Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՂԹՈՂ ԵՐԳ՝ ՊԼՅՈՒՍ ՄԻ ՔԻՉ ԱՐԵՎԵԼՔ

Փետրվար 09,2010 00:00

Երգչուհի Եվա Ռիվասն ու կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը վստահ են «Ծիրանի կորիզի» հաջողությանը
Տեղեկացրել էինք, որ երգչուհի Եվա Ռիվասն արդեն Հայաստանում է եւ պատրաստվում է «Եվրատեսիլ 2010» միջազգային մրցույթի ներընտրական փուլին: Հիշեցնենք, որ նա ներկայացնելու է «Apricot stone» (ծիրանի կորիզ) երգը, որի երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, խոսքերինը՝ Կարեն Կավալերյանը, իսկ գործիքավորումը Արա Թորոսյանինն է (Մուրզո): Երեկ երգչուհին ու  կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը պատասխանեցին «Առավոտի» հարցերին:
Որո՞նք են Ռիվասի առավելությունները մյուս մասնակիցների համեմատությամբ: Երգչուհու կարծիքով. «Մենք ունենք երգ, որով կարող ենք առաջին տեղը զբաղեցնել «Եվրատեսիլում», եւ դա գլխավորն է»:
Պարոն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ չի՞ գտնում, որ իր գրած «Apricot stone» երգում անչափ մեծ է Արեւելքի  «չափաբաժինը»: Նա պատասխանեց, որ ճաշակի խնդիր է, եւ հետո ինքը գրել է զուտ եվրատեսիլային երգ, որը դեռ կատարելագործման փուլում է. «Ինչ վերաբերում է Արեւելքի «քանակին», խոհարարի պես անընդհատ  գդալը հանում-մտցնում եմ երգի մեջ, «համտեսում եմ»: Այդ կենդանի գործընթացը շարունակելու եմ մինչեւ այն պահը, երբ արդեն պաշտոնապես իրավունք չի լինի փոփոխություններ մտցնել: Ի վերջո, առանց Արեւելքի մեր մշակույթը ուղղակիորեն հոգի չի ունենա: Արեւելքը հանելը հայկական մշակույթից, դա կնշանակի՝ չլինի Արամ Խաչատրյանը, Երվանդ Քոչարը եւ այլն: Ուզում եմ շեշտել, որ չնայած շատերը «Եվրատեսիլը» համարում են ցածր մակարդակի, քաղաքականացված մրցույթ, բայց մեզ համար դա այն հազվադեպ հնարավորություններից է, որտեղ կարող ենք մեր մշակույթը լայն լսարանի ներկայացնել: Ուզում եմ հավաստիացնել մեր երկրպագուներին, որ մոտ ենք կանգնած հաղթանակին: Շատ ենք ուզում այս մրցույթը Երեւան բերել»: Մեր դիտարկմանը՝ եթե Արմեն Մարտիրոսյանը գրում է «Եվրատեսիլի» համար նախատեսված երգ, իսկ Մուրզիկը գործիքավորում է, արդյո՞ք դա չի նշանակում, որ ի սկզբանե կանխորոշված է, թե ով է Հայաստանը ներկայացնելու, կոմպոզիտորը պատասխանեց. «Իհարկե, հաճելի է նման բան լսել, բայց պիտի տրամաբանությունը հաշվի առնել՝ սկզբից ծնվում է գաղափարը, հետո գրվում է երգը: Եթե Եվան  է դիմել, ես գրում եմ երգ՝ Եվայի համար, մի ուրիշի դեպքում ուրիշ երգ կլիներ, երրորդի պարագայում՝ լրիվ այլ: Եթե բոլոր այս հանգամանքները լրացնում են միմյանց՝ դառնում 100%-անոց կծիկ՝ պայթուցիկ դրական էներգիայով, միայն այդ ժամանակ կարելի է խոսել մեծ հաջողության մասին: Այս դեպքում  հաջողությանն իրոք մոտ ենք կանգնած. Եվան ունի հրաշալի հայկական դիմագծեր, երբ նման արտաքինով հայուհին  երգում է Սայաթ-Նովա եւ ժողովրդական, իհարկե՝ ունկնդիրը հուզվում է: Բայց չպիտի մոռանալ նաեւ նրա կատարողական բարձր վարպետության մասին»:
Շարունակելով Ա. Մարտիրոսյանին՝ Եվան էլ ասաց. «Զարմանալի ոչինչ չկա, երբ գործի մեջ պրոֆեսիոնալներն են ընդգրկված. Արմեն Մարտիրոսյանը՝ իր գործի վարպետն է,  Մուրզիկը՝ իր ոլորտի: Մենք սովոր ենք ցանկացած նախագիծ սկսելիս միայն լավագույն մասնագետներին ներառել»: Նա չցանկացավ մեկնաբանել «Տաշիրի» սեփականատերերի աջակցությունն ու հովանավորությունը իրեն:
Արմեն Մարտիրոսյանին հարցրինք՝ պարտադի՞ր է տխուր բառերով երգ «դուրս տանելը»: Նա ասաց, որ Կավալերյանի գրած բառերն իրեն դուր են գալիս. «Այս երգը Եվա Ռիվասի կյանքի պատմությունն է: Ի դեպ, այսօր  եթերում անակնկալ մատուցեցինք Եվային՝ ցուցադրվեցին կադրեր, որտեղ նա մանուկ հասակում երգում է Ռոստովի «Արեւիկ» համույթում՝ Արամեի հետ: Միայն տեսնեիք, թե այդ աղջիկը տարիներ առաջ  ինչպես է  հայերեն երգում՝ չտիրապետելով լեզվին: Փաստորեն, նա իր մեջ տեսնում էր «ծիրանի կորիզը», իրեն մնում էր մարմնավորել այն: Ինձ համար սա ավելի խորը փիլիսոփայական իմաստ ունի՝ մեր միգրացիային ու ողջ Սփյուռքին է վերաբերում… Մեզ նման շատ ազգեր կան, միակը չենք այդ առումով… «Եվրատեսիլում»  հենց այդպիսի  ազգերը կհասկանան մեզ ու կքվեարկեն մեր օգտին»: Կոմպոզիտորը, խոսելով մյուս մասնակիցների մասին, ասաց. «Ես դժվար կացության մեջ եմ հայտնվել, բոլորը իմ սիրելի երգիչներն են՝ ինչպես Ռազմիկ Ամյանը, Էմմին, որը մի մշակութային  օջախի դուստր է… «Եվրատեսիլը» քաղաքականություն չէ, տոն է մեզ համար, այնտեղ կհաղթի նա, ում շատ ձայն կտան sms-քվեարկությամբ»:
 Եվա Ռիվասն էլ, պատասխանելով շրջանառվող այն կարծիքին, որ «Եվրատեսիլի» բեմը պոդիում չէ, որ անպայման բարձրահասակ երգչուհի մասնակցի, ժպտալով ասաց. «Իսկ ինչո՞ւ է մարդկանց անհանգստացնում իմ հասակը, դա նույնն է, որ ինձ քննադատեն վարդագույն շուրթերիս ու սեւ մազերիս համար… Ինչ վերաբերում է մրցակցությանը, բոլոր 9 մասնակիցներն էլ հրաշալի են երգում, ու ձայներն էլ գեղեցիկ են: Այս պահին դժվարանում եմ որեւէ մեկին առանձնացնել, որովհետեւ բեմի վրա կարող է մեկը անսպասելի տապալվել եւ նույնքան անսպասելի էլ մեկ ուրիշը հաղթել: Դրա համար որեւէ  մեկին չեմ կարող իմ մրցակիցը համարել»:
Հնարավո՞ր է  անձնական երջանկությունը ստորադասվի երգչական կարիերային: «Այս պահին  կասեմ՝ այո, իհարկե: Առաջին տեղում ինձ համար բեմն է, այն իմ սերն է, կյանքը, երջանկությունը, արցունքները: Միայն բեմի վրա եմ զգում հույզերի ողջ ծիածանը: Դեռ շատ երիտասարդ եմ ընտանիքի մասին մտածելու համար: Իհարկե,  իմ մեջ  զգում եմ մայրական բնազդը, շատ կարեւորում եմ ընտանեկան արժեքները, բայց  գտնում եմ, որ եթե ժամանակից շուտ ընտանիք կազմեմ, շատ կարեւոր բաներ կկորցնեմ…»,- պատասխանեց երգչուհին:
Ո՞րն է տղամարդու իր իդեալը: «Տղամարդու իդեալ չունեմ, երբ մարդու հետ ծանոթանում եմ, առաջին հերթին նրա էներգետիկան եմ ընկալում: Արտաքինը նշանակություն չունի, եւ հետո մարդուն կարող ես հասկանալ նույնիսկ առանց խոսքի, քիմիա է»,- հավելում է մեր զրուցակիցը: Նա իրեն պատկերացնում է նաեւ կինոյում եւ չի բացառում կինոդերասանուհու կարիերան նույնպես:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել