Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ԻՑ ՉԵՆՔ ԵԿԵԼ՝ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ

Փետրվար 06,2010 00:00

\"\"Հայտարարում է պարող եւ երգիչ Միհրանը, որը միայն հաղթանակ է ակնկալում Էմմիի հետ Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնելու դեպքում:

2009թ. դեկտեմբերի 15-ից սկիզբ առած եվրատեսիլյան մարաթոնի առաջին փուլն ավարտված է. մրցույթին ներկայացված 30 երգից ընտրված է 10-ը, որոնք էլ պետք է փետրվարի 14-ին ներկայացվեն հայ ունկնդրին՝ ընտրություն կատարելու համար: Ի դեպ, փետրվարի 11-ին, ժամը 23-ին՝ «Հ1»-ի ուղիղ եթերում քվեարկությամբ կորոշվի մասնակիցների հաջորդականությունը: Ընտրված երգերից երկուսը ճանաչում ունեցող երգիչների՝ Էմմիի եւ Ռազմիկ Ամյանի կատարմամբ են, մեկը՝ վերջերս «Երկու աստղով» ճանաչելի դարձած իրանահայ Սոնյայի, իսկ մեկն էլ՝ մոսկվաբնակ հայ գործարարների աջակցությունը վայելող Եվա Ռիվասի: Ֆավորիտներն, իհարկե, երեքն են՝ առանց Սոնյայի…

«Առավոտի» նախորդ համարում տեղեկացրել էինք, որ ԱՄՆ-ից Երեւան է ժամանել Միհրան Կիրակոսյանը, որն էլ հավակնում է «Եվրատեսիլ 2010»-ին հանդես գալ Էմմիի հետ դուետով: Միհրանը որպես պարող հանդես է գալիս գերաստղեր Մադոննայի, Ռիկի Մարտինի, Բրիթնի Սփիրսի եւ այլոց շոուներում: Դուետի հետ կապված մանրամասներ իմանալու ակնկալիքով հանդիպեցինք Էմմիին եւ Միհրանին: Նրանք նախ տեղեկացրին, որ երգը նվիրվում է Մայքլ Ջեքսոնի հիշատակին: Միհրանը հավելեց, որ երաժշտության հեղինակն է ամերիկաբնակ հայազգի ճանաչված պրոդյուսեր, բազմաթիվ հիթերի հեղինակ Վաչե Տեր-Եղիշյանը, խոսքերի մասով էլ ինքը համահեղինակ է Վաչեի հետ: «Երգը վերնագրված է «Հե՜յ», ինչը բարեւ է նշանակում կամ կանչ: Շուրջ 3 րոպե տեւողությամբ այս ստեղծագործության ընթացքում կոչ ենք անում, որ մարդիկ պրոբլեմները գցեն մի կողմ, մեզ հետ ձայնակցելով՝ հեյ, նաեւ պարեն: Շոուին մասնակցում են նաեւ գործընկերներս. Ջեյսոնը՝ Իտալիայից, Վալերին՝ Մեքսիկայից, Սոֆյան՝ Հունաստանից եւ զտարյուն յանկի Քյուն: Նրանք շոուի մեջ ներգրավվել են իրենց կամքով՝ ինձ ու Էմմիին օգնելու նպատակով եւ, որ ամենակարեւորն է, պատրաստ են դուրս գալ մեր եռագույնի ներքո»,- հայտնեց Միհրանը:

Հարցին՝ օգտագործելով գերաստղերի հետ համագործակցելու հանգամանքը, արդյո՞ք այս երգը ներկայացրել են նրանց, Միհրանը պատասխանեց, որ անցյալ տարվա վերջին, երբ Էմմիի հետ ԱՄՆ-ում եվրատեսիլյան նախապատրաստական աշխատանքներ էին ընթանում, չորս երգ ներկայացվել է Մադոննային եւ Ռիկի Մարտինին, վերջիններս իրենց հավանությունը տվել են «Հե՜յ»-ին:

Իսկ Միհրանը ինչո՞ւ որոշեց երգել հենց Էմմիի ընկերակցությամբ: «Այս նույն հարցը ինքս ինձ էլ եմ ուղղել, քանի որ գոնե վերջին 2-3 տարին անընդհատ լսում ենք, որ «Եվրատեսիլ» է գնալու Էմմին, սակայն նա նույնիսկ հայտ չի ներկայացնում… Եվ քանի որ 2009-ին թողարկվեց իմ առաջին CD-ն, որոշեցի կապվել երգչուհու հետ եւ առաջարկել համագործակցել»,-ասաց նա: Իսկ թե ինչո՞ւ այս տարի Էմմին որոշեց հայտ ներկայացնել, երգչուհին պատասխանեց. «Ինքս ինձ համար որոշել եմ, որ 2010-ը ի՛մ տարին է»: Քանի որ «իմ տարին է» արտահայտությունը լայն հասկացություն է եւ շրջանառվում են լուրեր, թե երգչուհին վերջապես ընտրել է կյանքի իր ընկերոջը, հետաքրքրվեցինք, թե ո՞վ է նրա ընտրյալը: «Նա կապ չունի շոու-բիզնեսի հետ, մասնագիտությամբ աուդիտոր է»,- կարճ պատասխանեց Էմմին: Անդրադառնալով իրենց շոուին՝ ասաց նաեւ, որ իմիջի վրա աշխատում է ռուսաստանցի ճանաչված ոճաբան Սերժը եւ իրենց զգեստները հայելային արտացոլում են ունենալու: Էմմին կատակեց, թե ինքն ու Միհրանը երկու գլխով կփորձեն անել ամեն ինչ՝ շպարից սկսած մինչեւ երգի բեմականացում: Միհրանը, ընդհատելով երգչուհուն, հավելեց, թե ափսոսում է, որ փետրվարի 14-ին ներկայացվող իրենց շոուն ինչ-ինչ պատճառներով միայն 25%-ով է երեւալու. «Վստահ եմ մեր թիմի ուժերին եւ հայտարարում եմ՝ կանենք անհնարինը 2011-ին «Եվրատեսիլը» Հայաստան բերելու համար… Ի վերջո, Ամերիկայից չենք եկել երկրորդ հորիզոնական զբաղեցնելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել