Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՆԿԱԽ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՎԱԾ ՂԱՐԱԲԱՂ»

Փետրվար 09,2010 00:00

\"\"Վստահեցնում է ԱԱԽ քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը

– Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ խոսակցությունները վերջին շրջանում շատ ավելի են ակտիվացել, այն հարթ իրավիճակը, որ կար արձանագրությունները ստորագրելու պահին, կարծես վերացել է, թուրքական խորհրդարանում երկար ժամանակ ձգձգվում է վավերացման գործընթացը, կարծես հարցը փակուղի է մտցվել եւ սպասողական վիճակ է: Թուրքիան, փոխանակ վավերացնելու արձանագրությունները, հայտարարություններ է անում, որոնցում շատ ավելի թափանցիկ խոսում է նախապայմանների մասին, Ղարաբաղի հարցն է կապում այս ամենին եւ այլն: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը եւ արդյո՞ք իշխանություններն ունեն հետագա գործողությունների ծրագիր:
– Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը բավական բարդ գործընթաց է: Մենք գործընթացի սկզբից էլ ենթադրում էինք, որ հեշտ չի լինելու: Եթե ուշադիր ուսումնասիրում ենք վերջին մեկուկես տարվա ընթացքը, տեսնում ենք, որ մեկ տարուց ավելի տեւել են բանակցությունները, դրան հաջորդել է նախաստորագրումը, հետո անցել է տեւական ժամանակ, մինչեւ այդ փաստաթղթերը ստորագրվել են: Եթե դիտարկեք այդ երկու փուլերը, կնկատեք, որ միշտ էլ եղել են տարաբնույթ բանավեճեր եւ քննարկումներ: Արձանագրությունների վավերացման փուլը նույնպես ենթադրում է որոշակի գործընթաց: Արագ որոշումների չպետք է սպասել: Ցանկացած դեպքում մենք ունենք մեր սցենարները: Մենք, իհարկե, հանդես ենք գալիս առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում այդ արձանագրությունների վավերացման օգտին, Թուրքիայի կողմից հնչում են այդ գծից շեղվելու հայտարարություններ կամ, ժողովրդի լեզվով ասած, ե՛ւ նալին են խփում, ե՛ւ մեխին, իսկ դա անվստահություն է առաջացնում: Պետք է հաշվի առնել, որ Հայաստանը մեկ քայլ առաջ է կատարել: Նկատի ունեմ՝ եթե Թուրքիայում միջազգային պայմանագրերի համար չի պահանջվում ՍԴ-ի որոշում, մեզ մոտ պահանջվում է, եւ մենք այդ ընթացակարգն անցել ենք: Ըստ որում՝ ՍԴ-ն արձանագրել է, որ արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, չի առաջարկել որեւիցե փոփոխություն տեքստի մեջ, եւ այս ուղղությամբ թուրքական կողմի պնդումներն անհիմն են, մանավանդ՝ ՍԴ-ի որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Հիմա հարաբերական դադարի ժամանակաշրջան է, փոխադարձ ուսումնասիրության փուլ, եւ կարծում եմ՝ առաջիկա մեկ- երկու ամիսները վճռորոշ կլինեն հետագա գործընթացի համար, ես նկատի ունեմ փետրվար եւ մարտ ամիսները:
– Ղարաբաղի շուրջ նույնպես կարծես իրավիճակը լարված է, ադրբեջանական կողմը հերթական ռազմատենչ հայտարարություններն է անում, այլ երկրներ եւս ինչ-որ բաներ են ասում, եւ այս ամենը նշանակում է, որ Հայաստանի իշխանությունների համար արտաքին դաշտում այնքան էլ հեշտ չէ: Այս իրավիճակում մենք գիտե՞նք ինչ պիտի անենք, պատրա՞ստ ենք ցանկացած զարգացման:
– Իհարկե՝ պատրաստ ենք: Հայաստանի զինված ուժերը գտնվում են գերազանց մարտունակ վիճակում, եւ դա ոչ միայն մեր, այլեւ՝ միջազգային փորձագետների գնահատականն է: Ես ուղղակիորեն զբաղվում եմ Հայաստանի պաշտպանական ռազմավարական վերանայման աշխատանքներով եւ կարող եմ դա պնդել: Հայաստանի պաշտպանական ռազմավարական կարողություններն ամրապնդվում են նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Վերջին 10 տարում առաջին անգամ ընդունվեց շատ կարեւոր քաղաքական որոշում, որ ՀԱՊԿ անդամ որեւէ երկրի հանդեպ ագրեսիան համարվում է ագրեսիա ամբողջ ՀԱՊԿ-ի դեմ, սա կարեւոր քաղաքական ձեռքբերում էր Հայաստանի նախագահության տարիներին: ՆԱՏՕ-ի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը նույնպես ինտենսիվ զարգանում է՝ համաձայն գործողությունների ծրագրի: Ես, որ ի պաշտոնե համակարգում եմ թե ՀԱՊԿ-ի եւ թե ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, կարող եմ ասել, որ մեր զինված ուժերը մարտունակ են, պատրաստ են դիմակայելու ցանկացած ագրեսիայի: Գուցե կրկնվեմ, բայց «եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» կարգախոսը մշտապես արդիական է մեզ պես երկրների քաղաքական օրակարգում, քանի դեռ կոնֆլիկտները հանգուցալուծված չեն: Ինչ վերաբերում է Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, կարծում եմ՝ մեր արտաքին քաղաքականության մեջ կարողացանք արձանագրել մի քանի դրական ձեռքբերումներ. հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում հասանք նրան, որ ե՛ւ Միացյալ Նահանգները, ե՛ւ Ռուսաստանը, ե՛ւ Եվրոպական Միությունը հստակ հայտարարեցին, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը որեւէ կերպ կապված չէ ղարաբաղյան հիմնախնդրի հետ: Միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, արձանագրեց, որ ԼՂ հարցի կարգավորումը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում պիտի լինի, այսինքն՝ ո՛չ ՄԱԿ-ը եւ ո՛չ այլ կառույցներ չեն ներգրավվելու հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Գիտեք, որ Ադրբեջանն անընդհատ շահարկում է այս մոտեցումը: Այս ամենը նշանակում է, որ այս պահի դրությամբ մենք ունենք մեր միջազգային գործընկերների, հիմնական աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից Հայաստանի պաշտոնական դիրքորոշման ընկալում: Հիմա՝ բուն կարգավորման գործընթացի մասին: Երկու տարվա ընթացքում նոր քաղաքական իշխանության ձեւավորման, Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո բազմաթիվ շփումներ են եղել երկու երկրների նախագահների, արտգործնախարարների մակարդակով, եւ ամեն մի շփում մի դրական քայլ է եղել ո՛չ միայն խաղաղությունը պահպանելու, այլեւ՝ կոնֆլիկտի կարգավորման շուրջ համաձայնության գալու ուղղությամբ: Մենք բանակցային գործընթացում առաջնորդվում ենք երեք հիմնական սկզբունքով, այս հարցը ոչ մեկ անգամ քննարկվել է նաեւ Ազգային անվտանգության խորհրդում: Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը հստակ է՝ Ղարաբաղի կարգավիճակի խնդիրն առաջնային է: Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, պետք է լինի անկախ Ղարաբաղ կամ՝ Հայաստանին վերամիավորված Ղարաբաղ: Երկրորդ՝ խնդրի ցանկացած լուծում պետք է իր մեջ պարունակի անվտանգության երաշխիքների առկայություն: Ո՛չ միայն Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի Լեռնային Ղարաբաղի անկախության եւ անվտանգության երաշխավորը, այլեւ՝ պետք է լինի միջազգային անվտանգության ապահովում եւ երաշխիք: Եվ երրորդ՝ ուղիղ ցամաքային կապ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ: Սրանք հայկական կողմի համար այն երեք առանցքային սկզբունքներն են, որոնց շուրջ տեղի են ունենում բոլոր հանդիպումները: Մենք այս սկզբունքների շուրջ ուզում ենք հասնել հաջողության, որովհետեւ խաղաղությունն ավելի թանկ է, քան պատերազմը:
– Ասվում է, թե ուժեղ է այն իշխանությունը, որն ունի ուժեղ ընդդիմություն: Ձեր կարծիքով՝ այսօրվա իշխանությունն ունի՞ ուժեղ ընդդիմություն:
– Քանի որ որպես քաղաքական կազմակերպություն՝ ժամանակին եղել ենք ե՛ւ իշխանության մեջ, ե՛ւ ընդդիմություն, ինձ համար ավելի դյուրին է ձեր հարցին պատասխանել եւ գնահատականներ տալ: Ամբողջ աշխարհում իշխանությունը եւ ընդդիմությունը բազմաբեւեռ են: Ընտրությունների արդյունքում 90 տոկոսով իշխանության են գալիս կոալիցիաները, նույն բանը կա նաեւ ընդդիմության մեջ: Հասարակությունը հանդես է գալիս երկու ճակատով՝ մի խումբ կուսակցություններ համախմբվում են իշխանության մեջ, մեկ այլ խումբ էլ համախմբվում է ընդդիմության մեջ: Հայաստանում ընդդիմության ճամբարում հիմք է դրվել արատավոր մի քաղաքականության՝ ընդդիմությունը մոնոպոլիզացվում է: Ընդդիմադիր դաշտի որոշ դերակատարներ ասում են՝ եթե ինձ հետ չես, ուրեմն՝ իմ թշնամին ես: Այդ ճանապարհով մենք էլ ենք անցել: Հայաստանում դաշտը սեւի եւ սպիտակի է բաժանվում, եթե ընդդիմադիր ես, ուրեմն՝ պետք է լինես «ա» կետում, եթե ընդդիմադիր ես, բայց «ա» կետում չես, ուրեմն՝ ընդդիմադիր չես: Եվ սա հանգեցրել է իշխանություն-ընդդիմություն արդյունավետ համակարգի բացակայության: Առաջ են գալիս թշնամություն, ատելություն, կեղծիքներ: Ցանկացած ընդդիմադիր ուժ ստիպված է լինում պայքարել ո՛չ միայն իշխանական գաղափարախոսության, այլ նաեւ ընդդիմության դեմ, որը թուլացնում եւ պառակտում է դաշտը: Օրինակ՝ երբ մենք էինք ընդդիմություն, եւ ես նախագահի թեկնածու էի, ստիպված պայքարում էինք ո՛չ միայն իշխանական ռեսուրսի դեմ, այլեւ՝ ընդդիմության, որովհետեւ մեր դեմ երկու ճամբարից էլ պայքար էր գնում: «Օրինաց երկրի» դեմ քաղաքական դիլեմա էր դրված՝ եթե չես միանում, ուրեմն՝ ընդդիմություն չես: Այս մոտեցումը մեզ համար միարժեք ընդունելի չէր, քանի որ մեր քաղաքական ուժը իր որոշումներն ընդունում է սեփական քաղաքական գծի եւ համոզմունքների հիման վրա, այլ ոչ թե պարտադրանքի կամ անհիմն շահարկումների:
– «Ժառանգությունը» եւ դաշնակցությունը կարծես պայքարի մեջ են մտել ավելի ընդդիմադիրի տիտղոսի համար: Որպես ԱԺ նախկին նախագահ, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, որի մեղավորը նաեւ ՕԵԿ-ն է, որովհետեւ դուք հարց բարձրացրիք ԵԽԽՎ-ում հիմնական կազմում պատգամավոր ունենալու մասին, որից հետո ծագեց այս «մեծ աղմուկը»:
– Ես չեմ ուզում մտնել «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի փոխհարաբերությունների մեջ: Ժամանակին, երբ մենք ընդդիմություն էինք նույն «Ժառանգության» հետ, ՀՅԴ-ն էլ կոալիցայի մաս էր, փորձեցինք գալ ընդհանուր հայտարարի: Խորհրդարանական մի կառույցում հիմնական կազմում «Ժառանգությունն» էր ներկայացված, մեկ այլ տեղ՝ «Օրինաց երկիրը»: Այսինքն՝ քաղաքակիրթ պայմանավորվածության եկանք, եւ նման խնդիրներ չառաջացան: Հիմա արդեն որոշումը ՀՅԴ-ինը եւ «Ժառանգությանն» է, թե ինչպես գործեն այս պայմաններում: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա լինելով կոալիցիայի կազմում, ՕԵԿ-ը իրավունք ունի լինել հիմնական կազմում, առանց այն էլ՝ երկու տարի ՕԵԿ-ն այս հարցը չի բարձրացրել, բայց մենք պետք է լիարժեք ներկայացված լինենք պատվիրակության կազմում, մանավանդ, նույն ԵԽԽՎ-ի կանոնների համաձայն՝ պատվիրակության անդամներից 3-ը պետք է ներկայացնեն իշխանությունը, մեկը՝ ընդդիմությունը: Մեր խմբակցության ղեկավարը քաղաքական խորհրդի որոշմամբ ԱԺ ղեկավարությանն է ներկայացրել հարց, որպեսզի ՕԵԿ-ը միջազգային խորհրդարանական կառույցներում լիարժեք ներկայացված լինի: Եվ ԱԺ ղեկավարությունը փուլային ձեւով սկսել է խնդրի քննարկումը եւ քանի որ ԵԽԽՎ-ի մանդատը տարին մեկ անգամ հաստատվում է, սկսել են այդ կառույցից: Մենք դրել ենք գլոբալ հարց, դրել ենք արդար հարց: ՕԵԿ-ը կոալիցիայի անդամ է եւ լիարժեք պետք է ներկայացված լինի, մանավանդ՝ մենք քրիստոնեա-դեմոկրատական ինտերնացիոնալի անդամ ենք, մեր կուսակցության համար էլ կարեւոր է, որ մենք ներկայացված լինենք միջխորհրդարանական կառույցներում:
– Որպես կուսակցության ղեկավար, այս պահին ինչպե՞ս եք գնահատում ձեր կուսակցության կշիռը հասարակության մեջ:
– Մենք այսօր հնարավորություն ունենք իրականացնել մեր քաղաքական ծրագրերը, իսկ դա չափազանց կարեւոր է: Ֆինանսական ճգնաժամի պայմաններում անգամ մենք կարողացանք 1 միլիարդ 700 միլիոն դրամի չափով ապահովել ավանդների վերադարձը եւ հարյուրավոր շնորհակալական նամակներ ենք ստանում: Հետեւողականորեն առաջ ենք մղում աղետի գոտու վերականգնման ծրագիրը: Իմ եւ Սերժ Սարգսյանի ստորագրած հուշագրում հստակ ամրագրված է մինչեւ 2012 թվականը ավարտել աղետի գոտու վերականգնումը: Մենք առաջ ենք մղում մեր հիմնարար նախընտրական ծրագիրը, որը ներառվեց կառավարության ծրագրում՝ երիտասարդ ընտանիքների հիպոթեքային վարկավորումը: 3 միլիարդ դրամ դրվեց այդ նպատակի համար: Դուք լավ գիտեք, որ ժամանակին, երբ ես խոսում էի ծննդօգնությունն անվճար դարձնելու, յուրաքանչյուր նոր ծնված երեխայի համար գումար հատկացնելու մասին, ինձ մեղադրում էին պոպուլիզմի մեջ: Այս տարի առաջին անգամ Հայաստանում ունեցանք 8-9 տոկոս ծնելիության աճ, որովհետեւ հատկացվող գումարները հատկապես անապահով ընտանիքների համար շատ կարեւոր են: Կուսակցությունը ակտիվ է, մենք մեր ժողովրդին ասելիք ունենք եւ մեր կոալիցիոն գործընկերների հետ միասին փորձում ենք բոլորիս ջանքերի համադրմամբ մեր ընդհանուր ծրագրերը կյանքի կոչել:
– Ինչո՞վ է զբաղված Ազգային անվտանգության խորհուրդը: Աշխարհի 50-ից ավելի երկրներում, եթե չեմ սխալվում, կան, այսպես կոչված՝ սպիտակ գրքեր, որոնցում տվյալ երկրի համալիր անվտանգության տարեկան զեկույցներն են: Մեր երկիրն ունի՞ նման բան:
– Ազգային անվտանգության խորհուրդն աշխատում է բավական ծանրաբեռնված ռեժիմով, այս տարի մենք առաջին անգամ կազմել ենք Անվտանգության խորհրդի գործունեության տարեկան ծրագիրը, որը հնարավորություն կտա առավել համակարգված լուծել մեր առջեւ դրված խնդիրները: Ինչ վերաբերում է անվտանգության սպիտակ գրքի կամ տարեկան զեկույցի նախապատրաստմանը՝ բազմաթիվ երկրներում, իսկապես, այդ փորձը կա: Մենք ձեւավորել ենք հատուկ միջգերատեսչական հանձնաժողով, որի նպատակն է՝ Հայաստանի անվտանգության համալիր վիճակի, տարածաշրջանային անվտանգության վիճակի գնահատումը եւ այդ սպիտակ գրքի կազմումը, որի աշխատանքները կավարտվեն 2-3 ամսից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել