Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաստանը հետ չմնաց ուրիշ երկրներից»

Փետրվար 09,2010 00:00

Հայկական աստղագիտության միավորման համանախագահ Արեգ Միքայելյանի կարծիքով, 2009-ը
աստղագիտության համար լավ տարի էր:

«Առավոտը» նախորդ ողջ տարվա ընթացքում բազմիցս անդրադարձել է 2009-ին ողջ աշխարհում նշվող Աստղագիտության միջազգային տարվա (ԱՄՏ) կապակցությամբ Հայաստանում անցկացվող միջոցառումներին: Մեր խնդրանքով Հայկական աստղագիտության միավորման համանախագահ Արեգ Միքայելյանն ամփոփեց ԱՄՏ արդյունքները:
Պարոն Միքայելյանի խոսքերով՝ թեեւ նախորդ տարիներին էլ աստղագիտությունը զարգացնելու նպատակով միջոցառումներ լինում էին, բայց 2009-ին դրանց թիվը անհամեմատելի էր, եւ դրան նպաստեց հատկապես այն, որ տարին անցնում էր «Հանրամատչելի աստղագիտություն» նշանաբանով. «Աստղագիտության միջազգային տարին ավելի շատ ուղղված էր հենց հանրամատչելի կողմն ուժեղացնելուն: Մեր երկրում, ի տարբերություն պրոֆեսիոնալ աստղագիտության, չկա հանրամատչելի, սիրողական աստղագիտություն, մինչդեռ սիրողական աստղագիտությունը կարող է լուրջ զարգացման խթան հանդիսանալ պրոֆեսիոնալ աստղագիտության ոլորտում»: Պարոն Միքայելյանը, թվարկելով նախորդ տարվա ընթացքում իրենց արածն ու չարածը, նախ ընդգծեց. «Ես շատ գոհ եմ, որովհետեւ փոքր ուժերով եւ չունենալով պետական ֆինանսավորում, մենք կարողացանք ամենաքիչը հետ չմնալ մյուս երկրներից, իսկ մյուս երկրներում կառավարությունները հատուկ ֆինանսավորում էին աստղագիտության տարին անցկացնելու համար, ստեղծվել էին նաեւ տարվա հատուկ հանձնաժողովներ, եւ շատ երկրներում հանձնաժողովները գլխավորում էին հենց երկրի ղեկավարները: Մենք էլ, չնայած հենց տարվա սկզբից դիմեցինք կառավարությանը, բայց մեզ չհաջողվեց ձեռքբերում արձանագրել, եւ ինչ-ինչ պատճառներով պետական ֆինանսավորում չստացանք»:
Միջոցառումներով հագեցած տարվա ընթացքում պարոն Միքայելյանի համար չափազանց օգտակար էին հատկապես անվանի աստղագետների հանդիպումները հայ հասարակության հետ: Նրա պատմելով՝ հանդիպումները ոչ միայն գիտական ոլորտի, այլեւ արվեստի գործիչների հետ են կազմակերպվել. «Ստեղծագործական միությունների, նկարիչների հետ բազմաթիվ հանդիպումներ եղան, հրավիրեցինք Ռոբերտ Ամիրխանյանին, ով Բյուրականում մեծ համերգ տվեց, հրավիրել էինք գիտության մյուս ճյուղերի ներկայացուցիչների՝ պատմաբանների, բնագետների, կենսաբանների, եւ քննարկեցինք գիտությունների սահմանագծին գտնվող տարբեր հարցեր եւ համագործակցության հնարավորություններ նախատեսեցինք»: Աստղագիտության միջազգային տարվա ընթացքում Հայաստան են ժամանել նաեւ մի շարք արտասահմանցի աստղագետներ, հայ աստղագետներն էլ հնարավորություն են ունեցել արտերկրում գիտաժողովների ու քննարկումների մասնակցել:
Պարոն Միքայելյանի խոսքերով՝ ցավոք, ֆինանսական միջոցների սղության պատճառով ձախողեցին մի շարք նախագծերում, օրինակ, այդպես էլ չստեղծվեց հայերեն՝ «Պատուհան դեպի տիեզերք» հանրամատչելի աստղագիտական պորտալը՝ հարուստ գրականությամբ, նկարներով ու նույնիսկ մասնագիտական խաղերով նախաձեռնությունը: Սակայն, ինչպես նշեց աստղագետը՝ պորտալին մասամբ փորձում են փոխարինել Աստղագիտական ընկերության եւ Բյուրականի աստղադիտարանի կայքէջերը՝ www. bao.am եւ www. aras.am: Չիրականացվեցին եւս մի քանի նախաձեռնություններ՝ հայերեն չտպագրվեց երկնքի քարտեզը, աստղագիտական բառարանը, հայ աստղագիտության հանրագիտարանը: Իսկ փոքր չափերի սիրողական դիտակների արտադրության նախագծի փոխարեն՝ Հայկական աստղագիտության միավորման նախաձեռնությամբ ԱՄՆ-ից 100 հատ սիրողական դիտակներ ու ֆիլմեր բերվեցին ու հանձնվեցին շահագրգիռ կազմակերպություններին, ոլորտի մասնագետներին: Պարոն Միքայելյանն ասաց նաեւ, որ Աստղագիտության միջազգային տարին արդյունավետ է անցել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ արտերկրում, ինչի առիթով այս տարի Միջազգային աստղագիտական միությունը (ՄԱՄ) նոր ծրագիր է հայտարարել՝ «Միջազգային աստղագիտական տարվանից այն կողմ կամ հետո»:
«Ծրագրի շրջանակներում ՄԱՄ-ը հայտարարել է ամբողջ աշխարհում աստղագիտության զարգացման գլոբալ ծրագիր, որով նախատեսվում է աշխարհը պայմանականորեն բաժանել 8 տարածաշրջանի. Հայաստանը Միջին Արեւելքի տարածաշրջանում է ընդգրկված: ՄԱՄ-ը պատրաստվում է յուրաքանչյուր տարածաշրջանում հիմնել աստղագիտական կենտրոն, որը կստանձնի տվյալ տարածաշրջանի աստղագիտության զարգացման ծրագիրը: Մենք էլ պատրաստվում ենք հայտ ներկայացնել՝ Բյուրականի աստղադիտարանը որպես այդպիսին ճանաչելու համար»,- ասաց Ա. Միքայելյանը: Նրա խոսքով՝ ՄԱՄ-ը կենտրոնի ընտրության հարցում հաշվի է առնելու տվյալ երկրի ներդրումների հնարավորությունների սահմանը, եւ հենց այս հարցում է, որ Հայաստանը գուցե խնդիրներ ունենա. «Եթե մեր աստղադիտարանն ընտրվի տարածաշրջանի կենտրոն, մեր հեղինակությունը կտրուկ կբարձրանա տարածաշրջանում, եւ մեզ համար շատ անպատվաբեր կլինի, եթե, օրինակ, տարածաշրջանի կենտրոն ընտրվի արաբական որեւէ երկրի աստղադիտարան»:
Այս տարվա միջոցառումների շրջանակում, արդեն ՄԱՄ-ի հովանավորությամբ, աշնանը Բյուրարականի աստղադիտարանում նախատեսվում է ամառային դպրոցի կազմակերպումը, որին կմասնակցեն 10 արտասահմանցի դասախոսներ եւ 30 մասնակից էլ կմիանա 10 հայ մասնակիցներին: Աշնանը նախատեսվում է նաեւ գիտաժողով՝ նվիրված պատմաաստղագիտական հարցերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել