Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԱՎԱՌՈՒՄ ՀՈՒՅՍԸ ՄԵՌՆՈ՞ՒՄ Է

Փետրվար 09,2010 00:00

\"\"Գաղտնիք չէ, որ Գեղարքունիքը Հայաստանի ամենահոգսառատ ու ամենավատ վիճակում գտնվող մարզն է: Հատկապես Վարդենիսի տարածաշրջանը: Բայց, պարզվում է, մարզկենտրոնն էլ լավ օրի չէ:

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում տեղացած առատ ձյունը լուրջ դժվարությունների առաջ է կանգնեցրել գավառցի-քյավառցիներին եւ քաղաքի հյուրերին: Անանցանելի ու սայթաքուն են ոչ միայն քաղաքի փողոցները, ինչի պատճառով մեքենաները երթեւեկում են չափազանց զգույշ, այլեւ՝ մայթերը: Ձյան 50 սմ-անոց ծածկույթի պատճառով դանդաղաշարժ \"\"դարձած ու անտեղի ժամանակ կորցնող մարդկանց հետ զրույցից իմացանք, որ տեղի իշխանություններն այնքան էլ բարեխղճորեն չեն կատարում իրենց պարտականությունները, տվյալ դեպքում՝ գլուխ են պահում փողոցների մաքրման գործում, ինչի հետեւանքով տնից դուրս գալը խնդիրներ է առաջացնում:
Մեկ տարի առաջ համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնած, ՄԱԿ կուսակցության անդամ քաղաքապետին տեսնել չկարողացանք: Մեզ հետ հանդիպելու պատրաստակամություն հայտնեց փոխքաղաքապետ Գրիգոր Ղոշյանը: Զարմացավ՝ լսելով իր համաքաղաքացիների՝ մեր միջոցով փոխանցած դժգոհությունն այն մասին, որ քաղաքի փողոցները ձյունից չեն մաքրում: «Ո՞նց կարող էին նման բան ասել, երբ երկու օր առաջ ենք մաքրել»,- ասաց: Զարմանալու հերթը մերն \"\"էր, որովհետեւ այն, ինչը տեսանելի է անզեն աչքով, ծիծաղելի է դարձնում ցանկացած հերքում: Ըստ փոխքաղաքապետի, սակայն, անընդհատ տեղացող ձյունը թույլ չի տալիս, որ մաքրածը երեւա. ի հավելումն՝ օդերեւութաբաններն ասել են, որ տեղումները շարունակվելու են: Դե, իրենք էլ առանձնապես չեն շտապում ամեն տեղումից հետո գումար ծախսել՝ փողոց մաքրել: Սպասում են մի լավ «դնի», միանգամից մաքրեն-վերջացնեն: «Բացի դա՝ տեխնիկա էլ չունենք: Ճանշինի հետ ենք համագործակցում. գումարի դիմաց նրանց տեխնիկան ենք վերցնում»,- տեղեկացրեց փոխքաղաքապետը:
Գրիգոր Ղոշյանի փոխանցմամբ՝ քաղաքի նախկին իշխանություններից, որպես ժառանգություն, պարտքերից բացի ոչինչ չեն ստացել: Համայնքի ղեկը ստանձնել են աշխատավարձի 40 միլիոն դրամ պարտքը շալակած, որն աստիճանաբար մարել են: Նույնիսկ քաղաքի աղբահանությունն իրականացնելու համար մեքենաներ չեն ունեցել: Ըստ գործող փոխքաղաքապետի՝ նախկինները մեքենա են վարձակալել եւ ընդամենը ամիսը մեկ անգամ շրջել, հավաքել են կուտակված աղբը:
Նորերը նոր-նոր են սկսել գույք ձեռք բերել՝ քաղաքի մաքրման ու բարեկարգման աշխատանքներն ըստ արժանվույն կատարելու համար: «Սանմաքրում եւ բարեկարգում» ՊՈԱԿ են ստեղծել եւ երեք աղբահավաք մեքենա ու գերմանական արտադրության 400 աղբարկղ գնել: «Նոր թափով մաքրելու-բարեկարգելու ենք քաղաքը: Ջրցան ու մաքրող մեքենա էլ ենք ձեռք բերելու, որը միաժամանակ մաքրելու եւ լվանալու է փողոցները»,- հավաստիացրեց Գրիգոր Ղոշյանը:
Փոխքաղաքապետը ասաց նաեւ, որ փողոցներն ասֆալտապատել են, իսկ գիշերային լուսավորությունը՝ ապահովել:
Շուրջ 20 000 բնակիչ ունեցող համայնքի բյուջեն այնքան համեստ է, որքան քաղաքը՝ աղքատ: Անաշխատանք բնակիչներից հարկեր գանձելը, ըստ Գրիգոր Ղոշյանի, շատ դժվար է: «Հողերից հրաժարվում են: Մարդիկ լուրջ դժվարություններ ունեն հողի մշակման հետ: Ամեն ինչ այնքան թանկ է, որ հողից ստացած վնասը օգուտից շատ է: Դեռ բնության անակնկալները չեմ ասում, որոնցից հողագործն ապահովագրված չէ: Դրա համար էլ ինքնակամ բերում, հողի սեփականության վկայականները ետ են տալիս: Իսկ տեղական բյուջեի մուտքերն ապահովում են հիմնականում հողի եւ գույքահարկերը: Դե, եթե մարդը հողը հանձնում է, առաջին հերթին հարվածում է բյուջեին»,- «Առավոտին» ասաց փոխքաղաքապետ Ղոշյանը, հավելելով, որ արդեն 2000 քաղաքացի վերադարձրել է հողի սեփականության վկայականը: Հողից հրաժարվելու պատճառներից մեկն էլ, ըստ զրուցակցիս, նպաստառուների ցուցակից դուրս չմնալն է:
Հասկանալով, որ այդկերպ շարունակվելու պարագայում Գավառը մարդկային ու նյութական ռեսուրսների զգալի կորուստ կունենա, քանզի սեփականությունից «հրաժարականին» հետեւում է տունուտեղը թողնել-հեռանալը, քաղաքի ղեկավարությունը քաղաքացիներին ետ պահելու ուղիներ է որոնում: Հաստատված ծրագիր դեռ չկա, ամեն ինչ դեռ քննարկվում է եւ խմորվում՝ դեռ մշուշոտ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել