Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԴԱԴԱՐՈՒՄ ԵՆՔ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ԼԻՆԵԼ»

Փետրվար 09,2010 00:00

\"\"«Քաշաթաղ» հ/կ-ի նախագահ Ռոբերտ Սիմոնյանը վստահ է, որ այդպիսի հետեւանք է ունեցել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը:

«1991 թվականին մենք ունեինք ազատագրվելու, այլ ոչ՝ ինքնորոշման խնդիր, եւ պետք է ազատագրվեինք ոչ թե 29 800, այլ՝ 160 հազար + 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքով: Ինքնորոշման հարց չենք ունեցել, չունենք ու չենք էլ ունենալու»,- «Առավոտի» հետ զրույցում այս կարծիքը հայտնեց «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը: Նրա խոսքով՝ 1921 թվականին Կարսի, Մոսկվայի անօրինական պայմանագրերով ոչ իրավասու անձանց կողմից հայկական տարածքներն անեքսիայի են ենթարկվել, բռնակցվել Թուրքիային, Վրաստանին, Ադրբեջանին ու Ռուսաստանին: ՀՀ ներքին եւ արտաքին մի շարք ատյաններին դիմելով՝ Ռ. Սիմոնյանը պնդում է, որ հայերի պատմական տարածքները ե՛ւ նախկին, ե՛ւ այժմյան նախագահների՝ Լեւոն տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ եւ նրանց վարչակազմերի մասնակցությամբ ներկայացվում են որպես թուրքական եւ ադրբեջանական տարածքներ: Նա բողոքում է, որ փաստաթղթերի հիմնավորմամբ դիմելով միջազգային ատյաններին՝ ՄԱԿ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ԵԱՀԿ, Եվրախորհուրդ, ինչպես նաեւ ներպետական համակարգին՝ դատախազություն, ԱԱԾ, վճռաբեկ դատարան, ոչ մի քրգործ մինչ այժմ չի հարուցվել, մինչդեռ, ըստ Ռ. Սիմոնյանի. «Հանցագործության առիթի, հիմքերի առկայության դեպքում հետաքննության մարմինը՝ դատախազը, քննիչը պարտավոր էին քրգործ հարուցել: Որեւիցե որոշում չեմ ստացել, սա պարտակում է, պաշտոնեական դիրքի չարաշահում եւ պետության դեմ կատարված հանցագործությունների շարք»:
 Հարցրինք՝ արդյոք նման պատասխանատու եւ կարեւոր հարցերով «Քաշաթաղ» հ/կ-ն իրավասո՞ւ է զբաղվել: Պարոն Սիմոնյանն արձագանքեց. «Ինչո՞ւ որեւիցե մեկը չի ներկայացնում ու ասում՝ իրավասու չեք այդ հարցերը բարձրացնել, որպեսզի ես էլ հրաժարվեմ: Որեւէ մեկը որեւիցե բառով, փաստով չի հերքել իմ ներկայացրածը: Ես ասում եմ՝ Սերժ Սարգսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը թուրքի գործակալ են, եւ դա ապացուցում եմ: Եթե մի համակարգ չի հերքում քո ներկայացրածը, ուրեմն ընդունում է, լռությունը համաձայնության նշան է: Գյուլին ասացին՝ տատիկդ հայ է, դատի տվեց: Եթե ես որեւիցե կետով զրպարտել էի, ապա թող համապատասխան մարմինները զրպարտելու համար ինձ մեղադրանք ներկայացնեին»:
Ռոբերտ Սիմոնյանը գտնում է նաեւ, որ ՀՀ նախկին եւ այժմյան նախագահները, պաշտոնապես չընդունելով Հայոց ցեղասպանությունը, դրանով մերժում են եղեռնի փաստը: «88 թվականին որոշում կայացվեց ցեղասպանությունը դատապարտելու մասին, սակայն հետո այն օրենքի ուժ չստացավ: Ադրբեջանը ո՞նց է ընդունել Խոջալուի դեպքերը՝ որպես ցեղասպանություն, Ադրբեջանի ղեկավարությունը հիմա՞ր է: Ցանկացած պետություն, եթե ընդունում է ցեղասպանության փաստը, նոր դառնում է պահանջատեր: Այսօր ապրիլի 24-ը չի նշվում որպես դատապարտող հանցագործություն, իսկ զգացմունքային պոռթկումները ոչինչ չարժեն»:
Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին եւ սահմանը բացելուն՝ Ռոբերտ Սիմոնյանը զարմանում է. «Ո՞ւմ սահմանը պետք է բացել, եթե այդ սահմանները մերն են: Դրանք արձանագրություններ չեն, այլ Ղարսի, Մոսկվայի պայմանագիրն է, որով հայկական տարածքների նկատմամբ դադարում ենք պահանջատեր լինելուց եւ մերժում ցեղասպանությունը: Դեռ 92 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանն էր սա ստորագրել՝ ամրագրելով, որ պահանջատեր չենք ո՛չ Թուրքիայից, ո՛չ Ադրբեջանից, ո՛չ Վրաստանից, 99-ին էլ Քոչարյանը ստորագրեց ստամբուլյան խարտիայում»: Ներկայիս բոլոր կուսակցություններին պարոն Սիմոնյանը համարում է ազգային դավաճաններ, քանի որ, ըստ նրա, այդ կուսակցությունների գլխավորությամբ ու հանցակցությամբ են մատուցվում վերջին արձանագրությունները: «Որոշներն էլ կապիկություններ են անում, թե՝ տեսեք, ժողովուրդ, մենք ընդդիմադիր ենք: Սա ռեժիմ է, որը բռնազավթել է ՀՀ իշխանությունը: Ոչ օրինական նախագահի պարագայում չկա եւ չի կարող լինել ո՛չ օրինական Ազգային ժողով, ո՛չ կառավարություն, ո՛չ էլ դատարան ու Կենտրոնական ընտրական հանձնաժողով»,- մեկնաբանում է «Քաշաթաղի» նախագահը: Ի դեպ, պարոն Սիմոնյանը Հայաստան երկրի մասին խոսելիս անընդհատ «Քո Հայաստանը» կամ «Հայաստանդ» անվանումներն էր արտաբերում, եւ տպավորություն էր, թե խոսում է ոչ թե իր հարազատ, այլ մի երրորդ պետության մասին:
Ինչ վերաբերում է «կեղտոտ սպիտակեղենը» ի լուր աշխարհի ներկայացնելուն, ապա այստեղ մեր զրուցակցի տեսակետը հետեւյալն է. «Ինչո՞ւ եք դուք ձեր սպիտակեղենը կեղտոտում, որ ես էլ ձեր կեղտոտված սպիտակեղենը ներկայացնեմ դրսին: Դուք բարձր, եվրոպական արժեքներին չե՞ք հետեւում, ինչի՞ եք դարձել ՄԱԿ-ի, Եվրախորհրդի անդամ պետություն»: Նա գտնում է նաեւ, որ այսօր ժողովրդի հավատը կոտրվել է. «Ժամանակն է ժողովրդին հասկացնել, թե ով՝ ով է, սա էլ ես պիտի չանեի, այլ ձեր լրատվամիջոցները: Իսկ ցանկացած լրատվամիջոց իրականացնում է որոշակի անձերի պատվերը: Իրականացվում է ժողովրդի էությունը գաղափարապես ոչնչացնելու, կոտրելու ծրագիր, որով էլ համախմբելով մե՛կ Լեւոնի, մե՛կ Սերժիկի, մե՛կ Գարսեւանի հետեւից, «ազգային պապա» ձեւակերպումն են տալիս նրանց»: Ռոբերտ Սիմոնյանը կարծում է. «Այսօր էլ շարունակական ցեղասպանություն է իրականացվում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կողմից, որի հիմքն է հանդիսանում «Հայաստանն առանց հայերի» ծրագիրը»: Պարոն Սիմոնյանը նաեւ ավելացրեց. «20 տարի լսե՞լ էիք, որ նախագահը գնա Սփյուռք, հայերը, բացի աղ ու հացից, նեխած ձվերով եւ հայհոյանքներով դիմավորեին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել