Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երիտասարդները դեմ են արձանագրություններին

Փետրվար 06,2010 00:00

Քանի որ դրանցում տեսնում են նախապայմաններ

Երեկ հայ-թուրքական հարաբերությունների եւ ստորագրված արձանագրությունների շուրջ երիտասարդների հետ «Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը» քննարկում էր կազմակերպել: Այդ հ/կ-ի անդամները գտնում են, որ լրատվամիջոցները սահմանափակ կերպով են ներկայացնում, իրենց բնորոշմամբ՝ ազգային շահերը ոտնահարող, նախապայմաններ պարունակող փաստաթղթի եւ քաղաքական գործընթացի դեմ հնչող փաստարկներն ու հիմնավորումները, ինչպես նաեւ չի երեւում, թե ինչպիսին է Հայաստանի եւ Սփյուռքի երիտասարդության վերաբերմունքը արձանագրությունների վերաբերյալ: Զրուցելով երիտասարդների հետ, որոնք հիմնականում ներկայացնում էին ՀՅԴ, ՍԴՀԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունները, պարզեցինք, որ նրանք դեմ են արձանագրություններին, քանի որ դրանցում նախապայմաններ են տեսնում:

«Ժառանգություն» խմբակցության փորձագետ Արմեն Թորոսյանն ասաց. «Մենք կողմ ենք դիվանագիտական հարաբերություններին, սահմանների բացմանը, բայց այս արձանագրությունների գինն ավելին է, քան պատրաստ ենք վճարել»:

«Հայ-թուրքական հարաբերություններ. հնարավոր զարգացումներ եւ հետեւանքներ» թեմայի շուրջ զեկույցներով հանդես եկան ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության ատենապետ Գագիկ Մելիքյանը եւ «Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական ուսանողական միության համակարգող խորհրդի անդամ Դանիել Իոաննեսյանը: «Մենք չենք, որ փակել ենք սահմանը, թող սահմանը փակողն ինքը մտածի այն բացելու մասին»,- այս կարծիքին են ՍԴՀԿ երիտասարդները: Նրանք ընկալելի չեն համարում Հայաստանի ղեկավարության կողմից առաջ քաշված ֆուտբոլային նախաձեռնողական քաղաքականությունը: Հնչակյան կուսակցության անդամները վստահ էին՝ Թուրքիան ոչ մի դեպքում ազնիվ հարաբերություններ չի սկսելու Հայաստանի հետ, եւ այս անգամ էլ մեր հարեւանն առաջնորդվում է ամեն գնով մեր երկիրն ընկճելու դարավոր քաղաքականությամբ: Հետագա հնարավոր զարգացումներում հնչակ երիտասարդները նշեցին 2 սցենար, որոնցից մեկն արձանագրությունների վերջնական վավերացումն ու սահմանների բացումն է: Այս դեպքում ՍԴՀԿ երիտասարդները մտավախություն ունեն, որ բաց սահման ունենալը թանկ է նստելու Հայաստանի վրա՝ բարոյական, տնտեսական եւ քաղաքական առումներով: «Միայն Արցախի խնդրում Հայաստանի կողմից զիջումներով է հնարավոր լինելու բացել սահմանը, ինչին ամեն գնով ձգտում է հասնել թուրքական դիվանագիտական մեքենան»,- կարծում է Գ. Մելիքյանը: Բարոյական առումով, ըստ հավաքվածների, «սեպ» է խրվելու Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ, քանի որ հայերի մի ստվար զանգվածի համար առանց ցեղասպանության ճանաչման, Հայ Դատի եւ պահանջատիրության՝ Թուրքիայի հետ հարաբերությունների սկսումն անհնար է:

«Ժառանգության» ներկայացուցիչ Դ. Իոաննեսյանը, ներկայացնելով հայ-թուրքական հարաբերությունների տարածաշրջանային զարգացումները, կարծիք հայտնեց, որ, ի տարբերություն այլ երկրների, Ադրբեջանին պետք չեն գերտերությունների վարկերը կամ դրամական օգնությունները, քանի որ այդ երկիրն ունի նավթ, որն անգամ ճգնաժամի պայմաններում կարող է ապահովել տնտեսական աճ: «Ադրբեջանի նախագահներ՝ հայր եւ որդի Ալիեւները, ունենալով լեգիտիմության դեֆիցիտ, ավելի քան 10 տարի դա լրացնում են ազգայնամոլական, ռազմահայրենասիրական, իսլամիստական քարոզչությամբ ու հայացքներով: Դա հանգեցրել է նրան, որ ադրբեջանցիք համոզված են, թե պատերազմի դեպքում իրենք հաշված օրերում կվերցնեն Արցախն ու Զանգեզուրը: Դրա համար էլ նրանք Ալիեւից պահանջում են պատերազմ սկսել Հայաստանի հետ»,- նշեց Դ. Իոաննիսյանը: Երիտասարդները կարծում են նաեւ, որ Հայաստանում կա իշխանության, ժողովրդավարության հետ կապված լուրջ խնդիր եւ միայն ներքին հարցերը լուծելուց հետո կարելի էր համապատասխան քայլեր անել արտաքին հարաբերությունների կարգավորման հարցում:

Ներկաները ընդգծեցին, որ Թուրքիան, այնուամենայնիվ, կվավերացնի արձանագրությունները՝ ապրիլի 24-ից հետո, որպեսզի խուսափի ապրիլի 24-ի «PR»-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել