Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լոռեցի մանկավարժների խնդիրները

Փետրվար 09,2010 00:00

Քիչ կարդալուց ու հանցագործություններից՝ մինչեւ «թայֆայականություն» եւ ծանոթ-բարեկամ

ՀՀ-ում հանցագործությունների կանխարգելման 2008-2012 թթ. պետական ծրագրի մասին առաջարկներ լսելու եւ 2009 թվականին Վանաձորի հանրակրթական դպրոցների միջեւ անցկացված ասմունքի ամենամյա համայնքային փառատոնի արդյունքներն ամփոփելու նպատակով փետրվարի 5-ին Վանաձորի քաղաքապետարան էին հրավիրվել տեղի դպրոցների փոխտնօրենները: Հանդիպմանը ներկա ոստիկանության Վանաձորի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Ռուդիկ Վարոսյանն ասաց. «Վերջին տարիներին կտրուկ աճել է հանցագործությունների ընդհանուր թիվը, հետեւաբար եւ անչափահասների կատարմամբ հանցագործությունները: Մեզ մտահոգում է նաեւ, որ հենց մեր քաղաքում կատարվում է դանակահարություն»: Ոստիկանության ներկայացուցիչը կարեւորեց ԿԳ նախարարի եւ ոստիկանապետի՝ 2009 թ. ստորագրած հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ համատեղ աշխատանքի վերաբերյալ պայմանագիրը: Քաղաքի դպրոցներից մեկի փոխտնօրենի կարծիքով էլ՝ անչափահասների շրջանում հանցագործությունների աճող թիվը պայմանավորված է «երեխաների քիչ կարդալով»: Հավաքում կարեւորվեց դպրոցներում ոստիկանի պարտադիր ներկայությունը, իսկ ոստիկան Ռուդիկ Վարոսյանը հայտնեց, որ երեւանյան մի քանի դպրոցներում փորձնական ներդրվել է այս ինստիտուտը: Հաջողության դեպքում ոստիկան կունենան նաեւ մարզերի դպրոցները: Վանաձորի թիվ 2 դպրոցի փոխտնօրեն Գայանե Ղարագյոզյանը համոզված է. «Չի գործում աշակերտ-դպրոց-ծնող եռանկյունին. ծնողը հետ է կանգնել դպրոցից: Ծնողների մեջ կան այնպիսիները, որ գրագետ չեն, երբ կանչում ենք դպրոց, աշխատում ենք շուտ «ազատվել», համոզվում ենք, որ երեխայի հետ ավելի շուտ լեզու կգտնենք, քան ծնողի»: Փոխտնօրեններից ոմանք բացահայտ դժգոհ էին նաեւ ավագ դպրոցների համակարգից: «Գլխատում են քո աճեցրած աշակերտին. նոր միջավայրում նա դժվարությամբ է հարմարվում. հոգեբանորեն էլ հեշտ չէ. մի դպրոցից մյուսը՝ աղջկա համար կռիվ են գնում»,- վրդովվեց մի փոխտնօրեն:
Հեռուստաեթերն էլ չի գոհացնում մեր մանկավարժներին. դժգոհում են նաեւ, որ հատկապես փոքր դպրոցներում արտադասարանական խմբակներ պահելու միջոցներ չկան, եւ աշակերտները, այլընտրանք չունենալով, «հեռուստաեթերից են դաստիարակվում»: Կամ «դասագրքերը վերահրատարակելիս մեզ կանչում են, հասարակական քննարկումներ կազմակերպում, բայց հետո վերահրատարակում են՝ առանց մեր դիտողություններն ու առաջարկները հաշվի առնելու: Գրականության դասագրքերից դուրս են մնացել մեր դասականները՝ Նար-Դոս, Ստեփան Զորյան եւ այլք»:
Իսկ ասմունքի փառատոնի հիմնադիր-կազմակերպիչ Լեռնուհի Գեւորգյանը գոհ չէր այս տարվա փառատոնից: Ըստ նրա, թեեւ փառատոնի միջոցով հայտնաբերվել են ծնողազուրկ երեխաներ՝ թիվ 13 եւ այլ դպրոցներից, սակայն առկա էր «թայֆայականություն»: «Ուսուցչի երեխաներ շատ կան, ծանոթ-բարեկամներ՝ նույնպես. երեխա կա՝ ծրագրային ընդամենը մեկ գործ գիտի: Մինչդեռ մենք անընդհատ զգուշացնում ենք, որ ընդգրկեք նաեւ ծնողազուրկ երեխաներին, սակայն այս առումով դեռ բացեր շատ կան: Փառատոնի առաջնային խնդիրը հենց այդպիսի երեխաներին հայտնաբերելն է»:
Շատ են մանկավարժներին մտահոգող խնդիրները, բայց սայլը տեղից չի շարժվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել