Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գաղտնազերծել ճանապարհային քարտեզը

Փետրվար 09,2010 00:00

Ազատամարտիկները պահանջում են

Երեկ հայտարարություն են տարածել «Ազատամարտի եղբայրություն», «Ղարաբաղի պատերազմի վետերաններ», «Դաշտային հրամանատարների խորհուրդ» կազմակերպությունները: Ազատամարտիկները ՀՀ իշխանություններից պահանջում են 21 օրվա ընթացքում գաղտնազերծել «ճանապարհային քարտեզ» կոչված փաստաթղթի բովանդակությունը՝ կետ առ կետ, Թուրքիայի հետ սկիզբ առած բանակցային գործընթացում հասարակությանը տեղյակ պահել Արցախի հիմնահարցի հետ առնչվող բոլոր պայմանավորվածությունների մասին, ապահովել Թուրքիայի հետ ընթացող բանակցությունների թափանցիկությունը, իսկ բանակցային գործընթացի արդյունք հանդիսացող վերջնական փաստաթղթի վավերացումը իրականացնել արդարացի համաժողովրդական հանրաքվեից հետո միայն, գաղտնազերծել ու հրապարակել Մադրիդյան սկզբունքները, ինչպես եւ լայն հասարակայնության առջեւ հանդես գալ Արցախյան հարցի շուրջ բանակցությունների ներկա հանգրվանի  նկարագրով:
«Մենք կամավորականներ ենք՝ հայորդիներ, ովքեր 1988-ից հայրենիքի եւ արյան կանչով գնացին ինքնամոռաց մաքառելու հանուն հայրենի երկրի անկախության, ազատության եւ բարեկեցիկ ապագայի: Արցախյան ազատամարտում բազմաթիվ մեր ընկերների կյանքերի եւ մեզ բաժին հասած փորձությունների գնով ձեռք բերվեց այդքան կարեւոր հաղթանակը, սակայն, ցավոք սրտի, ներկայիս Հայաստանը որեւէ կերպ չի համապատասխանում այն պայծառ տեսլականին, որը կրծքում անթեղած՝ մենք ելել էինք կենաց ու մահու պայքարի: Մենք չենք տրտնջում մեզ բաժին հասած զոհողությունների ու զրկանքների համար, քանզի քաջ գիտակցում ենք, որ յուրաքանչյուր պետություն աշխարհաքաղաքական հարթությունում պատերազմի փորձությունը հաղթահարելով է միայն ձեռք  բերում տեղ եւ միջազգային ճանաչում: Նշվածով հանդերձ՝ մենք  հասկանում ենք, որ բարձր պատասխանատվություն ենք կրում  ազգի եւ ապագա սերունդների առջեւ մեր պետության որակների եւ ներկայիս իրավիճակի համար: Միմյանց հերթափոխած իշխանությունների ապազգային գործունեության արդյունքում ամեն ինչ այսօր կեղծված է, պղծված ու անդունդի եզրը հասցված: Մեր շարքային հայրենակիցը վախենում է սեփական պետությունից ու չի վստահում նրան: Մենք համարում ենք, որ չկան ՀՀ նախկին ու ներկա իշխանություններ, կա ստի ու կեղծիքի վրա խարսխված բուրգ, որն ընդամենը անձերի փոփոխությամբ շարունակում է գործել՝ օր օրի երկիրը խորասուզելով իր կողմից ստեղծած կեղծիքի ու անբարոյականության ճահճի մեջ:
Վերջին 15 տարիների ընթացքում թիմից թիմ, դիրքից դիրք տեղափոխվող, իրենց իսկ կողմից հռչակված ազգային նպատակների փոխարեն իշխանության կերատաշտը թիրախ դարձրած «քաղաքական այրերի» վարքագիծը վերջնականապես հիասթափեցրել է մեզ՝ եւս մեկ անգամ բացահայտելով, թե ինչպիսի բարոյազրկություն է տիրում մեր ազգի քաղաքական վերնախավի ճնշող մեծամասնության մեջ: Պատերազմի ավարտից մինչ օրս Հայաստանի Հանրապետության իշխանությունները դիվանագիտական ճակատում շարունակում են հանցագործ շռայլությամբ վատնել այն, ինչը Արցախյան մարտադաշտերում ձեռք է բերվել հազարավոր անձնուրաց հայորդիների կյանքի գնով: Այսօր կարող ենք փաստել, որ գնալով անհասանելի է դառնում պատերազմում տարած փայլուն հաղթանակին համապատասխանող հաշտության պայմանագրի կնքումը Ադրբեջանի հետ»,- ասված է հայտարարությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել