Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԱՏԱՐԸ ՅԱՆՈՒԿՈՎԻՉՆ Է

Փետրվար 09,2010 00:00

\"\"Ուկրաինական ընդդիմության առաջնորդ, «Ռեգիոնների կուսակցության» ղեկավար Վիկտոր Յանուկովիչը իրեն հայտարարել է փետրվարի 7-ին Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների հաղթող, ինչը, ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, հաստատել է նաեւ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցած երկու թեկնածուների՝ Վիկտոր Յանուկովիչի եւ վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ստացած քվեների միջեւ առկա տարբերությունն աննշան է, բայց, ԿԸՀ-ի տվյալներով՝ այն կարող է ավելանալ հօգուտ Յանուկովիչի: Տիմոշենկոն ոչ միայն չի պատրաստվում առանց մարտի հանձնվել, այլեւ պատրաստվում է ընտրությունների արդյունքը վիճարկել դատական կարգով: BBC-ի տեղեկություններով՝ հաշվարկվել է քվեաթերթիկների 97,12%-ը, եւ նախնական տվյալներով Յանուկովիչը ստացել է ընտրողների ձայների 48,41%-ը, իսկ Տիմոշենկոն՝ 45,99%-ը: Ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցողների 69,07%-ը:
«Reuters»-ի մատուցմամբ՝ դիտորդները կանխատեսում են, որ Տիմոշենկոն հայցադիմումներ կներկայացնի դատական ատյաններ, ինչը կարող է ձգձգել Յանուկովիչի երդմնակալության արարողությունը: Միաժամանակ, Տիմոշենկոյի կողմից զանգվածային բողոքի ալիք բարձրացնելու հնարավորությունը վերլուծաբանները խիստ ցածր են գնահատում, առավել եւս, որ միջազգային դիտորդները տեղի ունեցած ընտրություններն արդեն գնահատել են որպես ազնիվ, դրանք համարելով «նարնջագույն հեղափոխության» գլխավոր ձեռքբերումը:
Արեւմտյան վերլուծաբանների մի մասը Յանուկովիչի արդեն խիստ հավանական հաղթանակը համարում են որպես Ուկրաինայի կորուստ, այլք այն կարծիքին են, որ Ուկրաինայի ինտեգրումը ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին՝ անշրջելի է, եւ Յանուկովիչն էլ իր քաղաքականությունը կառուցելու է հենց այդ ուղղությամբ: Ռուս քաղաքական գործիչ Գլեբ Պավլովսկին «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ «Տիմոշենկոյին տրված ձայները ոչ այնքան նրա օգտին, որքան Յանուկովիչին դեմ տրված քվեներ են, ինչը նշանակում է, որ երկրի գրեթե կեսը Յանուկովիչի քաղաքական ընդդիմախոսն է: Ուստի՝ Յանուկովիչի գլխավոր խնդիրը լինելու է ընտրողների այս հատվածի հետ փոխզիջումներ գտնելը, իսկ դա նշանակում է, որ անխուսափելի է նաեւ Տիմոշենկոյի հետ լեզու գտնելու հեռանկարը»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել