Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խրիմյան Հայրիկից հետո Ջավախք չեն գնացել

Փետրվար 09,2010 00:00

Ջավախահայության հարցը հասել է մինչեւ Անթիլիաս

Կուսանանց սբ. Ստեփանոս, Բեթղեհեմի սբ. Աստվածածին, Ձորաբաշի սբ. Գեւորգ, Շամքորեցոց Կարմիր Ավետարան, Նորաշենի սբ. Աստվածածին եկեղեցիները, Սուրամի, Նախշիգորայի, Շահնապատի, Լիսի, Աղնախի, Թելավի, Վելիսցխեի եւ հայկական այլ գյուղերի եկեղեցիները, Խոջիվանքի գերեզմանատունը եւ 300-ից ավելի հայալեզու արձանագրություններ. սրանք այն հայկական պատմական կոթողներն են, որոնք Վրաստանի անկախացումից ի վեր «վերականգնման» պատրվակով վրացականացվել են: Վրաստանի՝ բարեկամության քողի տակ թաքնված հակահայկական քաղաքականության մասին բազմիցս խոսվել ու գրվել է: Ու փաստվել է, որ ԶԼՄ-ների անդրադարձները լուրջ արդյունքներ չեն տալիս Վրաստանի տարածքում հայկական հուշարձանների պղծման եւ Սամցխե-Ջավախք-Ծալկա նահանգի հայ ազգաբնակչության խնդիրների լուծման առումով, քանի որ հաճախ չի նկատվում ՀՀ քաղաքական եւ հոգեւոր իշխանությունների պատշաճ վերաբերմունքը: Թերեւս սա է պատճառը, որ ջավախահայության հիմնախնդիրների վերհանմամբ եւ լուծման ճանապարհներ գտնելու գործով զբաղվող Ազգային նոր պահպանողական շարժման (ԱՆՊՇ) կոմիտեն փետրվարի 6-ին բաց նամակ էր ուղղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին՝ Սամցխե-Ջավախք նահանգում առանձին հոգեւոր թեմ ստեղծելու խնդրանքով: Կոմիտեն խնդրում է կաթողիկոսին մեկ անգամ այցելել Ջավախք եւ տեղում տեսնել, թե ինչ իրավիճակում է իր հայրենիքում՝ Ջավախքում ապրող հայ ազգաբնակչությունը:
 ԱՆՊՇ նախագահ Էդուարդ Ափրամյանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ իրենք էլեկտրոնային փոստով պատասխան են ստացել Սփյուռքի որոշ հոգեւորականներից: Պարզվում է, Կիլիկիո կաթողիկոսարանը կիսում է ջավախահայերի մտահոգությունները: «Իմ կարծիքով՝ սա նախնական նամակ է եւ ինձ թվում է, որ մոտ ժամանակներս ավելի հստակ պատասխան կլինի, կարծում ենք, որ ջավախահայության հարցը ոչ միայն Էջմիածնի, այլեւ ողջ հայության հոգեւոր վերնախավի ուսերին պետք է դրված լինի»,- վստահ է Էդուարդ Ափրամյանը:
«Առավոտի» այն հարցին՝ թե խնդիրը ծայրաստիճան սրվել է, դրա՞ համար են դիմել Արամ Առաջինին, թե՞ կա այլ պատճառ, Էդուարդ Ափրամյանը պատասխանեց. «ՀՀ պասիվ քաղաքականությունից ելնելով՝ մեր Էջմիածինը ստիպված զգույշ եւ որոշ չափով պասիվ դիրքերից է հանդես գալիս Ջավախքի եւ ջավախահայության հիմնախնդիրների հարցում: Ուստի, ելնելով նրանից, որ Անթիլիասի կաթողիկոսարանը հայաստանյան կառույց չէ, պասիվության, զգուշավորության ազդեցության տակ չի ընկնում, ձեռքերն ազատ են հայ ազգային գործունեության շրջանակներում ավելի ակտիվ գործելու, դրա համար էլ դիմեցինք Արամ Առաջինին, որ գոնե Սփյուռքի շրջանակներում ակտիվանա հիմնախնդրի արդիականությունը: Ի վերջո, հայաստանյան բազում իշխանավորներ բազմիցս նշում են, թե Ջավախքը սփյուռք է: Եթե այդպիսին է մեր պատմական հայրենիքի մի հատվածի հանդեպ դիրքորոշումը, ապա Սփյուռքի առաքելական հոգեւորականությունն էլ պետք է աջակցի հայ ազգաբնակչությանը: Կրկնեմ, որ այս հարցի ծանրությունը չի կարելի թողնել միայն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի վրա, անշուշտ, պետք է աջակցել: Համոզված եմ, որ Էջմիածնի հոգեւոր խավը նույնպես դրական դիրքորոշում ունի նշված հիմնախնդիրների լուծման վերաբերյալ, իսկ Վեհափառին ավելի մոտ կանգնած հոգեւորականները հայտարարում են, որ այս հարցը բավականին լուրջ է, եւ ցանկություն չկա խնդիրներ ունենալ Իլյա 2-րդի հետ: Այնինչ, մենք բազմիցս մատնանշում ենք բազում փաստեր, որ այսօրվա դրությամբ Ջավաքում հայ ազգաբնակչությունը միայնակ է վրաց ուղղափառ եկեղեցու ագրեսիայի դեմ: Որոշ հոգեւորականների պատասխանը մեկն է, թե մենք չենք ուզում խնդիրներ ունենալ, քանի որ Իլյա 2-րդը բացարձակ հեղինակություն է: Նա կարող է քայլեր անել, որի դիմաց մենք կանգնել չենք կարող: Սակայն նկատենք, որ այդ քայլերն արդեն արվում են: Հայկական եկեղեցիների մասսայական բռնազավթում, ագրեսիվ գործողություններ, հոգեւոր ագրեսիա հայ ազգաբնակչության հանդեպ. վրաց հոգեւորականներն ամեն կերպ փորձում են հային Ջավախքում կոտրել ու նսեմացնել»:
Հետաքրքրվեցինք «սպիտակ եղեռն» կոչվածի վերջին զարգացումների մասին: Զրուցակիցս հայտնեց. «Հիմնականում հայաբնակ Բարալեթ գյուղ ակտիվորեն այցելում են վրաց հոգեւորականներ, հավաքում վրաց փոքրաթիվ բնակչությանը եւ ասում, թե դուք եք գյուղի տերերը, առանց ձեզ որեւէ հարց լուծվել չի կարող, մենք բոլոր հարցերում կանգնած ենք ձեր կողքին: Վերջին շրջանում այս գյուղ վրաց հոգեւորականների մուտքն էլ ավելի հաճախ է դարձել, ինչի արդյունքում տեղի վրացիներն իրենց բավականին ագրեսիվ են պահում հայերի հանդեպ: Օրինակ՝ իրենք տեսնում են, որ հանձին վրաց հոգեւորականության՝ իրենք թիկունք ունեն եւ անում են ամեն ինչ, որ հայերի հոգեւոր ինքնագիտակցությունը թուլացնեն: Նրանք հայերին հերետիկոս են անվանում, ու եթե հայ աղջիկն ամուսնանում է վրացու հետ, նա նորից է կնքվում, ստանում վրաց ուղղափառ եկեղեցու տված անուն, հետո նոր միայն՝ ամուսնանում: Տեսեք, թե իրավիճակն ինչ աստիճան է սրվել»:
Էդուարդ Ափրամյանն այս հարցերի լուծման ճանապարհներից մեկը համարում է Ջավախք նահանգում առանձին թեմ ստեղծելը. «Ղարաբաղն ու Ջավախքը ազգաբնակչության առումով գրեթե հավասարվում են, սակայն Ղարաբաղում 10-15 անգամ ավելի շատ հոգեւորական կա, քան Ջավախքում: Էլ չենք խոսում այն մասին, որ մեր Վեհափառը տասնյակ անգամ այցելում է հեռավոր հայ համայնքներ, բայց երբեւէ չի գնում Ջավախք: Հայոց կաթողիկոսներից վերջին անգամ Ջավախքում եղել է Խրիմյան Հայրիկը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել