Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵ՞ՔՍՏ ՈՒՆԻ

Փետրվար 09,2010 00:00

Կառավարության առաջադրած հարկային փաթեթը ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով, կառավարության հերթական չմշակված եւ խորը վերլուծության չենթարկված քայլն է: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարոն Մինասյանն ասաց, որ փաթեթում առաջարկված 10 հարկատեսակներից 2-ը՝ հողի եւ գույքի հարկերը, արդեն գործում են. «Գործում են որպես պետության պատվիրակված լիազորություններ՝ տրված համայնքներին, այս նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ այն դառնա համայնքի պարտադիր լիազորություն, բայց դրան ավելացվում է եւս 8 հարկատեսակ, որ միայն անվանումներով է նախագծերում ներկայացվում»: ԱԺ պատգամավորը ներկայացրեց իրենց խմբակցության առարկությունները փաթեթի վերաբերյալ՝ մասնավորապես շեշտելով մի քանի հարցադրում. որքանո՞վ է հարկային փաթեթը համապատասխանում նույն կառավարության կողմից հայտարարված «Տարածքային համաչափ զարգացման ծրագիր» սկզբունքին, կամ ինչպիսի՞ ռեսուրսներ են հաշվառված, եւ այդ հաշվառման ներքո նախատեսվող հարկերը որքանո՞վ կարող են նպաստել այդ համայնքների զարգացման խնդիրների լուծմանը. «Եվ, ի վերջո, արդյո՞ք ներկայացված մակարդակով այն քաղաքական էական ենթատեքստ չունի իր մեջ: Այն տեսքով, որ ներկայացված է, հարկային բարեփոխումների նախագիծը չի կարող քաղաքական ենթատեքստ չունենալ, համենայնդեպս այն մակերեսային ձեւով, որ ներկայացվում է մեզ, արդարացված կլինեն այն հիմնավորումները, որ այս հարկային քաղաքականությունը բերելու է սեփականության նոր վերաբաշխման հնարավորությանը, մյուս կողմից ուժեղացնում է անբարեխիղճ համայնքի ղեկավարների դիրքերը, թուլացնում՝ բարեխիղճներին»: Հարկային փաթեթում քաղաքական ենթատեքստ դաշնակցությունը չի կարող չտեսնել նաեւ հանրային տարածքների զբաղեցման նախատեսվող հարկատեսակում. «Այս հարկը կարող է կիրառվել ժողովներ, հանրահավաքներ անցկացնելու համար, ինչը կարող է նոր կոնֆլիկտների կամ քաղաքացիների սահմանադրական իրավունքի չիրացման պատճառ դառնալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել