Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Փետրվար 06,2010 00:00

\"a\"

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնյոթերորդ

ԱՐԱՂԻ ՀԵՏԵՎԻՑ

Եվ ես մթության մեջ շորերս գտնելով հագնվեցի, դուրս եկա, դուռը դրսից բանալիով փակեցի ու լիֆտին չսպասելով՝ ոտքով իջա չորրորդ հարկ, եւ երբ մտա Անդրյուշայի սենյակ, տղերքն ապշահար ինձ նայեցին, ու էնքան զարմացած էին ինձ նայում, որ ակամա հարցրի՝ «ի՞նչ ա պատահել», եւ ապշահար Կլիմն ինձ հարցրեց՝ «էս առանց արաղի ե՞ս» եւ ժպտալով ավելացրեց՝ «մենք էլ արխային էս երկրորդ շիշը տշեցինք», եւ Դիման թախծոտ ասաց՝ «մեծ դժբախտություն չի», եւ ես մեղավոր ժպտալով ասացի՝ «մոռացել էի», եւ Կլիմն ապշահար նայեց ինձ ու հարցրեց՝ «ի՞նչն էիր մոռացել», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «արաղը», եւ Կլիմը հանգստացած շունչ քաշելով ասաց՝ «արաղի համար չէի՞ր գնացել», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Կլիմը զարմացած հարցրեց՝ «բա էսքան վախտ ի՞նչ էիր անում», եւ ես խաբելով ասացի՝ «Սոկոլովի հետ էի խոսում», եւ Դիման զարմացած հարցրեց՝ «էսքան վախտ էդ անասունի հետ էի՞ր խոսում», եւ ես ժպտալով ասացի՝ «գնամ բերեմ», եւ Կլիմը ծիծաղելով հարցրեց՝ «Սոկոլովի՞ն», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «չէ՝ արաղը» եւ Անդրյուշայի սենյակից դուրս թռչելով՝ սուրացի մեր յոթերորդ հարկ, եւ իմ սենյակից յոթ հարյուր հիսուն գրամանոց «Պշենիչնու» շիշը վերցնելով՝ սենյակիս դուռն էի փակում, երբ դեմս դուրս եկավ Սոկոլովը, ու էս բաներն էսքան լավ ու էսքան մանրամասն եմ հիշում, որովհետեւ էդ օրն իմ կյանքի ամենաբովանդակալից օրերից էր՝ ոչ միայն Նինայի առումով, այլեւ Սանյայի մեծ բացակայության ու Սոկոլովի հետ իմ էդ առաջին առերեսումների առումներով, եւ երբ սենյակիցս դուրս եկա, Սոկոլովն օղու շշին նայելով հարցրեց՝ «արաղը քչություն արե՞ց», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ ինքն ասաց՝ «զարմանալի ա», եւ ես հարցրի՝ «խի՞ ա զարմանալի», եւ Սոկոլովը քմծիծաղով ասաց՝ «Ռոդիոնովի բացակայության պայմաններում պիտի որ արաղն ավելանար, ոչ թե պակասեր», եւ ես հարցրի՝ «Ռոդիոնո՞վն ինչ կապ ունի», եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ «հիմնական խմողն ինքն էր», եւ ես ժպտալով հարցրի՝ «կարող ա՞ մենք տղամարդ չենք», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «տղամարդը տղամարդ եք, բայց, ի տարբերություն Սանյա Ռոդիոնովի, ձեր չափը ճանաչում եք» եւ մի քիչ էլ մտածեց ու Ֆրունզի ոճով ավելացրեց՝ «յա տակ դումայու», եւ ես ժպտալով ասացի՝ «դե լավ ա, որ մեր մասին էդքան բարձր կարծիքի ես», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով ասաց՝ «խմիչքի առումով եմ բարձր կարծիքի» եւ մի քիչ էլ մտածեց ու խորամանկ ժպտալով ավելացրեց՝ «ես մարդկանց անձնականի մեջ խորանալու սովորություն չունեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու լրջանալով ասաց՝ «եթե տվյալ անձնավորությունը շրջապատի ու հասարակության կյանքին վտանգ չի սպառնում, ես էդ անձնավորության հետ որեւէ խնդիր չեմ ունենում», եւ ես ժպտալով ասացի՝ «որովհետեւ ճիշտ մարդ ես» եւ ծիծաղելով ավելացրի՝ «յա տակ դումայու», եւ Սոկոլովը գոհունակությամբ ժպտալով ասաց՝ «ուրախ եմ, որ իմ մասին էդպես ես մտածում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ուրախ եմ, որ կես խոսքից իրար հասկանում ենք», եւ ես ժպտալով ասացի՝ «նույնիսկ առանց խոսքի ենք իրար հասկանում», եւ Սոկոլովը շշիս նայելով հարցրեց՝ «շատ մեծ չի՞», եւ ես ասացի՝ «մենակ չեմ», եւ Սոկոլովը խորամանկ ժպտալով ասաց՝ «գիտեմ, որ մենակ չես», եւ ես ասացի՝ «տղերքն ինձ են սպասում», եւ Սոկոլովը զարմացած հարցրեց՝ «էդ շիշը տղերքին ե՞ս տանում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա», եւ Սոկոլովը խորամանկ ժպտալով ասաց՝ «ես էլ ուրիշ բան մտածեցի», եւ ես ժպտալով ասացի՝ «իզուր ես ուրիշ բաներ մտածում», եւ Սոկոլովը խորամանկ ժպտալով ասաց՝ «ես ինձ չվերաբերող երեւույթների մեջ խորանալու սովորություն չունեմ», եւ ես ժպտալով կրկնեցի՝ «որովհետեւ ճիշտ մարդ ես», եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ «դու էլ պակասը չես» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «փաստորեն, բոլորի կողմից սիրված ես», եւ ես հարցրի՝ «ո՞ւմ կողմից եմ սիրված», եւ Սոկոլովը խորամանկ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «տարբեր խավերի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մեծահոգի ես, դրա համար էլ քեզ սիրում են», եւ ես հարցրի՝ «ո՞նց եմ մեծահոգի», եւ Սոկոլովը շշիս նայելով ասաց՝ «մենակ մեծահոգի մարդը կարա էս մեծ շիշն ուրիշներին տա», եւ ես հարցրի՝ «կարող ա՞ էս մեծ շիշը մենակ խմեի», եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ «դրա համար էլ ասում եմ, որ մեծահոգի ես», եւ ես ժպտալով հարցրի՝ «հետներս մի բաժակ բան չե՞ս խմի», եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ «էդ շիշը ձեզ հազիվ էլ հերիքի» եւ մի քիչ մտածեց ու լրջանալով ավելացրեց՝ «անկոչ հյուրը թաթարից էլ ա վատ», եւ ես ասացի՝ «ես հրավիրում եմ», եւ Սոկոլովն ասաց՝ «շատ շնորհակալ եմ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ձեզ բարի ժամանց եմ ցանկանում», եւ ես ժպտալով ասացի՝ «քո թույլտվությամբ», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես չորրորդ հարկի համար պատասխանատու չեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու խորամանկ ժպտալով ավելացրեց՝ «ես մենակ մեր էս յոթերորդ հարկի կարգուկանոնի համար եմ պատասխանատու», եւ ես ժպտալով հարցրի՝ «մեր հարկի կարգուկանոնից դժգո՞հ ես», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սանյայի բացակայության շնորհիվ ոնց որ մեր հարկի կյանքը կարգավորվել ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ» եւ մի քիչ էլ մտածեց ու հոգոց հանելով ավելացրեց՝ «հենց Սանյան վերադառնա՝ ամեն ինչ էլի տակնուվրա կանի», եւ ես ասացի՝ «իրար շատ եք ատում», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես իրան էնքան չեմ ատում, ինչքան ինքը՝ ինձ», եւ ես ժպտալով ասացի՝ «ձեր ատելությունը միանգամայն փոխադարձ ա», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի ճիշտ ես ասում», եւ ես ժպտալով ասացի՝ «որ դուք իրար հետ բարիշեք՝ մեր էս հարկում իսկական խաղաղություն կտիրի», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «անհնարին բան ես ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էս «Լիտգազետայի» պատմվածքից հետո Սանյան քիթն ավելի կցցի», եւ ես զարմացած հարցրի՝ «խի՞ պիտի ավելի ցցի», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու անսպասելի ասաց՝ «որովհետեւ շատ հաջող պատմվածք էր», եւ ես զարմացած հարցրի՝ «իրա էդ պատմվածքը հավանե՞լ ես», եւ Սոկոլովը մտահոգ ասաց՝ «ցավոք սրտի՝ շատ եմ հավանել», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ ուրախ եմ, որ հավանել ես», եւ Սոկոլովը զարմացած հարցրեց՝ «դո՞ւ ինչի ես ուրախ. կարող ա՞ քո պատմվածքն եմ հավանել», եւ ես ժպտալով ասացի՝ «դուք որ իրար հետ բարիշեք, մենակ էդ դեպքում էս հարկում կարգուկանոն կհաստատվի», եւ Սոկոլովը զարմացած հարցրեց՝ «բայց ո՞նց պիտի բարիշենք», եւ ես ժպտալով ասացի՝ «ձեզ բարիշացնելն իմ վրա», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ էդ պատմվածքը հավանել եմ, էդ չի նշանակում, թե ուզում եմ հետը բարիշեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «ձեր բարիշելը ձեր անձնական հարցը չի», եւ Սոկոլովը զարմացած հարցրեց՝ «ո՞նց մեր անձնական հարցը չի», եւ ես ժպտալով ասացի՝ «եթե իրոք մեր հարկի կարգուկանոնի մասին ես մտածում, ստիպված պիտի Սանյայի հետ բարիշես», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չհասկացա», եւ ես ասացի՝ «որ դուք իրար հետ բարիշեք, էս հարկում իսկական խաղաղություն կտիրի», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «կարծում ես՝ խմելը կպակասացնի՞», եւ ես ասացի՝ «խմելը ոչ մի կապ չունի», եւ Սոկոլովը զարմացած հարցրեց՝ «ո՞նց ոչ մի կապ չունի», եւ ես ասացի՝ «որ իրար հետ բարիշեք, իրա խմելուց էդքան չես նեղվի», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իրա խմելը բոլորին ա նեղություն պատճառում», եւ ես ասացի՝ «բոլորին կարող ա պատճառի, բայց քեզ չի պատճառի», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սանյան դժվար թե հետս բարիշի», եւ ես ասացի՝ «կարեւորը քո ցանկանալն ա», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «իմ ցանկանալը շատ քիչ ա», եւ ես ժպտալով հարցրի՝ «բայց ցանկանո՞ւմ ես», եւ ինքը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ պատմվածքից հետո, կարելի ա ասել, մեջս որոշ ցանկություն կա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց ինքը դժվար թե ուզենա», եւ ես ասացի՝ «ինձ թվում ա՝ կուզենա», եւ ինքը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ախր Սանյան ինձ վերին աստիճանի ա ատում», եւ ես ժպտալով ասացի՝ «էլ չի ատի», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սանյային լավ չես ճանաչում», եւ ես ասացի՝ «կարող ա Սանյային լավ չեմ ճանաչում, բայց գրողներին շատ լավ եմ ճանաչում», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սանյան մյուս գրողներից շատ ա տարբերվում», եւ ես ժպտալով ասացի՝ «չի կարա շատ տարբերվի» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «հենց որ իմանա՝ էդ պատմվածքը հավանել ես, միանգամից իրա աչքի լույսը կդառնաս», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «կարծո՞ւմ ես», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «համոզված եմ», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «տա Աստված», եւ ես ժպտալով հարցրի՝ «Աստծուն հավատո՞ւմ ես», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ժամանակ առ ժամանակ հավատում եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «կարծում ես՝ թշնամիներ ունենալը հաճելի՞ բան ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ՝ Սանյայի պես թշնամիներ», եւ ես ժպտալով ասացի՝ «հեչ հաճելի բան չի», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «էդ պատմվածքից հետո հաստատ ավելի մեծամտացած կըլնի», եւ ես հարցրի՝ «էդ պատմվածքն էդքան հավանել ե՞ս», եւ Սոկոլովը զարմացած հարցրեց՝ «դու չես հավանե՞լ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «հավանել եմ», եւ Սոկոլովն ասաց՝ «որ էդքան երկար մտածեցիր, ուրեմն՝ էնքան էլ չես հավանել» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ավելի ճիշտ՝ չես հասկացել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «որովհետեւ էդ պատմվածքը հնարավոր չի չհավանել» եւ մի քիչ էլ մտածեց ու հառաչելով ավելացրեց՝ «ցավոք սրտի», եւ ես ժպտալով հարցրի՝ «խի՞ ցավոք սրտի», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «իբր քիչ մեծամիտ էր, հիմա պատկերացնում եմ՝ ինչքան ա մեծամտանալու», եւ ես ասացի՝ «որ իմանա էդ պատմվածքը հավանել ես, շատ կուրախանա», եւ Սոկոլովն ասաց՝ «էդ պատմվածքը չորս անգամ կարդացել եմ», եւ ես զարմացած հարցրի՝ «խի՞ չորս անգամ», եւ Սոկոլովն ասաց՝ «էդ պատմվածքը մի անգամ կարդալով դժվար թե հասկանաս» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ամեն կարդալուց նորանոր շերտեր ես հայտնաբերում» եւ մի քիչ էլ մտածեց ու հարցրեց՝ «դո՞ւ քանի անգամ ես կարդացել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «մի անգամ» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «մեկուկես» եւ մի քիչ էլ մտածեցի ու ասացի՝ «առաջին անգամ կիսատպռատ կարդացի, երկրորդ անգամ՝ լրիվ», եւ Սոկոլովն ասաց՝ «մի անգամ կարդալով դժվար թե հասկանաս» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մանավանդ՝ դու», եւ ես ժպտալով հարցրի՝ «էդքան բութ ե՞մ», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինչքան չըլնի՝ ռուսերենը մայրենի լեզուդ չի», եւ ես ժպտալով հարցրի՝ «թե՞ ճաշակիս ես կասկածում», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես որ չորս անգամ կարդալուց հետո եմ հասկացել, դու առնվազն հինգ անգամ պիտի կարդաս, որ էդ պատմվածքի մասին լիարժեք պատկերացում կազմես», եւ ես ասացի՝ «էդ պատմվածքն առաջին անգամ ամիսուկես առաջ եմ կարդացել», եւ Սոկոլովը զարմացած հարցրեց՝ «ո՞նց ես ամիսուկես առաջ կարդացել», եւ ես ասացի՝ «ինքն էդ պատմվածքը որ նոր էր գրել, տվեց՝ կարդացի», եւ Սոկոլովը հարցրեց՝ «տպվելուց հետո չես կարդացե՞լ», եւ ես ասացի՝ «տպվելուց հետո ավելի ուշադիր կարդացի» եւ ժպտալով ավելացրի՝ «բայց ընդամենը մի անգամ», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «ուրեմն, ինքը քեզ շատ ա վստահում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «թե չէ՝ չէր տա ձեռագիրը կարդաս», եւ ես ժպտալով ասացի՝ «ձեռագիր չէր՝ մեքենագիր էր», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «խորհուրդ կտամ՝ էդ պատմվածքը մի անգամ էլ կարդաս», եւ ես ասացի՝ «էդ թերթը չունեմ», եւ Սոկոլովն ասաց՝ «ես ունեմ՝ կտամ» եւ մի քիչ մտածեց ու մտահոգ ավելացրեց՝ «շատ զարմանալի ա», եւ ես հարցրի՝ «ի՞նչն ա զարմանալի», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «զարմանում եմ, որ էդ ալկաշն էդքան ուժեղ պատմվածք ա գրել», եւ ես հարցրի՝ «ինչո՞վ ա ուժեղ», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ մի անգամ էլ կարդաս՝ կխոսենք», եւ ես ժպտալով ասացի՝ «շա՜տ ուրախ եմ», եւ Սոկոլովը հարցրեց՝ «ինչի՞ համար ես ուրախ», եւ ես ասացի՝ «մեծահոգությանդ համար», եւ Սոկոլովը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ մեծահոգություն», եւ ես ասացի՝ «պիտի շատ մեծահոգի ըլնես, որ թշնամուդ գրածը հավանես», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես թշնամի չունեմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ոչ թե մեծահոգի եմ, այլ՝ օբյեկտիվ», եւ ես ասացի՝ «մեծահոգությունը հենց օբյեկտիվությունն ա», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ մի անգամ էլ կարդաս՝ ավելի լուրջ կխոսենք», եւ ես ասացի՝ «գնամ. տղերքը սպասում են», եւ Սոկոլովը խորամանկ ժպտալով ասաց՝ «մի մոռացիր, որ ուրիշ սպասողներ էլ ունես», եւ ես հարցրի՝ «ուրիշ ո՞վ ա սպասում», եւ Սոկոլովը խորամանկ ժպտալով ասաց՝ «ես որ մի բան հաստատ ճշտած չեմ լինում՝ էդ մասին չեմ խոսում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «տա Աստված՝ կասկածներս արդարանան», եւ ես ժպտալով հարցրի՝ «կասկածներդ որ արդարանան՝ ի՞նչ կանես», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «սրտանց կուրախանամ», եւ ես հարցրի՝ «ինչի՞ համար կուրախանաս», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «ժողովուրդների բարեկամության», եւ ես ժպտալով հարցրի՝ «որ կասկածներդ արդարանան՝ կարող ա՞ գրես», եւ Սոկոլովը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ գրեմ», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «նամակ», եւ Սոկոլովն ավելի զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ գրեմ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «ռեկտորատ», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ կասկածներս արդարանան՝ պատմվածք կգրեմ», եւ ես ժպտալով հարցրի՝ «ինչի՞ մասին», եւ Սոկոլովը ծիծաղելով պատասխանեց ու ասաց՝ «ժողովուրդների բարեկամության», եւ ես ժպտալով ասացի՝ «ավելի լավ ա պատմվածք գրես, քան՝ նամակ», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես էլ եմ էդ կարծիքին» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «թե չէ՝ Սանյան որ էս տեմպերով շարունակի, Նոբելյան էլ կստանա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «չնայած… ռուսներին Նոբելյան չեն տալիս», եւ ես հարցրի՝ ո՞վ չի տալիս», եւ Սոկոլովը քամահրանքով ասաց՝ «իբր թե չգիտես», եւ ես ասացի՝ «չգիտեմ», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ջհուդ մասոնները», եւ ես ասացի՝ «բայց ռուսները մի քանի հատ Նոբելյան ունեն», եւ Սոկոլովն ասաց՝ «դրանք ոչ թե ռուս գրողներ են, այլ, մեղմ ասած, ռուսալեզու գրողներ», եւ ես հարցրի՝ «Շոլոխովը ռուս չի՞», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Շոլոխովը բացառություն ա», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «ասում ես՝ հաջորդ բացառությունը Սանյան ա՞ ըլնելու», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «որ ձեռներս ծալած նստեմ, ու Սանյան էլ խմելուն զուգահեռ էս տեսակ ուժեղ պատմվածքներ գրի, հաստատ հաջորդ բացառությունն ինքը կըլնի», եւ ես ժպտալով ասացի՝ «ավելի լավ ա պատմվածք գրես, քան՝ անոնիմկա», եւ Սանյան ժպտալով ասաց՝ «ես էլ եմ էդ կարծիքին» եւ մի քիչ մտածեց ու հանկարծակի լրջանալով ավելացրեց՝ «ես երբեք անոնիմկաներ չեմ գրել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելի լրջանալով ասաց՝ «ես միշտ էլ էդ նամակներիս տակ անունս ու ազգանունս դրել եմ», եւ ես ծիծաղելով ասացի՝ «կարաս էդ նամակներդ Նոբելյան մրցանակի ներկայացնես», եւ Սոկոլովը տխուր ժպտալով հարցրեց՝ «ձեռ ե՞ս առնում», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ նամակներդ մեծ հաճույքով կկարդայի», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով ասաց՝ «էդ հնարավորությունն արդեն ունես» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «բայց քեզ էդ հնարավորությունից կզրկեմ», եւ ես ժպտալով հարցրի՝ «ո՞նց կզրկես», եւ Սոկոլովը շշնջալով հարցրեց՝ «մի բան որ ասեմ՝ մեր մեջ կմնա՞», եւ ես ասացի՝ «ասա», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու շշնջալով ասաց՝ «սրանից հետո մենակ գեղարվեստական եմ գրելու», եւ ես հարցրի՝ «այսինքն», եւ Սոկոլովը շշնջալով ասաց՝ «այսինքն, էդ նամակներին վերջ եմ տալու ու սրանից հետո մենակ պատմվածք եմ գրելու», եւ ես ժպտալով ասացի՝ «վեպ ու վիպակ էլ կարաս գրես», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «այսինքն, գեղարվեստական», եւ ես ծիծաղելով հարցրի՝ «գեղարվեստակա՞ն», եւ Սոկոլովն ասաց՝ «խի՞ ես ծիծաղում. ես լրիվ լուրջ եմ ասում», եւ ես ծիծաղելով ասացի՝ «լրիվ լուրջ եմ ծիծաղում», եւ Սոկոլովը շշնջալով հարցրեց՝ «մի բան էլ որ ասեմ, էլի մեր մեջ կմնա՞», եւ ես ասացի՝ «ասա», եւ Սոկոլովը ձայնն ավելի ցածրացնելով ասաց՝ «Սանյայի էդ պատմվածքը որ կարդացի, մեջս գրելու ցանկություն առաջացավ», եւ ես ժպտալով հարցրի՝ «գեղարվեստակա՞ն», եւ Սոկոլովը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «գեղարվեստական», եւ ես ժպտալով հարցրի՝ «քանի՞ տարվա անդամ ես», եւ ինքը հարցրեց՝ «կուսակցությա՞ն», եւ ես ասացի՝ «չէ՝ Գրողների միության», եւ ինքը մի քիչ մտածեց ու ասաց՝ «փետրվարին ութ տարին կլրանա», եւ ես ժպտալով ասացի՝ «Գրողների միության անդամը պարտավոր ա գրել», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «մինչեւ անդամ դառնալս ավելի շատ էի գրում», եւ ես ժպտալով հարցրի՝ «գեղարվեստակա՞ն», եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ «հա», եւ ես ասացի՝ «գրողը պիտի ամեն օր գրի» եւ ժպտալով ավելացրի՝ «ոչ թե նամակ, այլ՝ գեղարվեստական», եւ Սոկոլովը կողքերը նայելով կամացուկ ասաց՝ «Սանյայի էդ պատմվածքը որ կարդացի, միանգամից մեջս գրելու ցանկություն առաջացավ» եւ մի քիչ մտածեց ու կամացուկ ավելացրեց՝ «էս ասածս մեր մեջ ա չէ՞ մնում», եւ ես ժպտալով ասացի՝ «ոչ ոքի չեմ ասի», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ում ուզում ես ասա, մենակ թե իրան՝ Սանյային չասես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «քիչ մեծամիտ ա, էս էլ որ իմացավ՝ վաբշե հետը չեմ կարա խոսամ», եւ ես ժպտալով ասացի՝ «մեկ ա՝ իրար հետ չեք խոսում», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էսօր չենք խոսում՝ վաղը կարող ա խոսանք», եւ ես ասացի՝ «ձեզ բարիշացնելն իմ վրա», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «անհնարին բան ես ասում», եւ ես ասացի՝ «ձեզ բարիշացնելն ընդամենը տեխնիկայի հարց ա» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «կարեւորն էն ա, որ իրա էդ պատմվածքը հավանել ես», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սանյային վատ ես ճանաչում», եւ ես ժպտալով ասացի՝ «համ Սանյային եմ ճանաչում, համ էլ՝ մյուս գրողներին», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սանյան մյուս գրողներին հեչ նման չի», եւ ես ժպտալով ասացի՝ «քեզ ա թվում», եւ Սոկոլովը հարցրեց՝ «ինչո՞վ ա նման», եւ ես ասացի՝ «առաջին հերթին՝ փառասիրությամբ», եւ Սանյան մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «ինքը փառասեր ա՞», եւ ես ժպտալով ասացի՝ «սաղ գրողներն էլ փառասեր են», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «դու էլ ե՞ս փառասեր», եւ ես ժպտալով ասացի՝ «կարաս չկասկածես», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «ես էլ ե՞մ փառասեր», եւ ես ծիծաղելով պատասխանեցի ու ասացի՝ «կարաս չկասկածես», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «փառասիրությունս ե՞րբ ես տեսել», եւ ես ժպտալով ասացի՝ «շուտով կտեսնեմ», եւ Սոկոլովը զարմացած հարցրեց՝ «շուտով՝ ե՞րբ», եւ ես ժպտալով ասացի՝ «հենց որ նորից սկսես գրել», եւ Սոկոլովը ժպտալով հարցրեց՝ «գեղարվեստակա՞ն», եւ ես ժպտալով ասացի՝ «գեղարվեստական», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ ինքնավստահ ես խոսում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ իմաստով», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդքան վստա՞հ ես, որ ուզում եմ էդ ալկաշի հետ բարիշեմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «որ չուզեիր, իրա էդ պատմվածքը չէիր հավանի», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու զարմացած հարցրեց՝ «պատմվածքը հավանելն ի՞նչ կապ ունի», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ մեծ կապ ունի» եւ մի քիչ մտածեցի ու ժպտալով ավելացրի՝ «որ մտքիդ բարիշել չըլներ, կասեիր, որ իրա էդ պատմվածքը շատ թույլ գործ ա», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «շա՜տ ուժեղ հոգեբան ես», եւ ես ժպտալով ասացի՝ «ես էլ եմ էդ կարծիքին», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ուժեղ հոգեբան ես, բայց մի քիչ սխալվում ես», եւ ես հարցրի՝ «ո՞ր հարցում եմ սխալվում», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հերթականության հարցում», եւ ես հարցրի՝ «ի՞նչ հերթականություն», եւ Սոկոլովը ժպտալով ասաց՝ «ես իրա էդ պատմվածքը հավանել եմ, դրա համար էլ ուզում եմ հետը բարիշեմ», եւ ես ասացի՝ «իմ ասածն ես կրկնում», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դու լրիվ հակառակն ես ասում», եւ ես հարցրի՝ «ո՞նց եմ հակառակն ասում», եւ Սոկոլովն ասաց՝ «ասում ես, իբր, էդ ալկաշի հետ ուզում եմ բարիշեմ, դրա համար եմ «Լիտգազետայի» էդ պատմվածքը հավանել», եւ ես հարցրի՝ «տարբերությունը ո՞րն ա», եւ Սոկոլովն ասաց՝ «տարբերությունը շատ մեծ ա», եւ ես ասացի՝ «էդ հավի ու ձվի պատմությունն էղավ», եւ Սոկոլովը հարցրեց՝ «ի՞նչ հավ», եւ ես ասացի՝ «որ ասում են՝ սկզբում հա՞վն ա էղել, թե՝ ձուն», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «սկզբում էդ անշնորհքի պատմվածքն եմ հավանել», եւ ես ծիծաղելով ասացի՝ «պարզվում ա՝ էդ անշնորհքը լավ էլ շնորհքով ա», եւ Սոկոլովը մի քիչ մտածեց ու մտահոգ ասաց՝ «ցավոք սրտի՝ էդպես ա»:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել