Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԱՇԱԾ ՔԱՐԸ ԳԵՏՆԻՆ Է ՄՆՈՒՄ

Փետրվար 06,2010 00:00

Կրկին ակադեմիական մաֆիայի եւ իրենց հայրենիքում չընդունվող մարգարեների մասին Սամվել Գեւորգյանի ղեկավարած գիտական խումբը: Կոճերի հիման վրա աշխատող սեյսմիկ դետեկտոր

\"\"ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մասնաշենքի ներքնահարկ, «Գերհաղորդականության եւ գիտական սարքաշինության կենտրոն». սա այն հասցեն է, որտեղ 5-10 հոգանոց գիտական խումբը, կենտրոնի ղեկավար, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի Գերհաղորդիչ դետեկտորների լաբորատորիայի վարիչ Սամվել Գեւորգյանի ղեկավարությամբ մշակում եւ աշխարհին է ներկայացնում այնպիսի գիտական տեխնոլոգիաներ, որոնք առաջին հերթին կարող են կիրառվել ՀՀ-ում՝ ռազմական անվտանգության տեսանկյունից, իսկ «արտահանվելու» պարագայում բազում գումարներ բերել մեր երկրին: Սակայն գիտական խմբի կատարած հայտնագործություններին, ի տարբերություն աշխարհի հեղինակավոր գիտական կազմակերպությունների, հայրենիքում ուշադրություն չի դարձվում: Զրուցեցինք Ս. Գեւորգյանի հետ՝ պարզելու, թե իրականում ո՞րն \"\"է խնդիրը, սակայն նախ խնդրեցինք ներկայացնել լաբորատորիայի հաջողությունները: Նա պատմեց. «Մեր հայտնագործած տեխնոլոգիան միաշերտ հարթ կոճերի հիման վրա գործող շատ թույլ հզորության ինքնագեներատորն է, որ կարող է կիրառվել բազում բնագավառներում՝ բժշկությունից մինչեւ աստրոֆիզիկա, սեյսմոլոգիա: Այժմ մեր կենտրոնում ունենք սեյսմիկ մի սարք, որի միջոցով կարող ենք տեսնել, թե հատակի շարժումից պատն ինչպես է շարժվում եւ այլն: Հասկանալով, որ հնարավորություն չունենք ֆինանսավորվելու հայրենիքում՝ մեր գիտական արդյունքները առեւտրայնացնելու նպատակով, 2008-ին օգտվեցինք Լոնդոնի համալսարանի Բիզնես ֆակուլտետի կողմից վերջին 4 տարիներին կազմակերպվող «Global Security Challenge» միջազգային մրցույթից, քանի որ նրանք գտել են գիտական տեխնոլոգիաները՝ ներդրողներին մոտեցնելու արդյունավետ ճանապարհներ: 2008-ի օգոստոսին 800 մասնակիցներից մտանք «Ասիայի» տարածաշրջանային փուլի 5 լավագույնների շարքը: Մրցույթին մասնակցելու համար պետք էր ստեղծել «Ճշգրիտ տվիչներ/սարքավորումներ» մշակող եւ արտադրող ՍՊԸ-ն, որի տնօրեն ընտրեցինք ԱՄՆ քաղաքացի, ՀՀ-ում հատուկ կացության իրավունք ունեցող Լեւոն Թորոսին, ով բազմամյա փորձ ունի ԱՄՆ ռազմական արդյունաբերության ապրանքների մարկետինգի բնագավառում: Իսկ Սինգապուրում՝ «Ասիական» կիսաեզրափակիչում, ճանաչվեցինք հաղթող: 2008-ի նոյեմբերին համարվեցինք աշխարհի 6 լավագույն գիտական տեխնոլոգիա ունեցողներից մեկը՝ «համաշխարհային անվտանգության» բնագավառում մրցույթին մասնակցած ավելի քան 1500 ընկերություններից: 2009-ին եւս մասնակցեցինք այդ մրցույթին, չնայած դրա համար արդեն պետք էր վաճառքում ապրանք ունենալ, ինչի հնարավորությունը չունեինք, սակայն մեզ մեր տեխնոլոգիայի եզակիության շնորհիվ ընդառաջեցին եւ այս անգամ դարձանք մրցույթի «Եվրոպայի» մասնակիցների 3 լավագույններից»: Հետաքրքիր է, որ այսքան միջազգային պարգեւներ ստացած գիտական խումբը, որի հաջողություններին ժամանակին անդրադարձել է նաեւ «Noyan Tapan» շաբաթաթերթը, ըստ արժանվույն չի գնահատվել Հայաստանում, մասնավորապես ուշադրության չի արժանացել «Հանրապետության նախագահի մրցանակ» մրցույթում: Հետաքրքրվեցինք՝ ո՞րն է դրա պատճառը: Նա, փորձելով չկենտրոնանալ այդ մրցանակի ու այն ստացած մրցանակակիրների վրա՝ միայն ասաց. «3 անգամ դիմել ենք մրցույթին, բայց անընդհատ մերժվել ենք ակադեմիական մաֆիայի կողմից: 2008-ին էլ, հերթական անգամ մասնակցելով մրցույթին, «Տեխնիկական գիտությունների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների» բնագավառի արդյունքներն ամփոփվելուց հետո մեր խումբը խոր հիասթափություն ապրեց: ՀՀ նախագահին դիմեցինք նամակով, թե որոշում կայացնող հանձնաժողովի աշխատանքներն անարդարացի են: Երկար ձգձգումներից հետո ՀՀ նախագահի աշխատակազմից եկավ պատասխան մի նամակ, այն էլ ոչ իմ անունով, «մեր գյուղը՝ պապիս» հասցեով՝ «ԵՊՀ»։ Նամակը ԵՊՀ-ի տարբեր աշխատասենյակներում դեգերելուց հետո միայն հասավ մեզ՝ այն էլ, փառք Աստծո, որ հասավ, կարող էր եւ չհասնել նման հասցեատիրոջ նշումով։ Նշված էր, որ հանձնաժողովներն անկախ են, եւ իրենք ոչինչ անել չեն կարող: Հենց այս պատճառով էլ 2009-ին չմասնակցեցինք»: Պարոն Գեւորգյանը մեզ վստահեցրեց, որ ինքը նեղացած չէ ՀՀ իշխանություններից կամ գիտական շրջանակներից, այլապես Ճապոնիան, որտեղ ինքը պրոֆեսոր էր, չէր թողնի եւ գար ՀՀ ու աշխատեր՝ որպես ասիստենտ, ստանար «միջին» պրոֆեսորից 3 անգամ պակաս աշխատավարձ, ինչ է թե՝ գիտական հետազոտություններ կատարելու պատճառով ժամանակ չի գտնվում, որ մի բրյոշուր հրատարակի, որ ԲՈՀ-ն էլ իրեն դոցենտի կոչում տա՝ չնայած ունի պրոֆեսորի կոչման համար անհրաժեշտ, իր գիտական ղեկավարությամբ պաշտպանած գիտության թեկնածուներ, այդ կոչմանը հայցող ասպիրանտներ: Թերեւս միայն ՀՀ-ում է, որ գիտական շրջանակներում հաճախ ավելի շատ ուշադրություն են դարձնում կոչումներին ու աստիճաններին, քան գիտական արդյունքին:

Խնդրեցինք մատչելի ներկայացնել, թե ո՞րն է հիմնարար գերհաղորդականության մեջ նոր էֆեկտներ հայտնաբերած գիտական խմբի կատարած հայտնագործության օգտակարությունը: Զրուցակիցս պատասխանեց. «Ստեղծել ենք աշխարհում նմանը չունեցող գերզգայուն «հետազոտական տեխնոլոգիա», ինչը, հիմնարար հետազոտության տարբեր բնագավառներում կիրառվելուց բացի, կարող է օգտագործվել նաեւ զգայուն գիտական սարքաշինության մեջ: Այս «տեխնոլոգիան» ռազմական բնագավառում պաշտպանական նպատակներով կիրառվելու դեպքում՝ կարող է մեծ փողեր բերել: Ինչպես նշեցի, մեր խումբը 2009-ին կրկին մասնակցելով Լոնդոնի Բիզնես դպրոցի կազմակերպած մրցույթին, «համաշխարհային անվտանգության» բնագավառում ներկայացրեց թիրախը թաքուն զգացող մի համակարգ, որն «ընդունակ է նկատել» վերգետնյա ու ստորգետնյա թիրախները (մարդ, մեքենա, տանկ, հրետանի եւ այլն)՝ տեսանելիության բացակայության պայմաններում: Այն բավականին էժան ստեղծվող համակարգ է եւ շահագործման իմաստով մարդկային էական մասնակցություն չի պահանջում՝ հակառակ ներկայումս գործող շատ համակարգերի: Շնորհիվ Զինվորական ակադեմիայի ղեկավարության աջակցության, հայ զինվորականների շրջանում այն արդեն հետաքրքրություն է առաջացրել, եւ նույնիսկ որոշ չափով փորձարկվել է դաշտային պայմաններում: Արդյունքները փակ խորհրդում քննարկումից ու հավանության արժանանալուց հետո, հետագա փորձարկումներ իրականացնելու նախնական եւ երկարաժամկետ ծրագրեր են ներկայացվել ՊՆ՝ ֆինանսավորման: Արդեն անցել է 2-3 ամիս, իսկ ֆինանսներ հատկացնելու մասին լուրեր դեռ չկան, հետագա առաջխաղացումն էլ դեռեւս անորոշ է: Այնինչ սա պետական, նաեւ տնտեսական անվտանգության հարց է»: Նկատենք, որ համակարգով անհամեմատ ավելի հետաքրքրված են արտասահմանցիները: Օրինակ՝ Ս. Գեւորգյանի փոխանցմամբ՝ իրենց հետ արդեն պայմանագիր են կնքել սինգապուրցիները, 2 անգամ էլ եկել են Հայաստան եւ պայմանավորվածություն ձեռք բերել, որ մինչեւ մայիս հայ գիտնականները փորձարկումներն իրականացնեն նաեւ Սինգապուրում: ԵՊՀ-ում գործող կենտրոնն արդեն համատեղ քայլեր իրականացնելու պայմանագիր ունի նաեւ ամերիկյան «United detector technologies» ընկերության հետ, քննարկման փուլում են այլ երկրների հետ համագործակցության պայմանագրերը: Խումբը, որին ամեն առիթով խոչընդոտել ու շարունակում է, մեղմ ասած, չընդառաջել ՀՀ ԳԱԱ-ն, ըստ Ս. Գեւորգյանի՝ սկսեց զարգանալ ԵՊՀ-ի ղեկավարության աջակցության պայմաններում. «Ակադեմիան այսօր նեխող համակարգ է: Երբ 1990-ականների սկզբներին ստեղծվեց թեմատիկ ֆինանսավորման համակարգը (առ այսօր ՀՀ-ում գիտնականներին ֆինանսավորող դեռեւս միակ անաչառ կազմակերպության՝ Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) հիմնադիր տնօրեն Հարություն Կարապետյանի ղեկավարությամբ), այն թույլ էր տալիս ցանկացած երիտասարդ գիտնականի դիմել եւ ստանալ իր գաղափարի եւ դրա իրականացման համար գումարներ, ինչը նպաստելու էր «ներքեւից» առաջարկվող ու ֆինանսներ բերող գիտական տեխնոլոգիաների աճին: Իսկ ԽՍՀՄ ավանդույթներով առաջնորդվող ԳԱԱ-ն դա վերացրեց: Հիմա մինչեւ ակադեմիական վերեւներից փողն իջնում է ներքեւ, գիտնականին չի հասնում, քանի որ խորհրդային տարիների համեմատ գիտությանը հատկացվող գումարները 50-100 անգամ նվազել են: Իսկ ԵՊՀ ղեկավարությունը գիտակցում է, որ ֆինանսական լրացուցիչ աղբյուրը միայն գիտական տեխնոլոգիաների զարգացումն է, ուստի աջակցում է մեր կենտրոնի ու նշված սկզբունքներով առաջնորդվող այլ խմբերի աշխատանքներին: Գիտության պետական կոմիտեն եւս անհրաժեշտության դեպքում օգնում է, իսկ ակադեմիան մերժում է գիտական արդյունքների առեւտրայնացման հետ կապված մեր բոլոր նախաձեռնությունները՝ պատճառաբանելով, թե մեր արածը գիտության հետ կապ չունի»: Ս. Գեւորգյանի փոխանցմամբ՝ իրենք 2009-ի հոկտեմբեր-նոյեմբերին իրենց ընկերության տնօրեն Լեւոն Թորոսի անձնական հանդիպման միջոցով դիմել են ՀՀ վարչապետին՝ ներկայացնելով թիրախը սահմաններում թաքուն «նկատող» սարքն ու դրա հիման վրա հետագայում ստեղծվելիք համակարգերի հնարավորությունները: Ս. Գեւորգյանը նաեւ նշեց. «ՀՀ նախագահին ու վարչապետին են դիմել նաեւ Նորվեգիայի երկրաբանական ծառայությունից՝ կանխատեսելով, որ ՀՀ-ին առաջիկայում սպասվում են հզոր երկրաշարժեր, այնինչ, ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տնօրեն Ալվարո Անտոնյանն իր վերջին ելույթներում շարունակում է պնդել, թե 1988-ի պես աղետ Հայաստանում մեր օրերում այլեւս տեղի չի ունենա, քանի որ իրենք կարող են կանխագուշակել կամայական երկրաշարժ՝ ամիսներ առաջ: Նրա այս պնդումը ծիծաղելի է: Նորվեգացիները, որոնք հզոր երկրաշարժերի առաջացման ու տեղատվության եւ մակընթացության միջեւ ուղղակի կապ են տեսնում, առաջարկում են այդ երեւույթները պայմանավորող լուսնի դանդաղ շարժումը գրանցող մեր սարքի հնարավորությունները միավորել իրենց սարքերով ու մեթոդներով ձեռք բերված գիտելիքների հետ, եւ օրերի ճշտությամբ կանխատեսել երկրաշարժը: Այնինչ, սեյսմիկ ծառայությունը բազում պատճառաբանություններով մերժում էր՝ ասելով, թե տվեք այդ սարքը 6-12 ամիս փորձարկենք, որ նոր կարծիք հայտնենք: Ես էլ ասում եմ, որ ներկայումս մեր սարքերն արդեն մի քանի այլ ծրագրերում զբաղված են: Առաջարկում եմ, որ իրենց այդ նպատակին ծառայող լրացուցիչ սարքի ստեղծման, տեղադրության, փորձարկման ընթացքում դրա սպասարկման համար անհրաժեշտ (6մլն դրամ) գումարը կառավարությունը վճարի, հետո եթե արդյունքները լավ լինեն, կխնդրենք, որ վճարեն գումարի մյուս հատվածը այդպիսի սարքերի ստեղծման ու ՍՊԱԾ-ի կարիքներին դրանք ծառայեցնելու համար»: Այս ամենից հետո վարչապետի հրամանով ստեղծվել է ՀՀ կրթության եւ գիտության, էկոնոմիկայի, արտակարգ իրավիճակների եւ քաղաքաշինության նախարարություններից կազմված մի հանձնաժողով, որը բավական արդյունավետ զբաղվում է այս հարցերով: Գուցե սրանից հետո՞ ինչ-որ բան փոխվի…

Գիտության պետական կոմիտեին էլ այս խումբն իր ստեղծած ՍՊԸ-ի անունից ներկայացրել է մի բիզնես-ծրագիր՝ ռուսական «Նանոտեխնոլոգիական կոնցեռնից» ինովացիոն ներդրում ստանալու ակնկալիքներով, այս դեպքում էլ սպասում են, թե ինչպիսի եւ ինչ արագությամբ զարգացումներ կստանան ՀՀ-ում ռուսական ինովացիոն կենտրոն հիմնելու գործընթացները: Մի խոսքով՝ արտասահմանում մեծ գումարների առաջարկներ ստացող գիտական խումբն այսօր սպասողական վիճակում է՝ 3 պետական ծրագրերից կախված: Մեր հարցին՝ հնարավո՞ր է մի օր հոգնեն ու հեռանան Հայաստանից, պարոն Գեւորգյանը խիստ նեղսրտելով պատասխանեց, որ եթե 3 ծրագրերից գոնե որեւէ մեկը մինչեւ մայիս ընթացք չստանա, ինքը պարզապես ստիպված կլինի դիմել այդ քայլին, քանի որ չի կարող տեսնել, թե ինչպես է ողջ ստեղծածն իր աչքի առաջ վերանում:

«Առավոտը» այս կապակցությամբ պարզաբանումներ ստացավ նաեւ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից: Նա փոքր-ինչ վրդովվելով նշեց. «Այդպիսի վունդերկինդներ շատ են հայտնաբերվել, ձեր թերթին մեկն էլ է անընդհատ դիմում՝ Ալեքսանդր Գեւորգյանը, նա էլ ասում է, որ ինքը Մենդելեեւի, Կոպեռնիկոսի մակարդակի հայտնագործություն է արել: Ի՞նչ են ուզում մեզնից: Եթե ակադեմիական մաֆիան չի թողնում, աշխարհում գոյություն ունեն ուրիշ ակադեմիաներ, մասնագետներ, թող իրենց հայտնագործություններն ուղարկեն նրանց, նրանք էլ մեզ ասեն՝ ՀՀ-ի գիտնականներն ի՞նչ անգրագետ են, որ չեն գնահատում, եւ հարցը լուծվի»: Փաստեցինք, որ Ս. Գեւորգյանի ղեկավարած խումբը այդպիսի պարգեւների արդեն արժանացել է: Ռ. Մարտիրոսյանը նշեց. «Եթե ստացել են, էլ ի՞նչ են ուզում մեզնից… ֆինանսական բարելավման համար պիտի հայտնագործության կարեւորության մասին միայն հայտնագործողը չասի, այլ դիմեն կառավարություն եւ եթե այնտեղ էլ դա հաստատվի, կառավարությունը ֆինանսավորի: Բայց գիտեմ, որ այս հարցում մասնագետների կարծիքները տարաբնույթ են»: Մեր այն դիտարկմանը, թե տվյալ գիտական խմբի պարագայում գործում է ՍՊԱԾ-ի կանխակալ վերաբերմունքը, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Միայն մեր սեյսմիկ ծառայությո՞ւնն է: Թող դիմեն ճապոնական, ամերիկյան ծառայությանը, նրանք էլ հո մեր նման հիմար չեն, կգնահատեն: Ուղղակի այդպիսի մարդիկ միշտ մահանա են ման գալիս, թե ակադեմիան չի ասում, որ իրենց միլիոններ չտան: Ինչ վերաբերում է Սամվել Գեւորգյանին, նա վատ գիտնական չէ, նորմալ մարդ է, բայց այդ աշխատանքի մասին թեթեւ եմ լսել եւ գիտեմ, որ տարաձայնություններ կան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել