Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՃԱԿԱՏՈՎ ՊԱՏ ՔԱՆԴՈՂՆԵՐԸ

Փետրվար 09,2010 00:00

\"\"ԱՄՆ-ում ուսանած հայաստանյան կադրերը իրենց միությունը ստեղծեցին

Շաբաթ օրը «Կոնգրես» հյուրանոցում հավաքվել էին մի խումբ մարդիկ, որոնց միավորում էր ԱՄՆ-ի տարբեր կրթական հաստատություններում մասնագիտական կրթություն ստանալը կամ մասնագիտական հմտությունների կատարելագործումը:  ԱՄՆ-ում կրթություն ստացած անձինք որոշել են հիմնել իրենց միությունը, որը կկոչվի «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիա» հ/կ: Հիմնելով հ/կ-ն՝ նրանք միաժամանակ ընդունեցին իրենց նորաստեղծ կազմակերպության կանոնադրությունը, կատարեցին ղեկավար մարմնի՝ խորհրդի ընտրություններ: Իր ելույթում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Թոմաս Միթնախթը նկատեց. «Առաջին ժողովը պետք է լիներ դեռ դեկտեմբերին, սակայն ընթանում էր գործընթաց՝ մեր կատարած գործունեությունը ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է խորհրդի ընտրություններին, ապա դրանք անպայման պիտի դեմոկրատական լինեն»: Դեմոկրատական ընտրությունների ապահովման համար կազմակերպության անդամները «մինի» քննարկման միջոցով փորձեցին ամբողջական տեսքի բերել իրենց կազմակերպության կանոնադրությունը:
«Լիգլ ըլայընս» իրավաբանական ընկերության նախագահ, պետքարտուղարության ծրագրերի շրջանավարտ Կարեն Զադոյանը, ներկայացնելով նորաթուխ կանոնադրությունը, նշեց. «Ի տարբերություն հայկական մյուս հ/կ-ների, որոնք կազմակերպության ղեկավարումը պատկերացնում են միանձնյա կարգով, մեր պարագայում ղեկավար մարմինը լինելու է խորհուրդը, որը կընտրվի 1 տարի ժամկետով: Իսկ 6 ամիսը մեկ անգամ կընտրվի խոսնակ, որը կարող է կառավարել ընդամենը մեկ անգամ: Ասոցիացիան նախագահ չի ունենալու, խորհրդի անդամները չեն վարձատրվելու: Կազմակերպությունն ունենալու է գործադիր տնօրեն, որը վճարովի հիմունքներով կկատարի այդ պաշտոնին հատուկ պարտականություններ»:
Զարմանալի էր, բայց կազմակերպության խորհրդի անդամ ընտրվելու համար իր թեկնածությունն էր ներկայացրել 52 անձ, որոնցից ոչ մեկն, այսպես ասած, պարապ մարդիկ չէր. նրանց մի մասը զբաղեցնում է լուրջ պաշտոններ, ունի սեփական բիզնեսը, ներգրավված է հասարակական գործունեության, լրագրության մեջ: Ուստի հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ են նրանք ձգտում դառնալ խորհրդի անդամ, ինչը, գոնե առաջին հայացքից, որեւէ շահ չի հետապնդում: Պարզվեց, որ նրանց նպատակը մեկն է՝ ինչ-որ բան փոխել երկրում, ինչի համար խորհուրդը կարող է հարմար կառույց ծառայել:
Ոչ միայն նորաստեղծ կազմակերպության անելիքների, այլեւ ընդհանրապես ԱՄՆ-ից գիտելիքներով ու փորձով «զինված» վերադառնալուց հետո առաջացած դժվարությունների մասին զրուցեցինք ասոցիացիայի մի քանի անդամների հետ: «Միջազգային այցելուներ» ծրագրի շրջանավարտ, «Լիգլ ըլայընս» իրավաբանական ընկերության փաստաբան Դավիթ Աբգարյանը նկատեց. «Խնդիրները բոլորինն են: Եթե մարդ ակտիվ ներգրավված է ինչ-որ գործնական ոլորտում, նա անպայման բախվում է երկրում առկա գլոբալ խնդիրներին: Դրանցից ամենակարեւորներից է կոռուպցիան, որին ամեն քայլափոխի բախվում ենք: Իսկ որպես յուրահատկություն՝ ԱՄՆ-ում կրթություն ստացած մարդիկ չեն հանդուրժում դա, եւ փորձում են ամեն ինչ լուծել այնպես, ինչպես օրենքով է սահմանված: Շատերն են կուլ գնում այդ համակարգին, փորձում հաշտվել, բայց մենք, պատկերավոր ասած, փորձում ենք ճակատով պատ քանդել»:
Զրուցելով ԱՄՆ-ում կրթված անձանց հետ՝ տպավորություն ստացանք, որ նրանք խուսափում են աշխատել պետական ոլորտներում՝ ձգտելով մասնավոր կամ միջազգային կազմակերպությունների դաշտը: Այս մասին Դ. Աբգարյանն ասաց. «Դա բխում է պետական համակարգի նեխվածությունից, նաեւ ԱՄՆ-ում կրթված անձանց ավելի ազատ մտածելակերպից: Իսկ պետական համակարգում շատ սահմանափակումներ կան: Պետական սեկտորում դրսեւորման դաշտը փոքր է, այդ է պատճառը, որ ավելի շատ ձգտում ենք ազատ դրսեւորվել մասնավոր հատվածում»: «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի անգլերենի դասախոս, Գերազանց ուսուցման եւ նվաճումների (TEA) ծրագրի շրջանավարտ Մարինե Առաքելյանն էլ այս կապակցությամբ ասաց. «Պետական հատվածից խուսափելու խնդիր չկա, քանի որ բոլորս նպաստում ենք մեր պետության զարգացմանն ու հզորացմանը: Իսկ ասոցիացիայի ստեղծումը լավ հնարավորություն է միմյանց ճանաչելու, քանի որ շատերս իրար չէինք ճանաչում»:
«Միջազգային այցելուներ» ծրագրի շրջանավարտ, «ԱՐ» հեռուստաընկերության միջազգային լուրերի մեկնաբան Դավիթ Մուրադյանը, ով խորհրդի ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը, նկատեց. «Արտասահմանում կրթված մասնագետների նկատմամբ հատուկ խոչընդոտներ, որպես այդպիսին, չեմ կարող նշել: Դա կախված է անհատներից: Եթե տվյալ անձը կարեւորում է որակյալ արտադրանք ունենալը, ապա նա կհասկանա, որ եթե մարդը գնացել, վերապատրաստվել է, որակյալ մասնագետ դարձել, վերադարձել, ապա նրան ինչ-որ կերպ պետք է օգտագործել: Իսկ եթե այդքան բան չի հասկանում՝ իր խնդիրն է: Պետական հատվածի հետ առնչություն քիչ եմ ունեցել, բայց կարող եմ ասել, որ իրենք էլ վերապատրաստումների կարիք շատ ունեն, հատկապես մամուլի խոսնակները՝ լրատվամիջոցների հետ աշխատանքի առումով: Երբ նայում ես, թե դրսում, նույնիսկ հարեւան Վրաստանում ինչպես է դա իրականացվում, հասկանում ես, որ անելիքներ դեռ շատ ունենք»:
Երբ աչքի անցկացրինք թեկնածուների «նախընտրական» տեքստերը՝ հասկացանք ԱՄՆ-ում լինելու ազդեցությունը: Նրանց տեքստում նկատվում էր կոնկրետություն եւ բարեկամության ձգտում, իսկ թե ինչով կզբաղվի ասոցիացիան՝ դեռ մշուշոտ է, ապագայի հարց է: Խորհրդի 9 անդամներն արդեն ընտրված են, խոսնակը եւս. երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագրի (JFDP) շրջանավարտ Խաչիկ Գեւորգյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել