ԼՂՀ նախագահի հրամանագրով արժանացել վաստակավոր բժշկի կոչման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել