300 խոշոր ապահովադիրների ցանկից դուրս են մնացել անգամ այնպիսի ընկերություններ, որտեղ չաշխատողներին ավելի հեշտ է հաշվել, քան աշխատողներին:
Այսօր Հայաստանում դժվար է գտնել մի ընտանիք, որի անդամներից մեկը կամ թեկուզ բարեկամը, հարեւանը, խնամին, ծանոթը ներգրավված չլինի «Օրիֆլեյմ» ընկերության ցանցային բիզնեսում: Դպրոցական աղջիկներից սկսած մինչեւ գործազուրկ մեծահասակները զբաղված են «Օրիֆլեյմի» կոսմետիկաների գովազդով ու վաճառքով: Երթուղայիններում, աշխատավայրերում, փողոցներում՝ ամենուրեք այդ ընկերության «կատալոգներն» են ու ներկայացուցիչները: Քանի որ ընկերությունն իր ցանցի յուրաքանչյուր անդամին նվազագույնը 23% զեղչով է վաճառում իր ապրանքները, Հայաստանի բնակչության իգական սեռի ներկայացուցիչների գերակշիռ մեծամասնությունը ներգրավվել է այդ ցանցում, որպեսզի ե՛ւ կարողանա էժան գնումներ կատարել, ե՛ւ իր շրջապատի մարդկանց «կատալոգային» գներով վաճառելով «Օրիֆլեյմի» արտադրանքը՝ որոշակի գումար վաստակել: «Օրիֆլեյմի» տնօրինությունը՝ յուրաքանչյուր նոր մարդ ցանցում ընդգրկելու համար, վերցնում է 2500 դրամ՝ որպես անդամավճար: Եթե քեզնից հետո նոր մարդիկ կարողանաս ընդգրկել այդ ցանցում՝ հնարավորություն են տալիս ավելի մատչելի գնումներ կատարել եւ բոնուսային միավորներ ստանալ՝ ինչպես ապրանքի, այնպես էլ գումարի տեսքով:
«Օրիֆլեյմի» բիզնեսի մասշտաբների մասին քիչ թե շատ պատկերացում ունեցողները ենթադրում են, որ այդ ընկերությունը մեր պետբյուջեին պետք է որ հսկայական սոցվճարումներ տա եւ պետք է հայտարարագրի աշխատողների մի մեծ բանակ: Բայց արի ու տես, որ «Օրիֆլեյմը», այսպես ասած, իր վրա չի վերցնում կատալոգները ձեռքներին փողոցներում շրջող, ամենուրեք իր ապրանքները վաճառող ներկայացուցիչներին ու ցույց է տալիս, թե մի քանի աշխատող ունի:
Եթե «Օրիֆլեյմի» փոխարեն խեղճուկրակ մեկը իր ավտոտնակում փորձեր մի քանի ծխախոտ, ծամոն ու արեւածաղկի սերմ վաճառել ու մի քանի կոպեկ վաստակել, հարկայինի աշխատակիցները հաստատ կկանգնեին այդ խեղճի գլխին, ավտոտնակում ՀԴՄ կտեղադրեին, կստիպեին նրան հարկային դաշտ մտնել, վերջում էլ մի քանի միլիոն դրամի կտուգանեին՝ ստվերում աշխատելու եւ իրենցից թաքուն առեւտրային գործունեություն իրականացնելու համար:
«Օրիֆլեյմը» արդեն քանի տարի է՝ լուրջ առեւտրային գործունեություն է ծավալում մեր երկրում ու մեծ շահույթներ է ստանում: Չնայած դրան, այս ընկերությունը երբեք չի փայլել ո՛չ հարկային վճարումներով, ո՛չ էլ կատարած սոցիալական ապահովագրության վճարումներով: Սակայն օրերս Պետեկամուտների կոմիտեի հրապարակած «2009-ի ընթացքում 3 մլն դրամ եւ ավելի սոցվճարումներ կատարած 300 խոշոր ապահովադիրների ցանկը» գերազանցեց ընկերության մասին ունեցած բոլոր սպասելիքներն ու ակնկալիքները: «Օրիֆլեյմը» ո՛չ 300 ե՛ւ ոչ էլ 600 խոշոր ապահովադիրների ցանկում չկա: Այն 806-րդ տեղում է եւ անցած ողջ տարվա ընթացքում իր աշխատողների համար վճարել է ընդամենը 14 մլն 590 հազար դրամ: 2008-ին ընկերությունը գոնե 16 մլն 708 հազար դրամ վճարել էր, 2009-ին, փաստորեն, ավելացնելու փոխարեն, մի բան էլ վճարումները կրճատվել են: Համեմատության համար նշենք, որ նույնիսկ Կենդանաբանական այգին, որը միայն փիղ, կապիկ ու արջ կերակրողներ է պահում, ավելի շատ սոցվճարումներ է կատարել, քան «Օրիֆլեյմը», որը չի գրանցում իր ապրանքների առաքմամբ ու վաճառքով զբաղվող բազմահազար մարդկանց եւ նրանց համար սոցվճարումներ չի կատարում:
Պետեկամուտների կոմիտեի հրապարակած վերջին ցանկում, բացի «Օրիֆլեյմից», նմանատիպ անակնկալներ են մատուցում նաեւ այլ՝ ոչ պակաս ծաղկուն բիզնես ունեցող ընկերություններ, ինչպիսիք են՝ «Թամարան», «Ֆեռոն», «Գրեյթ Վելլին», «Ջերմուկի մայր գործարանը», «Միկա Քորփորեյշնը», որոնք նույնպես 300 խոշոր ապահովադիրների մեջ չեն մտել: «Միկա Քորփորեյշնը», օրինակ, ամբողջ 2009 տարվա ընթացքում վճարել է 31 մլն դրամ: Գրեթե նույնքան են վճարել նաեւ «ՄԱՊ»-ը, «Վալենսիան», դեղերի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող, ինչպես նաեւ մեծ դեղատնային ցանց ունեցող «Նատալի Ֆարմը» եւ «Գետամեջի թռչնաբուծական ֆաբրիկան»: Որպեսզի ակնհայտ դառնա, թե իրականում որքան քիչ վճարումներ են կատարել այս բոլոր ընկերությունները, նշենք, որ մոտ այդքան գումար պետբյուջեին վճարել է հաշմանդամների «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը: Ցանկում նաեւ տեսնում ենք, որ «Ընտանիքի պլանավորման եւ սեռական առողջության կենտրոնն» ավելի մեծ սոցվճարումներ է կատարել իր աշխատողների համար, քան «ՍԱՍ գրուպը»՝ իր սուպերմարկետների ցանցով, «Ջերմուկի մայր գործարանը» կամ «Երեւան» հյուրանոցը:
Ստացվում է, որ Էրեբունի համայնքի մաքրությամբ ավելի շատ մարդիկ են զբաղվում եւ նրանց համար ավելի մեծ վճարումներ են կատարվում, քան «Նաիրի բժշկական կենտրոնի» կամ շինարարական խոշոր ընկերության՝ «Հորիզոն-95»-ի աշխատակիցների համար:
«Ավշարի գինու գործարանը», «Մուլտի Լեոնը», «Մուլտի գաջն» ու «Թամարա Ֆրութը» մոտավորապես այնքան սոցվճարումներ են կատարել, որքան Կապանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկը:
Պետեկամուտների հրապարակած ապահովադիրների ցանկից այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի բնակչության 90 տոկոսը կամ մաքրության ոլորտում է աշխատում, կամ դպրոցում, կամ պետական այնպիսի հիմնարկներում, որտեղ ոչ մի շահ չունեն աշխատող թաքցնելու: Օրինակ, բյուջեից ֆինանսավորվող Քանաքեռ-Զեյթուն համայնքի սանմաքրման աշխատողների համար 2009-ին մոտ 18 մլն դրամի սոցվճարում են կատարել, մինչդեռ այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են «Պեռնո Ռիկարը», «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը» եւ «Գրեյթ Վելլին», շատ ավելի քիչ են վճարել: Երեւանի «Զատիկ» մանկատունը վճարել է 15.6 մլն դրամ: Ի տարբերություն մանկատան՝ մեքենաների ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող «Եվրովագենը», «Ավանգարդ մոթորսը» կամ Ռուսաստանի «Աերոֆլոտ ավիաուղիները» ավելի քիչ են վճարել: Տարօրինակ է, որ այդ հսկայական ավիաընկերությունը ավելի քիչ սոցվճարներ է մուտքագրել մեր բյուջե, քան Գողթ գյուղի «Ջաղացի ձորը»: