Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փոխվարչապետը համայնքապետերից դժգոհ էր

Փետրվար 09,2010 00:00

Նա հեռացավ՝ հույս չտալով, որ պետությունը կհովանավորի

Ինչպես մյուս մարզերում, այնպես էլ Շիրակում, այս տարվա առաջին մարզխորհրդի նիստը նախագահեց տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, որը շաբաթ օրը կարծես թե հատուկ եկել էր համայնքի ղեկավարներին ու մարզպետարանի չինովնիկներին նախազգուշացնելու, որ պետությանն իրենց հոգսերով չզզվացնեն. եթե պրոբլեմ ունեն՝ թող ինքնուրույն լուծեն, քանի որ պետական բյուջեն ալեւս չի բավարարում: Օրինակ, Արեգնադեմի գյուղապետ Աղունիկ Հազրյանը դժգոհեց, որ գյուղի դպրոցը շենք չունի, դասերն անցկացնում են 3 բնակելի տներում, եւ քանի որ պայմաններ չկան, ծնողները երեխաներին դպրոցից հանում ու տեղափոխում են այլ գյուղերի դպրոցներ. 107 աշակերտից 27-ին արդեն տեղափոխել են: «Մեր դպրոցը մարզում միակն է, որ շենք չունի, 2 անգամ նախագծային հաշվարկներ են կատարել, բայց չեն սարքել, կարծես թե ճգնաժամը միայն մեզ վրա է ազդել»,- դժգոհեց գյուղապետը, որը բավականին զայրացրեց փոխվարչապետին: Նա կարճ-կտրուկ պատասխանեց, որ ինքը դպրոցաշինության խոսք չի տալիս եւ չհամաձայնեց տիկին գյուղապետի այն մտքի հետ, թե ճգնաժամը միայն Արեգնադեմի վրա է ազդել: Պարոն Գեւորգյանը շատ ավելի կոպիտ արձագանքեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որը հարցրեց, թե ի՞նչ է լինելու Գյումրիի կաթկթող հարթ կտուրավոր շենքերի ու երկրորդական փողոցների վիճակը, որոնք երկրաշարժից հետո անանցանելի են դարձել: Քաղաքապետը պարզապես հիշեցրեց, որ Գյումրին եւս քաղաք է, եւ գյումրեցիները եւս իրավունք ունեն նորմալ պայմաններում ապրելու: Ա. Գեւորգյանը սկզբում պարոն Ղուկասյանին համբերատարությամբ բացատրեց, որ պետական միջոցները սուղ են, եւ որ պետությունն ինչքան հնարավորություն ունի, այնքան էլ անում է, եւ ինքը լրացուցիչ գումարներ չունի տալու, այնուհետեւ հարցրեց. «Պարոն Ղուկասյան, այս տարի Գյումրին ավելի ինչքա՞ն դոտացիա է ստացել, 150 միլիո՞ն, դրանով առնվազն կարող եք գոնե մի քանի շենքի հարց լուծել, ձեզ քաղաքապետ են ընտրել, որ այդ հարցերը լուծեք, ժամանակն է, որ ձեր բնակչության հետ ավելի ազնիվ լինեք, դա պետության խնդիրը չէ, ձեր սեփական հավաքագրումները ավելացրեք, պայմանները լավացրեք, հողի հարկ, գույքահարկ եւ դրանով լուծեք համայնքի խնդիրները»: Բայց երբ Վարդան Ղուկասյանը տեղեկացրեց, որ այդպիսի շենքերը շատ են, եւ ինքը 40-ի հարցերն արդեն լուծել է, սա հունից հանեց փոխվարչապետին: Նա խիստ մանկավարժի պես տեղից բացականչեց. «Չհասկացա, Վարդան, կարո՞ղ ա շոու է, վե՛րջ, ես եմ խոսում, դուք լսում եք»:
Ա. Գեւորգյանը նեղ վիճակի մեջ գցեց նաեւ մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանին: Նա հաճախակի ընդհատում էր Մ. Մանուկյանի զեկույցը: Փոխվարչապետին դուր չեկավ այն, որ զեկույցում ներառված չեն ճակնդեղի արտադրության մասին տվյալներ: Պարոն Գեւորգյանը, հիշեցնելով, որ շուտով շահագործվելու է շաքարի գործարանը, Մ. Մանուկյանին հարցրեց, թե գյուղացիները պատրա՞ստ են 1500 հեկտար հող առանձնացնել ճակնդեղ արտադրելու համար: Գյուղվարչության պետը վստահեցրեց, որ պատրաստ են, սակայն սա չհամոզեց Ա. Գեւորգյանին: «Ես նստածների գլխի շարժումներից հասկանում եմ, որ ձեր ասածն իրական չէ, ես կուզենայի, որ այն, ինչ զեկուցում են Երեւանում, ինչ-որ տեղ իրական լիներ»,- ասաց փոխվարչապետը: Նրան զայրացրեց նաեւ գյուղվարչության պետի այն միտքը, թե պարարտանյութ ակնկալում են նաեւ պետությունից: «Պետությունը պարարտանյութի համար չի ֆինանսավորելու, հիմա գնեք պարարտանյութ, պահեստավորեք, որպեսզի ժամանակին թանկ գներով չգնեք, ինչի՞ եք աժիոտաժ ստեղծում, սխալ իմպուլսներ հաղորդում, որ գյուղապետերը պարարտանյութը կառավարությունից պահանջեն»,- դիտողություն արեց պարոն Գեւորգյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել