Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԻՍԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ ԼՈՆԴՈՆՈՒՄ

Փետրվար 09,2010 00:00

\"\"Այստեղ ՀՀ նախագահը էլի մեկ անգամ կհանդիպի սփյուռքահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հայաստանյան մամուլն արդեն հասցրել է անդրադառնալ Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 9-11-ը Մեծ Բրիտանիա կատարելիք այցին: Այդ առնչությամբ նույնիսկ վերլուծական հրապարակումներ են եղել, որոնք, ըստ էության, հանգել են այն եզրակացության, թե՝ Լոնդոն կատարելիք այցը կարող է կապված լինել հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունների հետ՝ դրանից բխող կանխատեսումներով հանդերձ: Բայց, ինչպես պարզվում է՝ Մեծ Բրիտանիայում, գոնե այդ երկրի պաշտոնական քաղաքականությունն իրականացնող կառավարական շրջանակներում եւ գործադիր մարմնում, Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներ նախատեսված չեն: Ս. Սարգսյանի այցը այնքան մասնավոր է, որ, ի տարբերություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Իրան կատարած մասնավոր այցի, նա Մեծ Բրիտանիայի գործադիր իշխանության ղեկավարի՝ տվյալ դեպքում վարչապետ Գորդոն Բրաունի հետ հանդիպում չի ունենա, չնայած այն բանին, որ, ինչպես «Առավոտի» աղբյուրներն են վկայում, ՀՀ նախկին վարչապետ եւ այս այցի հիմնական կազմակերպիչ Արմեն Սարգսյանը ջանադրաբար փորձել էր Սերժ Սարգսյանի համար նման հանդիպում կազմակերպել: Ու քանի որ գործը գլուխ չի եկել, Սերժ եւ Արմեն Սարգսյանները ստիպված են եղել բավարարվել ինչով որ կա: Ու, ինչպես ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ է ասված. Ս. Սարգսյանը Բուքինգհեմյան պալատում կհանդիպի Նորին մեծություն Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի, Հայաստանի նախագահի լոնդոնյան կեցավայրում՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Միլիբենդի ու արքայազն Չարլզի հետ:
Ամենեւին չենք ուզում նսեմացնել Նորին մեծություն Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի կամ արքայազն Չարլզի անձը, բայց փաստն այն է, որ նրանք Մեծ Բրիտանիայում ընդամենը խորհրդանիշներ են եւ գործնական ազդեցություն չունեն երկրի կառավարման, քաղաքական որոշումներ ընդունելու վրա, եւ նրանց հետ հանդիպումներն էլ, այսպես կոչված՝ «պրոտոկոլային» չեն: Դիվանագիտական մեր աղբյուրները փոխանցում են, որ Արմեն Սարգսյանին հաջողվել է ՀՀ նախագահի հետ այդ հանդիպումները կազմակերպել իր անձնական կապերի շնորհիվ՝ օգտագործելով, օրինակ՝ այն հանգամանքը, որ ինքն ու արքայազն Չարլզը ծանոթներ են ու ճարտարագիտական ինչ-որ կազմակերպության հոգաբարձուներ են: Թերեւս, հենց դրանով էլ բացատրվում է պաշտոնական հաղորդագրության մեջ շեշտվող այն միջոցառման մասին, որը տեղի է ունենալու Վինձորյան պալատում: Պարզվում է, որ արքայազն Չարլզն ու ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը նախաձեռնել են «Երեւան՝ իմ սեր» նախագծի մեկնարկն ազդարարող ընդունելություն եւ համերգ: Իսկ այդ նախագծի շրջանակում նախատեսվում է Երեւանի կենտրոնում գտնվող պատմաճարտարապետական կարեւոր արժեք ունեցող չորս շինությունների վերանորոգում: Թե Երեւանի Կենտրոնում այդ ի՞նչ պատմաճարտարապետական արժեքների մասին է խոսքը՝ դեռ պետք է պարզել: Բայց փոխարենը պարզ է, թե ինչպես եւ ինչ առիթով հաջողվեց կազմակերպել ՀՀ նախագահի եւ արքայազն Չարլզի հանդիպումը, որը ՀՀ իշխանությունները փորձում են ներկայացնել որպես կարեւոր իրադարձություն: Մեր տեղեկություններով, այդ ընդունելություն-համերգը դրա մասնակիցների, այդ թվում՝ այդ առիթով տարբեր երկրներից, նաեւ Ռուսաստանից Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք ժամանած հայկական Սփյուռքի ներկայացուցիչների, այդ թվում՝ մոսկվաբնակ գործարարների համար արժենալու է ամենաքիչը 25 հազար ֆունտ ստերլինգ, որովհետեւ կազմակերպվող ճաշկերույթի յուրաքանչյուր, այսպես ասած՝ «աթոռն» արժե հենց այդքան գումար:
Ս. Սարգսյանի եռօրյա մասնավոր այցի շրջանակներում նա չորեքշաբթի օրը ելույթ է ունենալու Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում՝ Չաթեմ Հաուզում, որտեղ անդրադառնալու է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բանակցային գործընթացներին, Հարավային Կովկասում վերջին զարգացումներին եւ առաջիկա տարում Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերներին։
Հետաքրքիր է, որ Լոնդոնում ՀՀ նախագահը հարցազրույց է տալու «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը: Վերջում հավելենք, որ Լոնդոնում հայկական շրջանակներով այս միջոցառումներին մասնակցելու նպատակով Միացյալ Թագավորություն մեկնող պատվիրակության կազմում են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը, որը, հավանաբար, բախտ չի ունենա առանձին հանդիպելու իր բրիտանացի գործընկերոջ հետ, ու Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել