Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԻՀԱՐԵԼՈՒ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՉԵՆ ՀԵՏԱԶՈՏՎՈՒՄ

Փետրվար 09,2010 00:00

Այնուամենայնիվ, դրանք պետք է օգտագործել «չափի մեջ»

Հայաստանյան դեղատներում ազատ վաճառվում են նիհարելուն նպաստող դեղամիջոցներ: Դրանք նաեւ ազատ եւ լայնորեն գովազդվում են: Այդ դեղամիջոցներն իրականում քիմիական դեղեր չեն, այլ սննդային հավելումներ, որոնք այժմ մեր հանրապետությունում գործող «Դեղերի մասին» օրենքով չեն հետազոտվում, ու չի հսկվում դրանց ներկրումն ու վաճառքը:
Հավանաբար այդ է պատճառը, որ այս դեղամիջոցները դեղատներում աշխատողների միջոցով ազատ առաջարկվում են ամեն գնորդի եւ, ի վերջո, գտնում իրենց սպառողին: «Առավոտի» այցելած տասնյակ դեղատներից եւ ոչ մեկում այդ դեղամիջոցների պակաս չէր զգացվում, իսկ դեղատան աշխատակիցները մեզ հետ զրույցում հավաստիացրին, որ դրանք արդեն բավականին մեծ սպառում ունեն: Նրանց խոսքերով, սպառվում են հիմնականում չինական արտադրության կենսաբանական հավելումները, չնայած շատ են նաեւ ֆրանսիական, գերմանական եւ ԱՊՀ մի շարք երկրների արտադրության դեղամիջոցները: Պետք է ասել, սակայն, որ այդ դեղամիջոցները էժան չեն, դրանց մեկ տուփի գինը տատանվում է 2500-5000 դրամի շրջանակներում: Այս կենսաբանական հավելումները եւ հաբերի, եւ փոշու տեսքով են: Դրանց փաթեթների վրա գրված է, թե օրվա ընթացքում որքան եւ ինչպես պետք է օգտագործել, սակայն նշված չէ, թե որքան են օգտագործելուց հետո նիհարում: Այդ տուփերի վրա գրված չէ նաեւ, թե ինչ տեղական ընկերության կողմից են դրանք ներկրվում եւ առաքվում դեղատներ:
Միայն այն, որ այս սննդային հավելումները վաճառվում են դեղատներում եւ իրենց առաջարկվում այնտեղ աշխատող մասնագետների կողմից, մարդկանց շրջանում վստահություն են առաջացնում: Սակայն առողջապահության նախարարության դեղերի բաժնի պետ Մարինա Հարությունյանի հավաստմամբ, դրանց չափից շատ օգտագործումը կարող է առողջության համար վատ հետեւանքներ ունենալ. «Դրանք կարելի է սննդի նման ընդունել, համենայնդեպս՝ այդպես է գրված դրանց տուփերի վրա, սակայն պետք է ճիշտ եւ ճիշտ տուփի վրա գրվածի պես օգտագործել, որպեսզի օրգանիզմին վնաս չհասցվի: Դրանց բաղադրությունը հիմնականում բուսական ծագում ունեցող լուծողականներն են, բայց եթե անգամ հացն էլ չափից շատ օգտագործվի, օրգանիզմին վնաս կհասցվի: Այս սննդային հավելումներում, իհարկե, նյութերի չափաքանակը չի հասնում դեղերի մեջ եղած չափաքանակին»:
Տիկին Հարությունյանի խոսքերով, դեղատներում ազատ վաճառվում են նաեւ նիհարելուն նպաստող դեղեր, որոնք ուսումնասիրվել են ու գրանցվել: Իսկ ինչ վերաբերում է սննդային հավելումներին, ապա, ըստ Մ. Հարությունյանի, դրանցից մի քանիսը սկզբնական շրջանում նույնպես հետազոտվել են. «Մենք ցանկանում էինք իմանալ դրանց բաղադրությունը: Անգամ գրանցել ենք մի քանի սննդային հավելումներ՝ որպես դեղեր: Սակայն արդեն հետագայի համար չէինք կարող բոլորը ստուգել, հետազոտել, քանի որ ներկայիս օրենքը մեզ թույլ չի տալիս: Ստիպողաբար չենք կարող նման գործունեություն ծավալել»:
Դեղերի փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Ալբերտ Սահակյանն էլ մեզ հայտնեց, որ կենսաակտիվ հավելումները վտանգավոր են այնքանով, որ այդ դաշտը չի կարգավորվում. «Նոր օրենքով, որը, կարծում եմ, շուտով կընդունվի, այս դեղամիջոցների ամբողջ շրջանառությունը պետք է կարգավորվի՝ ինչպես դեղերինը, իսկ հիմա մենք ոչինչ չենք կարող անել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել