Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՐԴՈՒ ՍՊԱՆՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Փետրվար 09,2010 00:00

\"\"«Ջոկերը» մենակ չի եղել

Նորքի 1-ին նրբանցքի 70 տան բնակչուհի Ռուզաննա Իգիթյանն անցյալ տարվա հունվարի 7-ին կորցրեց որդուն: Անհայտ անձինք (կամ անձը) այցելել էին 31-ամյա գերեզմանափոր Վահանին, ապա փայտով հարվածել էին նրա գլխին, կացնով՝ մեջքին, եւ գազանաբար սպանել էին նրան: Ըստ որդեկորույս մոր, սպանությունից հետո, առաջին-երկու ամիսներին, իրենց կանչել են ոստիկանության Կենտրոն-Մարաշի բաժանմունք: Ստուգվել էին Վահանի կապերի շրջանակները, նրա հետ շփված անձինք հրավիրվել էին ոստիկանություն: Ռ. Իգիթյանը նախաքննության ժամանակ ոստիկանության ուշադրությունն էր հրավիրել մի քանի հարցերի վրա, որոնք, իր կարծիքով, կարեւոր էին եւ կարող էին լույս սփռել հանցագործության բացահայտման վրա:
Նա գրավոր այդ մասին տեղեկացրել է նաեւ հանրապետության ոստիկանապետին, ոստիկանության Կենտրոն-Մարաշի պետին, փոխնախարարին, քաղաքի ոստիկանապետին:
«Ջոկեր Սամո» մականունով մեկը սպանության օրը եկել է Վահանի տուն: Վերջինիս տնից, ըստ մորը հասած լուրերի, նա դուրս է եկել օղու շիշը ձեռքին, ասելով, թե գնում է «գազանանոց»՝ պահակի մոտ:
«Ջոկերը» Վահանի տանը միայնակ չի եղել: Նա եղել է Վահագ անունով մեկի հետ: Նրանցից մեկը նախաքննության ժամանակ ասել է, որ Վահանի մոտից դուրս է եկել դռնով, մյուսն էլ՝ պատի վրայով:
Իսկ սպանվածի հայրը հաջորդ առավոտ նկատել էր, որ տղայի տան բակի դուռը ներսի փականով փակված է:
«Ջոկերը» պնդել էր, թե Վահանի մոտից դուրս է եկել ու գնացել է եղբոր գերեզմանը մաքրելու: Նկատենք, որ խոսքը գիշերվա ժամը 12-ից հետո ընկած ժամանակահատվածի մասին է: Ի դեպ, Ռուզաննա Իգիթյանը մեզ հետ զրույցի ժամանակ նշեց, որ «Ջոկերը» վերադարձել է կրկին, քանի որ «գազանանոցի» պահակին չի տեսել. նա այնտեղ չի եղել: Մոր կասկածները բերում են հենց այդ չբացված հետքի վրա…
Մեկ այլ նրբություն էլ կա այս սպանության գործում: Տիկին Ռուզաննայի պատմելով, որդու քառասունքից մի քանի օր առաջ Վահանի շանը գտնում են սատկած, կողքին՝ երկաթյա ձողեր: Առաջին հայացքից այն տպավորությունն է, թե շանը ձողերով սատկացրել են: Իրականում՝ իմիտացիա է ստեղծվել: Շան վրա առկա է եղել հրազենային երկու կրակոցի անցք: «Մի խանգարեք մեզ, մենք արդեն հետքի վրա ենք, համարյա գտել ենք, շանը թաղեք, իսկ մեզ էլ թողեք հանգիստ աշխատենք», ասել էր քննիչը որդեկորույս ծնողներին:
Շունը վտանգավոր վկա կարող էր լինել գիշերը տեղի ունեցած ոճրագործության:
Եվ կենդանի այս հետքն էլ վերացրել են…
Մոր տեղեկացմամբ, որդին մշտապես կրել է ոսկեղեն: Սպանությունից հետո ոսկեղենը չկար:
Նյութապես անապահով Ռուզաննա Իգիթյանը չունի փաստաբան, մինչ օրս չի ստացել իրավաբանական օգնություն: Նա միայն նամակներ է գրել պատկան մարմիններին, որտեղից էլ խոստացել էին բացահայտել հանցագործությունը: Նշել էին անգամ ամիսը՝ մարտ: Իսկ եթե նրանք ամիս են նշել, ապա տրամաբանությունը հուշում է, որ ոստիկանները գտնվել են տաք հետքի վրա եւ վստահ են եղել:
Սակայն այս գործը կտրուկ փոփոխություն է կրում:
Այդ տպավորությունն ես ստանում, ծանոթանալով ՀՀ գլխավոր դատախազության՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Ա. Դավթյանի՝ մորն ուղարկած պատասխանից. «Ձեռնարկված քննչական-օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում դեռեւս հնարավոր չի եղել հայտնաբերել որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձին եւ որոշում է կայացվել կասեցնել քրեական գործի վարույթը»:
«Ես բաց չեմ թողել ոչ մի «02» հաղորդում: Բայց իմ տղայի դեպքը չի ցուցադրվել, ինչո՞ւ», հարցրել է Ռ. Իգիթյանը ոստիկանապետին ուղղված նամակում:
Ինչ վերաբերել է իրեղեն ապացույցներին, քննիչը մորը ասել էր, թե փայտի վրա հետք չի մնացել, քանի որ այն ողորկ էր, հանցագործների ոտնահետքերը «ցրտից կորել են», իսկ օղու բաժակի հետքերը չեն պահպանվել, քանի որ բաժակը եղել է նախշերով…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել