Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՓԱՐՈՍԻ» ՑՈՒՑԱԿՆ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ Է

Փետրվար 06,2010 00:00

Սոցիալական ծառայության Մասիսի տարածքային գործակալության աշխատակիցները անապահովության ցուցակներում ընդգրկելու համար «մաղարիչ» են պահանջում, իսկ դրա դեմ բողոքողներին՝ նպաստից զրկում:

Արարատի մարզի Մասիսի տարածքի բնակիչներից շատերն են «կուլիսների հետեւում» դժգոհում, թե ընտանեկան նպաստ տալու համար տարածքի սոցիալական ծառայության աշխատակիցներն իրենց «քթից բռնած» ման են տալիս: Նրանք սոցիալապես անապահովներին համաձայնում են ընդգրկել նպաստառուների ցուցակում՝ միայն մի պայմանով, որ 3 կամ 2 ամսվա գումարը նպաստառուն տա իրենց: Շատերն էլ ցուցակից դուրս չմնալու համար համաձայնում են, քանի որ, հակառակ դեպքում, սոցիալականի աշխատակիցները միշտ էլ մի պատրվակ կգտնեն բնակչին ապահով «դարձնելու» համար, փոխարենն ընդգրկելով ավելի «շնորհակալ» մարդկանց:

Օրերս «Առավոտին» է դիմել Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակչուհի Սուսաննա Ջհանգիրյանը, որի հաշմանդամ տղային սոցիալական ծառայությունը հրաժարվում է «նպաստավորել», քանի որ Սուսաննան նախորդ տարիներին ոչ մի անգամ սոցիալականի աշխատակիցների հետ չի «համագործակցել»:

«1993 թվին ծնվեց տղաս՝ Արաբո Աշոտի Ջհանգիրյանը: Երբ երեխան սկսեց քայլել, բացահայտվեց, որ նա ողնաշարի եւ ոտքերի հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Արաբոն մանկուց հաշմանդամ է: 1995 թվականին ավտովթարից մահացավ Արաբոյի հայրը: 1997 թվին երեխայիս վիրահատեցին, որպեսզի մկանները բուժեն, բայց նորից մնաց նույն վիճակում, մի կերպ է իրեն տեղաշարժում, դուրս գնալն անգամ դժվարություն է նրա համար: Սակայն նա օժտված է մտավոր մեծ կարողություններով, լավ է սովորում, ունի ճկուն միտք: Արաբոյի հոր մահից հետո ես ամուսնացել եմ եւ բնակվում եմ Այնթապ գյուղի 13 փողոցի 12 նրբանցքի թիվ 25 տանը: Այստեղ բնակելի տարածք չկա, հողե փոքր սենյակ է, հաշմանդամ տղայիս համար չկա ոչ մի պայման, եւ նա ապրում է մորս տանը: Ամուսինս չի ստանձնել որեւէ պարտավորություն՝ նրան ֆինանսապես օգնելու համար: Եվ Արաբոյի հոգսերը միայն իմ խնդիրն է: Նա ստանում է հաշմանդամության թոշակ, որը շատ քիչ է նվազագույն կենսապայմաններ ապահովելու համար: Իսկ քանի որ ես չեմ աշխատում, դիմել եմ Մասիսի սոցիալական ծառայությանը՝ նպաստ ստանալու համար: Ամեն անգամ աշխատակիցները, կոնկրետ՝ Գայանե անունով աշխատակցուհին, ասում է, թե 3 ամսվա փողը մեզ կտաս՝ կընդգրկենք ցուցակի մեջ, եթե ոչ՝ չենք տա: Ես էլ հրաժարվում եմ տալ, ասում եմ, որ եթե մեզ հասնում է, ինչո՞ւ պիտի ձեզ տամ: Անցած տարիներին Աբովյան քաղաքում ստացել եմ, այստեղ մեկ տարի տվեցին, 6 ամիս կտրեցին, նորից տվեցին: Հիմա չեն տալիս: Անցած տարի ասացին, եթե այս ամիս էլ մեզ չտաս, էլ քեզ չենք տալու, էլ մեզ մոտ չգաս: Որքան էլ նրանց բացատրում եմ իմ դրությունը եւ ասում, որ չեմ կարող, եթե ի վիճակի լինեմ՝ իրենց չեմ էլ դիմի, ես դրանով հազիվ իմ երեխայի հագուստն ու տարրական սնունդն եմ ապահովում, ինձ չեն հասկանում: Երկու անգամ գնացել եմ, Գայանեն տարբեր պատճառաբանություններ բերեց եւ ասաց, թե իբր արդեն ապահով ենք: Ասում է՝ երեխան թոշակ է ստանում, ամուսնուս է ներգրավել հաշվառման մեջ, ասում է՝ հողատարածք ունենք: Մի խոսքով, ամեն ինչ անում է՝ խոչընդոտելու համար եւ ասում է` որտեղ ուզում ես գնա բողոքի: Ամեն գնալիս, կարծես թե, մուրացկանություն անելիս լինենք, այնպես են նվաստացնում»,- ասում է Սուսաննա Ջհանգիրյանը:

Նպաստառուներից շատերն իրենց բողոքն արտահայտում են՝ չցանկանալով հրապարակել իրենց անունը, վախենալով, թե «Գայանեն մեր նպաստը կկտրի»: Այնթապի բնակչուհիներից մեկն էլ ասաց, որ նման իրավիճակում էր հայտնվել նաեւ ինքը եւ չէր տվել Գայանեի պահանջած 3 ամսվա գումարը: Բայց վերջինս գնացել է իրենց տուն եւ այնպիսի աղմուկ բարձրացրել եւ սպառնացել, թե հաջորդ ամսվանից կկտրի նպաստը եւ ստացած գումարն էլ հետգանձում կանի, որ ընտանիքը վախեցած՝ հաջորդ օրը բանկից տոկոսով վարկ է վերցրել եւ Գայանեին տվել 3 ամսվա նպաստի չափով գումար:

Նույն գյուղի բնակչուհի Դիաննա Հովհաննիսյանը «Առավոտին» պատմում է, որ 2 տարի նպաստ է ստացել, բայց Գայանեն միշտ պահանջել է, որ 2 ամսվա նպաստը Դիաննան իրեն տա: «Ես էլ չէի կարողանում, 3 երեխա էի պահում, դեռ չորրորդս չէր ծնվել: Դպրոցի հագուստ, գիրք ու տետր էի գնում, ամուսնուս 60 հազար դրամ աշխատավարձը սննդի էլ չէր բավարարում, բավականին պարտքեր ունեի, վագոն-տնակում էի ապրում, տունը տաքացնելու խնդիր ունեինք: Հենց նպաստ ստանալու օրը զանգում էր փոստ, ինձ անպատվում, ես էլ իրեն էի անպատվում: Հետո կարողացա ընդամենը 5000 դրամ տալ, բայց Գայանեն դա գումար չէր համարում, ասում էր՝ էլի պիտի տաս, թե չէ կգամ ըտեղ՝ հարցերդ կլուծեմ: Գնացի պետի մոտ եւ իմ դժգոհությունը հայտնեցի: Պետը կանչեց Գայանեին եւ հարցրեց՝ նման բան եղե՞լ է: Գայանեն ասաց, որ՝ ոչ: Ասացի՝ ինչո՞ւ ես սուտ խոսում, նոր կաբինետում ինձ ճղում էիր, թե ինչու չեմ քո փողը տալիս: Պետը Գայանեին անպատվեց եւ ասաց՝ Գայան, էլ տենց բաներ չտեսնեմ, գնա, հարցերը լուծիր, ճանապարհիր: Բայց, փաստորեն, հարցեր լուծելն այն եղավ, որ հաջորդ ամսվանից իմ նպաստը կտրեցին. գնացի ստանալու, ասացին՝ ամուսինդ աշխատում է, քեզ չի հասնում: Ես 10 ամիս նպաստ չստացա: Ամուսինս էլ այդ ընթացքում չէր աշխատում: Եվ 4 անչափահաս երեխաներիս հետ հազիվ գոյատեւեցինք: Նորից գնացել եմ ցուցակագրվել, 2 ամսվանը իրեն եմ տալու, ուղղակի չգիտեմ՝ առաջին, թե երկրորդ ամսվանից եմ տալու: Թեեւ այդ գումարն ինձ շատ անհրաժեշտ է, բայց տալու եմ, թե չէ՝ նորից նպաստս կկտրեն»,- ասում է Դիաննան:

Սոցիալականի աշխատակիցներին հաջողվել է բնակիչներից շատերին՝ ավելի միամիտներին հավաստիացնել, թե այդ գումարը պետական գումար է եւ օրենքն է պահանջում, որ դա իրենց տան: Այդպիսի հավաստիացում անցած տարի արել է անգամ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համապատասխան բաժնի աշխատակիցը, որի մոտ բողոքելու էր գնացել մի բնակիչ: Այս առիթով փորձեցինք լսել նաեւ սոցիալական ծառայության Մասիսի տարածքային գործակալության աշխատակից Գայանե Կարապետյանին: Հարցս լսելուց հետո նա մի փոքր մտածեց եւ հակիրճ պատասխանեց, որ սուտ է. «Բան ունեն ասելու, թող գան ինձ մոտ, ինչո՞ւ են ձեզ ասել»: Գ. Կարապետյանը հերքեց նաեւ, թե ինքը որեւէ մեկից գումար է ուզել կամ գումար վերցրել: Ծառայության պետ Վարդան Հովսեփյանն էլ մեզ հետ զրույցում բացառեց, որ իր աշխատակիցներն ընդունակ են նման բաների:

Հ. Գ. Նյութի տպագրումը տեխնիկական պատճառներով մի քանի օր հետաձգվեց. այդ ընթացքում Մասիսի տարածքային գործակալության պատասխանատուները «հայտնաբերել» են իրենց գործելակերպից դժգոհող նպաստառուներին եւ նրանց զրկել նպաստից: Ավելին, նրանցից մեկին՝ 4 անչափահաս երեխաների մայր Դիաննա Հովհաննիսյանին զրկելուց բացի, 110 հազար դրամ հետգանձում են պահանջել՝ պատճառաբանելով, որ այդ ընտանիքը ամիսներ շարունակ իրենցից թաքցրել է, որ ամուսինը որոշ ժամանակ աշխատել է: Մինչդեռ, նշենք, որ սոցիալական ծառայությունը պարտավոր է բոլոր փաստերը ստուգել եւ նոր միայն նպաստ նշանակել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել