Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խնդիրը լուծում ստացավ

Փետրվար 09,2010 00:00

Բայց քանի՞ խորանարդ մետր ջրի կորստով

2005 թվականից այսկողմ «Լոռի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ում երկու տնօրեն է փոխվել։ Նորանշանակ Արայիկ Ղուկասյանը երրորդն է։ Բայց տնօրենների գալն ու գնալը որեւէ փոփոխություն չմտցրեց 2005 թվականից Վանաձորի Կամոյի փողոցի 9-րդ նրբանցքի՝ «Գլորիա» կարի ֆաբրիկային հարակից տարածքում վթարված ջրի խողովակի վերանորոգման հարցում։ Արդեն հինգ տարի օրումեջ, երբ «ջրի օր» էր լինում, Կամոյի փողոցում մի հորդ առու էր գոյանում եւ 100 մ ներքեւ հոսելով՝ թափվում սելավատարի մեջ։ Փողոցի բանուկ այդ հատվածով այդ նույն պահերին մարդիկ ու մեքենաներ են երթեւեկում։ Իսկ ձմեռները «առուն» սառչում է եւ վերածվում սահադաշտի։
Բնակիչների՝ թե՛ բանավոր, թե՛ գրավոր բոլոր դիմումներն անպատասխան էին թողնվում։ Ջրմուղի վթարային ծառայության աշխատակիցները միայն մի անգամ արձագանքեցին եւ խողովակի վրա բացված անցքին մի փայտե սեպ խփելով՝ խնդիրը փակված համարեցին։ Բայց կարճ ժամանակ անց փայտը քայքայվեց եւ ամեն ինչ «դարձ ի շրջանս յուր»:
Մի անգամ էլ «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրինությունն իր սեփական միջոցներով փորձեց վերացնել վթարը եւ ասֆալտապատեց նշված տարածքը։ Բայց ասֆալտն էլ երկար չդիմացավ ջրի ազդեցությանը՝ քայքայվեց։ Բնակիչներին ջրմուղից պատասխանում էին, թե վթարներն այնքան շատ են, որ իրենք չեն հասցնում բոլորին արձագանքել։ Իսկ բնակիչներին մնում էր ապավինել սեփական ուժերին ու խորացնել ջրի հունը, որպեսզի առուն չտարածվի-չլայնանա:
Երբ «Օրհուս» բնապահպանական-տեղեկատվական կենտրոնի կամավոր Նարինե Մխիթարյանը, տեղեկանալով ջրմուղի նոր տնօրենի նշանակման մասին, նրան ներկայացրեց մի քանի տարվա վաղեմության խնդիրը, վերջինս մի շատ հասարակ ու «էն գլխից» տեսանելի լուծում հղացավ։ Պարզվեց՝ բավական էր միայն զոդել խողովակի անցքը։ Այսկերպ վթարը հիմնովին վերացվեց, եւ վերջ։ Զարմանալի չէ, որ ջրմուղի աշխատակիցները նոր տնօրենի հարցադրումներին պատասխանում էին, թե իրենց մոտ այս խնդրի վերաբերյալ դիմումներ չկան։ Նրանք, փաստորեն, նույնիսկ պատկերացում չունեին, թե այդ ինչ ջուր է, որտեղից է հոսում։ Եվ կասկած հայտնեցին, թե հավանաբար այն մշտապես հոսող առու է։ Ջրաչափեր են տեղադրվում, որպեսզի ոչ մի կաթիլ ջուր չկորսվի: Իսկ ի՞նչ պատասխան ունեն պատկան մարմիններն այս դեպքում, երբ խմելու ջուրը տարիներով անխնա հոսում էր։ Նրանք անտարբե՞ր էին, թե՞ թերանում էին իրենց պարտականությունների կատարման մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել