Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փետրվար 06,2010 00:00

«ԱՐՔԱՅԻՆ» ՏԱՐԵԼ ԵՆ

ՀՀ շախմատի ակադեմիան դիմել է ոստիկանության Շենգավիթի բաժին, ահազանգելով, որ ակադեմիայի պարսպի վրայից տարել են 3 խաղաքար արձանիկները: Գողացել են արքային եւ նրա «թիկնազորի» արձանացած 2 «անդամներին»:

ԴԵՌ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ Է

Մեկ տարի առաջ իր տան շքամուտքում սպանված՝ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության բացահայտման ուղղությամբ կան որոշակի ձեռքբերումներ: Երեկ այդ մասին ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում հայտարարեց ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը: «Տարվում է ամենօրյա օպերատիվ աշխատանք, որը, համոզված եմ, այս տարվա ընթացքում կտա իր դրական արդյունքը»,- հավելեց նա:

ՈՍՏԻԿԱՆԻ ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՄԵՂԱԴՐՅԱԼԸ ԴԻՄԵԼ Է ՓԱԽՈՒՍՏԻ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացրին, որ ավարտվել է ոստիկանության Էրեբունու բաժնի ոստիկանի կողմից պաշտոնեական անփութության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ պարզվել էր, որ ոստիկանության՝ Էրեբունու բաժնի հերթապահ մասի օպերատիվ հերթապահի օգնական Մայիս Պետրոսյանը 2009 թ. նոյեմբերի 4-ին, ժամը 14.15-ի սահմաններում, լքել է օպերատիվ հերթապահի սրահը եւ մտել հանգստի սենյակ: Արդյունքում՝ հերթապահ մասի սրահում գտնվող կալանավոր, գողության մեջ մեղադրվող Գ. Ասատրյանը հայտնվել է հսկողությունից դուրս եւ, օգտվելով այդ հանգամանքից, դիմել փախուստի: Երկու օր հետո նա հայտնաբերվել է ու կալանավորվել: Մայիս Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

ԿԱԼԱՆԱՎԱՅՐԻ ՏԵՂԱՄԱՍԻ ՊԵՏԻՆ ԲՌՆԵԼ ԵՆ

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ «Աբովյան» ՔԿՀ մի դատապարտյալ հաղորդում է տվել, որ նույն հիմնարկի տեղամասի պետ, արդարադատության փոխգնդապետ Կարինե Համբարձումյանը 2009 թ. մայիսից «կիսաբաց» ռեժիմի կարգավիճակ տրամադրելու եւ ներկայումս կալանքից վաղաժամկետ ազատելու ու համապատասխան հանձնաժողովին ներկայացնելու համար իրենից պահանջում է 23 800 ԱՄՆ դոլար կաշառք:

Փետրվարի 4-ին դատապարտյալից 23800 ԱՄՆ դոլար կաշառքը վերցնելուց հետո, Կ. Համբարձումյանը փաստով բռնվել եւ բերման է ենթարկվել կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: Ըստ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության, պարզվել է, որ մեկշաբաթյա արձակուրդներ ստանալու համար 2008թ. սեպտեմբերից մինչեւ 2009թ. մայիս դատապարտյալը Կ. Համբարձումյանին տվել է եւս 2500 ԱՄՆ դոլար կաշառք: Փետրվարի 4-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում է տվել նաեւ դատապարտյալի քույրը, որ իր քրոջը մեկշաբաթյա արձակուրդ տրամադրելու համար 2008թ. սեպտեմբերին ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ պետ Էդուարդ Հովհաննիսյանին՝ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի քեռուն, տվել է 500 ԱՄՆ դոլար կաշառք, իսկ 2008թ. նոյեմբերին տեղամասի պետ Կ. Համբարձումյանին՝ 1100 ԱՄՆ դոլար կաշառք: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հետագա ընթացքը լուծելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել