Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԴՈՒ ԷԼ ՍՈՒՐԲ ՉԵՍ»

Փետրվար 09,2010 00:00

Իրար դեմք են բացահայտում

\"\"

«Ազգային միաբանություն»-
Հմայակ Հովհաննիսյան «փոխհրաձգություն»
Արձագանքելով «Առավոտի»՝ «Դհոլի տաշեղները դհոլի նման ստախոս են» (5. 02. 2010) հրապարակմանը, որը հեղինակել էր Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը խմբագրություն ներկայացրեց նախկինում կուսակցության հետ տեւական ժամանակ սերտորեն համագործակցած Հմայակ Հովհաննիսյանի «իրական դեմքը բացահայտող» փաստաթղթեր: Իր վերոնշյալ հրապարակմամբ Հմայակ Հովհաննիսյանը ներկայացնում է «դհոլաբանությունից» իր հեռանալու պատճառները՝ մեղադրելով ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանին «300 արծաթով» քանիցս՝ 2003 թ., 2004թ., 2008-ին իշխանությունների հետ համագործակցության գնալու մեջ:
ԱՄ փոխնախագահ Ալեքսան Կարապետյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ կուսակցությունում եւ համանուն խորհրդարանական խմբակցությունում Հմայակ Հովհաննիսյանի նկատմամբ «վերապահումներ» են սկսել գործել այն բանից հետո, երբ իրենք տեղեկացել են ՀՀ կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N84-Ն որոշման մասին: Համաձայն այդ որոշման՝ փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության մեկ այլ՝ 2003թ. նոյեմբերի 27-ի N 1857-Ն որոշման մեջ, որոնց արդյունքում «Հայաստանի քաղաքագետների ասոցիացիա» հասարակական կազմակերպության վարձակալած 437,4 մետր քառակուսի տարածքը ավելացվել է եւ դարձել 455,4 մետր քառակուսի: Այդ տարածքը 23 հազար ԱՄՆ դոլարով (1մետր քառակուսին՝ 50 դոլարով) վաճառվել է Հմայակ Հովհաննիսյանին: Հիշեցնենք, որ խոսքը քաղաքի կենտրոնում գտնվող բարեկարգ շինության մասին է: Երկու որոշումներն էլ կայացվել են Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք: Թե ինչպե՞ս է այդ տարածքը կառավարության հատուկ որոշմամբ եւ նույնիսկ այն ժամանակ «ջրի գին» համարվող արժեքով դարձել պարոն Հովհաննիսյանի սեփականությունը՝ «Ազգային միաբանությունում» մեկ եզրահանգման են եկել՝ «համագործակցություն իշխանությունների հետ»: Ի դեպ, պարոն Կարապետյանը տեղեկացրեց, որ երբ կուսակցական ղեկավար մարմինը «մեղադրանք» է ներկայացրել Հմայակ Հովհաննիսյանին եւ պարզաբանումներ պահանջել՝ նա չի հերքել իր համագործակցությունն իշխանությունների հետ եւ իրենց «հանգստացրել» է, թե՝ «դա ԱՄ-ի եւ նրա գործունեության հետ որեւէ կապ չունի, այլ ուղղված է ՕԵԿ-ի դեմ»: 2004թ. մարտի 4-ի իր նիստում ԱԺ «Ազգային միաբանություն» խմբակցության անդամներն 8 «կողմ» ձայնով որոշում են կայացնում խմբակցությունից հեռացնել Հմայակ Հովհաննիսյանին, քանի որ վերջինս՝ «վերջին շրջանում ունեցած իր ելույթներում ու հրապարակումներում արտահայտել է երկրի ներքաղաքական կյանքին վերաբերող առանձին մտքեր, որոնք իրենց էությամբ հակասում են ԱՄ խմբակցության դիրքորոշումներին եւ ԱՄ կուսակցության քաղաքական գծին»: Այս ամենից հետո ԱՄ-ականները, ըստ պարոն Կարապետյանի, որոշել են հարցն առանց ավելորդ ինտրիգների լուծել: Ինքն անձամբ է բարեխոսել Արտաշես Մամիկոնիչի մոտ, եւ առաջարկել են Հմայակ Հովհաննիսյանին դիմում գրել ու այդ կերպ հեռանալ խմբակցությունից, եւ 2004թ. մարտի 4-ին Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել խմբակցության ղեկավարին: Անդրադառնալով ԱՄ ղեկավարի եւ այլ կուսակցականների հասցեին Հմայակ Հովհաննիսյանի կողմից վերջերս հնչող վիրավորանքներին եւ որակումներին՝ ԱՄ փոխնախագահը հարկ է համարում մեջբերել այդ դիմումից մի հատված. «Անձամբ Ձեզ եւ ԱՄ խմբակցության բոլոր անդամներին շնորհակալություն եմ հայտնում համատեղ անցած ճանապարհի համար եւ հաջողություն եմ մաղթում Հայաստանում իշխանափոխության գործում, որին այսուհետ էլ՝ Ձեզ զինակցելով, ծառայելու եմ անկախ պատգամավորի կարգավիճակում»: Ավելի ուշ, երբ ԱՄ խմբակցությունը բոյկոտում էր խորհրդարանի աշխատանքները, Հմայակ Հովհաննիսյանը միանում է այդ ակցիային: ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանին ուղղված իր գրավոր պատասխանում՝ նախորդ նստաշրջանում ԱԺ քվեարկություններին իր չմասնակցելու բացատրությունում Հմայակ Հովհաննիսյանը գրում է. «…մուտք գործելով ներկա գումարման ԱԺ ԱՄ կուսակցության ընտրացուցակով՝ ես ԱԺ նիստերի բոյկոտի առանցքային հարցում պարտավոր եմ առաջնորդվել ոչ թե իմ, այլ ԱՄ կուսակցության դիրքորոշմամբ: Այս գումարման ԱԺ պատերում գործունեության համար ես պարտավոր եմ առաջնահերթ կարգով հաշվի առնել այն հույսերը, որ ինձ հետ կապում էին եւ շարունակում են կապել ԱՄ կուսակցության շարքային անդամները: Չէ՞ որ նրանց աջակցությամբ եւ համաձայնությամբ ես ընտրվեցի ԱՄ ընտրացուցակի առաջին եռյակում»: Սույն բացատրության մի օրինակի վրա Հ. Հովհաննիսյանի կողմից նաեւ ձեռագիր գրառում կա. «Մեծարգո Ա. Մ. Գեղամյան, խնդրում եմ սույն փաստաթղթի բովանդակությանը ծանոթացնել ԱՄ կուսակցության ակտիվին»:
Ի պատասխան այս ամենի՝ «Առավոտի» հետ զրույցում Հմայակ Հովհաննիսյանը նկատեց. «Եթե այդ մարդն ընտրություն է կեղծում, փաստաթուղթ, ստորագրություն կեղծելը նրա համար որեւէ բարդություն կամ բարոյական արգելք չի կարող ներկայացնել: Ժողովուրդը նրանց գիտի որպես կաշառակեր, ինչպե՞ս կարելի է լուրջ վերաբերվել նրանց ուղարկած «փաստաթղթերին»: Ես հիմա կզանգեմ Նապոլեոն Ազիզյանին, Աղասի Արշակյանին՝ նրանք էլ կարող են նույնն ասել: Էդ մարդն ուզում է իր դեմքը բացահայտե՞նք. կանենք, շատ շուտով»: Հմայակ Հովհաննիսյանը պնդում է, որ ՀՀ ԱԺ կանոնակարգով խմբակցությունից հեռացնելու կարգ սահմանված չէ: Ըստ այդ փաստաթղթի, խմբակցության անդամը հեռանում է սեփական նախաձեռնությամբ՝ դիմում գրելով ԱԺ նախագահին, ինչը եւ ինքն արել է՝ 2004-ի փետրվարին: Իսկ կուսակցությունից իրեն հեռացնել չէին կարող, քանի որ երբեք ԱՄ անդամ չի եղել: Ինչ վերաբերում է վիճելի տարածքին. «Թող Դհոլը պատասխան տա իր կաշառակերության համար: Ես այդ տարածքը գնել եմ օրինական կարգով, նույն գնով, ինչպես այդ շենքում տարածքներ սեփականաշնորհած այլ մարդիկ: Ի՞նչ իրավունք ունեն իմ սեփականության իրավունքը կասկածի տակ դնելու: Եթե մեր երկրում սեփականության իրավունքի հետ կապված խնդիրներ ունի՝ թող բարձրացնի, բայց սկսի Բյուրեղավանում իր դղյակից: Իմ տարածքը գրասենյակային է: Ես այս երկրում վաստակ ունեմ եւ իրավունք ունեմ աշխատանքային պայմաններ ունենալու: Գեղամյանը հավակնություն ուներ այդ տարածքի կեսը վերցնելու՝ շանտաժի միջոցով: Ես կտրականապես մերժեցի»: Նա նաեւ պնդում է, որ 2003-ին ԱՄ-ն 14 տոկոս ձայն հավաքեց հենց իր ելույթների շնորհիվ. «Իրենց ձայները այդ 3 տոկոսն էր, որ 2007-ին ստացան: 11տոկոսը 2003-ին ես եմ բերել: 2007-ին տապալվեցին առանց ինձ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել