Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թանկացրեք, որ քիչ ծխեն»

Փետրվար 06,2010 00:00

«Տարածքային համաչափ զարգացման եւ արդիականացման» ծրագրի շրջանակներում այս տարի շահագործման կհանձնվեն Արարատի, Արմավիրի, Իջեւանի եւ Գորիսի բժշկական կենտրոնները, կիրականացվեն Ապարանի, Գավառի բժշկական կենտրոնների վերակառուցման եւ վերազինման աշխատանքները, եւ Գյումրիում կստեղծվի նոր ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոն: Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը: Նրա համոզմամբ՝ բարեփոխումների արդյունքում կնվազեն նաեւ հիվանդների՝ մարզերից Երեւան անհարկի ուղեգրումները: Փոխնախարարի տեղեկացմամբ, այս տարի նախատեսել են արդիականացնել եւ վերազինել «Շտապօգնության» ծառայությունը. «Էականորեն փոխելու ենք ծառայության որակը եւ մի քանի տարի անց կունենանք բոլորովին այլ շտապօգնության համակարգ»: Առողջապահության նախարարությունն այս տարի լուրջ աշխատելու է նաեւ դեղերի մատչելիության ուղղությամբ. «Մենք պետք է գնանք օրենսդրական փոփոխության, գնալու ենք գների կարգավորման ուղիով, փորձելու ենք զսպել գնաճը եւ օրենսդրորեն սահմանել գների կարգավորման մեխանիզմները»: Փոխնախարարի տեղեկացմամբ, Հայաստանը ծխախոտամոլության ցուցանիշներով տարածաշրջանում առաջատար դիրքերում է, ու թեեւ վերջին տարիներին բավականին մեծ թվով միջոցառումներ են կազմակերպում ծխախոտի դեմ պայքարի ուղղությամբ, բայց ցուցանիշների նվազում այդպես էլ չեն արձանագրում: Պարոն Հակոբյանի խոսքերով, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քարոզչական աշխատանքը չի տալիս այն արդյունքը, որը կարող է տալ ծխախոտի գների էական թանկացումը. «Մենք այստեղ մտածելու տեղ ունենք, Հայաստանում ծխախոտը բավականին մատչելի է, մինչդեռ արտասահմանում ծխախոտի բարձր արժեքը ստիպում է անհատին որոշում կայացնել՝ գնի՞ այն, թե՝ ոչ»: Փոխնախարարը ծխախոտի հետ է կապում նաեւ մեր երկրում ամենատարածված հիվանդությունների՝ շնչուղիների եւ սրտանոթային հիվանդությունների աճի միտումը. «Սա լուրջ խնդիր է, իսկ ծխախոտամոլության այս մակարդակի պայմաններում մենք ինչպե՞ս կարող ենք կանխարգելել այդ հիվանդությունները: Ծխախոտը անմիջապես ազդում է այդ հիվանդությունների զարգացման վրա, եւ առաջին տեղում է հենց թոքի քաղցկեղը»: Պարոն Հակոբյանի տեղեկացմամբ, մահացության բարձր ցուցանիշներով առաջին տեղերում են չարորակ գոյացությունները եւ սրտանոթային հիվանդությունները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել