Երեկ Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում բացվեց Պավլոս Բորոյանի անվան տիկնիկային թանգարանը՝ շուրջ 150 նմուշներով, չնայած թանգարանային ֆոնդը գերազանցում է 3000-ը: Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը պատմեց, որ թանգարանը հիմնադրվել է 1975 թ.՝ թատրոնի հիմնադիր կազմի դերասան Պավլոս Բորոյանի ջանքերով եւ ԽՍՀՄ կուլտուրայի մինիստրության որոշմամբ: Այն ներառում է թատրոնի պատմությունը լուսաբանող ուշագրավ նյութեր: Տիկնիկների թանգարանը այս տարիներին համալրվել է Բուլղարիայից, Նորվեգիայից, Իրանից, Ինդոնեզիայից, Ղազախստանից, Չինաստանից եւ այլ երկրներից բերված տիկնիկներով: Ցուցադրված էին Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդիի, ՀՀ երկրորդ նախագահի տիկին Բելլա Քոչարյանի, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի եւ այլոց նվիրած տիկնիկները:
1982-ին Երեւանում անցկացված Անդրկովկասյան երկրների տիկնիկային թատրոնների փառատոնից հետո, որի շրջանակներում գործել է նաեւ ձեւավորող-նկարիչների աշխատանքների ցուցահանդես՝ փառատոնի ավարտին ցուցահանդեսին մասնակցած հեղինակային աշխատանքները՝ տիկնիկներ եւ էսքիզներ, նույնպես հանձնվել են թատրոնին: Թանգարանի կայացմանը աջակցել է «Հայաստան» հիմնադրամը՝ «Մշակութային ժառանգության պահպանման» ծրագրի շրջանակներում հնարավորություն ընձեռելով վերականգնել 150 տիկնիկ եւ պատրաստել ներկայիս ցուցադրության ձեւավորման էսքիզներն ու գիտացուցադրական պլանը, օգնել են մշակույթի նախարարությունը եւ Կենտրոնի թաղապետը: «Միայն այն, թե ինչպիսի ուրախությամբ են երեխաները լուսանկարվում տիկնիկների հետ, արդեն ինչ-որ բան ասում է: Մայրաքաղաքը պիտի ապրի մայրաքաղաքային կյանքով, ինչի գրավականը միայն խանութներն ու ռեստորանները չեն, այլ նաեւ թատրոնները, թանգարանները, համերգասրահները: Նման թանգարաններ աշխարհում հազիվ 7-8-ը լինեն, այն էլ այնպիսի երկրներում, որոնք տիկնիկային արվեստի հարուստ պատմություն ունեն: Դրանց թվում են Վիետնամը, Ճապոնիան, Անգլիան, Հնդկաստանը»,- նշեց Ռ. Բաբայանը:
Երեկ ցուցադրվեց նաեւ Զարուհի Անտոնյանի «Ամպից պոկված հեքիաթը»՝ մատների հրաշալի ներկայացումը: Տիկնիկային թատրոնի այս ներկայացումը ապրիլին կցուցադրվի «Ոսկե դիմակ» հեղինակավոր փառատոնի շրջանակներում: