Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ

Փետրվար 06,2010 00:00

Արդեն քսան տարի է, ինչ Հայաստանն անկախ է: Սակայն զարմանալի չէ՞, միթե, որ գրեթե երկու տասնամյակ անկախությունից հետո կրթված եւ աշխատունակ իր ժողովրդով երկիրը դեռեւս գտնվում է տնտեսական տագնապի մեջ:

Ճիշտ է, որ Հայաստանը շրջափակված երկիր է, սակայն անկախ այդ իրողությունից, պետությունը տնտեսապես հաջողակ է, եթե ղեկավարությունն է իմաստուն: Նրանք պետք է տոգորված լինեն հայրենասիրությամբ ու ազգասիրությամբ, որը կպաշտպանի Հայաստանը մեկաշխարհական պղծումից (Մեկ Աշխարհի Իշխանության ստեղծումն ու բոլոր ազգերի ոչնչացումը):

Ազգային տեւական բարօրություն ստեղծելու շատ կարեւոր մի ազդակ է ապահով եւ պարկեշտ դրամական համակարգ ունենալը՝ հիմնված 100 տոկոսով ոսկու պաշարի վրա: Եթե ժողովուրդը ոսկի ունի կամ ապահովություն, որ հարկ եղած դեպքում կարող է ազատորեն իր պետական թղթադրամը փոխել ոսկու, ապա այդ ժողովուրդը ունի այն, ինչ որ կոչում են վետոյի ուժ, այսինքն՝ իր քաղաքական առաջնորդների կասկածելի դրամական գործառնությունների վրա արգելք դնելու, վետոյի հնարավորություն եւ իրավունք: Ճակատագրական սխալ էր Հայաստանի ոսկու հանքերի շահագործումն օտարներին հանձնելը: Քաղաքական գործիչները պետք է պահպանեն ամբողջ ժողովրդի բարօրությունը: Նրանք պետք է ներշնչեն գյուղացուն, որպեսզի վերջինս զգա, որ ինքն էլ կառուցվող պետության մի մասն է: Եթե քաղաքական գործիչները պաշտպանեն երկրի քաղաքացիների ազատության իրավունքը, իրենք եւս կշահեն՝ այդ նույն ազատության օդը շնչելով:

Ոչ մի անհատ իրավունք չի կարող ունենալ ինքնակամ որոշելու ազգի ճակատագիրը: Այսօր այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի տնտեսական բնագավառում, միայն անհատական ագահության հարց չէ: Դա շատ ավելի ծանրակշիռ երեւույթ է: Հայաստանն իր տնտեսությունը կարգի բերելու համար այնպիսի աղբյուրներից է ֆինանսական փոխառություններ ընդունում, որոնք միայն երեւութապես են շատ հրապուրիչ եւ դյուրամատչելի, մինչդեռ իրականության մեջ խիստ վտանգավոր են, քանի որ նպատակաուղղված են շահագործելու եւ կեղեքելու երկրի արդյունաբերությունը:

Արժույթի միջազգային հիմնադրամին եւ Համաշխարհային բանկին պետությունը պետք է վճարի խոշոր տոկոսագումարներ, որոնք պետության տնտեսությունը քայքայելու գործիքներ են: Երկրի վրա դրված խիստ ծանր պայմաններն այնպիսին են, որ երկրի առաջընթացը կասեցնում են, օրինակ՝ կառավարությանը պարտադրելով, որ քաղաքացիներից նոր ու ավելի ծանր տուրքեր պահանջի: Միայն ազատ ժողովուրդներն են ստեղծում իրական հարստություն, որն էլ իր հերթին հարուստ ու բարեկեցիկ պետություն է ստեղծում:

Այս ամբողջի բուն նպատակը վերջին հաշվով հայկական ոգու եւ հայ ազգի ծրագրված քայքայումն է, երկրի բնակչության պակասեցումը եւ Հայաստանը «միջազգային մի հողամաս» դարձնելն է:

Եթե կառավարությունը մերժի ընդունել Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի հատկացումները, ապա այդ ուժերը կարող են երկիրը կանգնեցնել այդ նույն ֆինանսական աղբյուրներից դրամական օժանդակություն ստացող դրացի որեւէ երկրի կողմից պատերազմ սանձազերծելու վտանգի առաջ:

Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը հմտորեն ծրագրում եւ վարպետորեն գործադրում են այս կամ այն երկրի տնտեսական եւ հասարակական կառուցվածքի փլուզումը՝ այդ երկիրը հասցնելով ստրկական վիճակի:

Հարցն այժմ հետեւյալն է. արդյո՞ք Հայաստանն իր ճակատագրի տնօրինումը պիտի զիջի համաշխարհային ոչ ընտրյալ մի դիվանակալության, որի նպատակն է հետեւողականորեն շարունակել մեր երկրին պարտադրել այն քաղաքականությունը, որն արդեն երկրում առաջացրել է համատարած տնտեսական քաոս:

Կամ արդյո՞ք Հայաստանը պիտի կարողանա իրեն վերապահված իրավունքով ընտրել մի այնպիսի կառավարություն, որն իշխանություն ունենա միջազգային ֆինանսական կապիտալիզմի անողոք շահագործումից պաշտպանելու իր ժողովուրդը եւ իր երկրի բնական հարստությունները:

2004 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ ԿԲ-ն այլեւս ոսկի չի կուտակելու, քանի որ ոսկին պահելը չափազանց փոքր եկամտաբերություն ունի: Այնուհետեւ նա վաճառեց 1.4 տոննա ոսկի՝ մեկ ունցիան 400 ԱՄՆ դոլարով (ընդ. 18 մլն դոլար): Ներկայիս դրությամբ՝ սույն թվականի հունվարի 6-ին, ոսկու գինը 1120 ԱՄՆ դոլար է՝ մեկ ունցիայի համար: Այսօր դա կկազմեր 50 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանի կառավարությունը պետք է պաշտպանի ոսկու հանքավայրերը: Դրանք պատկանում են ժողովրդին: Դա կարող էր ապահովել ժողովրդի դրամի արժեքը:

Ինչպե՞ս կարող ենք ասել, թե պատվում ենք մեր քրիստոնյա նախնիներին եւ շարունակել գումարներ ստանալ անարդար դրամական համակարգերից, երբ Քրիստոս տաճարից վռնդեց կեղծավոր առեւտրականներին, իսկ չորս օր անց խաչի արժանացավ: Քրիստոս «փոխզիջումներով» չէր զբաղված: Ամեն մի ժողովուրդ պետք է գտնի դեպի համաշխարհային պարտքերի ստրկության շղթաներից ազատ, կայուն եւ ամուր հասարակություն տանող իր սեփական ուղին:

ԱՐՏԱՎԱԶԴ ԱՎԱԳՅԱՆ, Բոքա Ռեյթըն, Ֆլորիդա, ԱՄՆ , Հունվար 6, 2010 [email protected]

Հ. Գ. Ես 92 տարեկան եմ: Իմ հայր Միքայելը Միացյալ Նահանգներ է գաղթել Խարբերդից՝ 1892 թվականին, մայրս՝ Ազնիվը, Խարբերդից եկել է 1905 թվականին: Ծնվել եմ Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում: Ես երգում էի մեր Սբ. Սարգիս հայկական եկեղեցում եւ աղոթում ազատ ու անկախ Հայաստանի համար ողջ կյանքումս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել