Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

10 ԱՆՁ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է

Փետրվար 06,2010 00:00

\"\"Ավարտվել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունն ավարտել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա 2008 թվականի հոկտեմբերի լույս 27-ի գիշերը կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննության մարմինը բացահայտել է Ա. Ավետիսյանի տան վրա կատարված հարձակման մանրամասները, հանցավոր խմբի անդամներին, նրանց կողմից կատարված, ինչպես նաեւ ավարտին չհասցված այլ հանցագործություններ:

Վերջնական արդյունքում 10 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրանց թվում են ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Խորհրդային բաժնի պետի նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Նիկողոսյանը, քաղաքացի Արա Կարապետյանը, Արսեն Սողոմոնյանը, Բագրատ Սողոմոնյանը, «ՍՍՄ» ՍՊԸ գործադիր տնօրեն Հայկ Մելքոնյանը, Արշակ Գրիգորյանը, Հովհաննես Նազարյանը, նախկինում երկու անգամ դատված Նիկոլայ Խաչիկյանը, Սուրեն Մելքոնյանը եւ Աշոտ Խաչատրյանը: Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործից անջատվել էր քաղաքացի Ռ. Վիրաբյանին վերաբերող մասը: Նախաքննական մարմինը որոշում է կայացրել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Ռ. Վիրաբյանի նկատմամբ հայտարարվել է հետուխուզում, միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել