Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՀԱԿԸ

Փետրվար 06,2010 00:00

\"\"Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը մարտի 4-ին քննարկվելու է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

Այդ մասին երեկ հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: Ըստ հաղորդագրության՝ հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը մտադիր է քվեարկության դնել 252-րդ բանաձեւը: Թեեւ ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը ոգեւորված է այս նորությամբ, բայց հայերիս տառապանքն, ինչպես ասում են, փորձ ունի: Առաջին անգամը չէ, երբ Թուրքիայի հետ ինչ-ինչ խնդիրներ կարգավորելու ճանապարհին եւ հատկապես ապրիլի 24-ի նախօրեին ամերիկացի կոնգրեսականները հիշում են Հայոց ցեղասպանության փաստը: Այնուհանդերձ, «Առավոտը» փորձեց ծանոթանալ հայաստանյան գործիչների կարծիքին՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս նոր փուլում. երբ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումն օգտագործելով՝ Թուրքիան ամեն կերպ փորձում է ձգել արձանագրությունների վավերացումը, ի՞նչ է նշանակում ամերիկյան այս նախաձեռնությունը եւ ինչի՞ կհանգեցնի այն:

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն, օրինակ, ոգեւորված չէ: Ավելին, գտնում է, որ նոր աշխարհակարգի ձեւավորման համատեքստում ընթացող հայ-թուրքական հարաբերությունների բնականոն կարգավորումը ճիշտ կլիներ ամերիկա-իրանական հարաբերությունների ռադիկալ բարելավումից հետո, այլապես. «Այս իրավիճակում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումը կարող է Հայաստանի համար նոր եւ շատ լուրջ դժվարություններ, անգամ տարածաշրջանում ռազմաքաղաքական բնույթի վտանգներ առաջացնել»: Ըստ մեր զրուցակցի, այս մասին այժմ ու այս կերպ հայտարարելով՝ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի վրա ճնշում գործադրելու փորձ է արվում: «Եթե իսկապես այդ բանաձեւն ընդունվի, դա կարող է թուրք- ամերիկյան հարաբերությունների լուրջ խզման հանգեցնել, ինչն էլ, բնականաբար, կարագացնի ռուս-թուրքական մերձեցման գործընթացը՝ Հայաստանի համար դրանից բխող խիստ բացասական հետեւանքներով հանդերձ: Այս տեսանկյունից՝ ես հակված չեմ հիմա մեծ ոգեւորությամբ խոսել այս բանաձեւի քննարկման եւ ընդունման հնարավորությունների մասին: Եթե ԱՄՆ-ը բարձրացներ Ցեղասպանության հարցը եւ դրանից բխող իրավական քայլերի ծրագիր ներկայացներ, ասենք, Ցեղասպանությունը վերապրած հայերի ու նրանց ժառանգների իրավունքների պաշտպանությունը, Թուրքիայի նկատմամբ որոշակի պատժամիջոցների ձեռնարկումը եւ այլն՝ դա նոր որակ կհաղորդեր գործընթացին, բայց այս պարագայում, թե որն է ԱՄՆ-ի նպատակը՝ այլ խոսակցության թեմա է»: Արման Մելիքյանը համաձայնեց դիտարկմանը, որ Հայոց ցեղասպանության փաստն ԱՄՆ-ը հերթական անգամ փորձում է օգտագործել իբրեւ մահակ. «Ընդ որում, դա մահակ է՝ միտված ոչ նրան, որ Թուրքիան էլ իր կողմից ճանաչի Ցեղասպանությունը կամ հայ-թուրքական հարաբերություններում իրական եւ իրավահավասար համագործակցության գնա… ավելի շուտ փորձում են Թուրքիային դնել այնպիսի իրավիճակում, երբ նա ստիպված պետք է լինի համակերպվել թուրք-ամերիկյան հարաբերությունների լուրջ խզման հետ: Վերջին շրջանում նկատելի է վատթարացում նաեւ թուրք-իսրայելական հարաբերություններում: Այսինքն՝ ԱՄՆ-ի կողմից այժմ Թուրքիայի համար նոր դերակատարություն է նախանշվում, եւ այդ համատեքստում Հայկական հարցը կարող է իր մասնաբաժինն ունենալ»:

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն էլ հիշեցնում է, որ ԱՄՆ-ի այս «ամենաարդյունավետ գործիքը Թուրքիայի նկատմամբ» կիրառվել է 1989-1990-ին եւ 1999-2000թթ.-ին: Ներկայիս իրավիճակի համատեքստում դիտարկելով այս իրադարձությունը՝ մեր զրուցակիցը այն «լիովին համահունչ» է համարում Թուրքիայի կողմից որոշակի հետընթացի ազդակներին: Թեեւ Թուրքիայի քրեական օրենսգրքին վերաբերվող 106 բանաձեւն ընդգրկվել էր Կոնգրեսի կողմից քննարկվելիք հարցերի մեջ, ըստ Հայկ Դեմոյանի, տրամաբանությունը թերեւս այն է, որ ամերիկյան իշխանությունների ներկայացուցիչների կողմից նաեւ Երեւանում «խելամիտ ժամկետների» առումով արված հայտարարությունները, այդ բանաձեւի՝ Կոնգրեսում քննարկելու եւ ընդունելու ժամկետը հստակ միջոց է՝ թուրքական կողմին ցույց տալու համար, թե ի՞նչ են Վաշինգտոնում հասկանում՝ «խելամիտ ժամկետ» ասելով: Պարոն Դեմոյանն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ այսօր Թուրքիայում էլ խոսում են այն մասին, որ լավ կլիներ, որպեսզի այդ բանաձեւն ընդունվեր. «Իրենք էլ շատ լավ հասկանում են, որ այն բարոյական եւ նյութական վնասների փոխհատուցման ուղի կարող է բացել, բայց այս բանաձեւը անընդհատ քննարկման դնելու գործընթացը, թեկուզ ոչ 100 տոկոսանոց ճանաչելու հեռանկարով, խոսակցությունները, աժիոտաժը, թուրքական պատվիրակությունների այցը Վաշինգտոն, դաշնակիցների փնտրտուքը էականորեն նսեմացնում են Թուրքիայի պետական եւ ազգային ինքնասիրությունը: Բարոյահոգեբանական դաշտում այն հետեւանք թողնում է, ինչը Անկարային անհանգստացնում է»: Իհարկե, մեր զրուցակիցը չի կարծում, որ ԱՄՆ-ը կգնա այնպիսի սուր քայլերի, որ կորցնի իր 50-ամյա դաշնակցին, բայց նկատում է, որ այսօր Թուրքիայում իսլամացման գործընթացը հետընթաց չունի եւ անպայմանորեն բերելու է ռազմաքաղաքական վերնախավի կառուցվածքային եւ խորքային փոփոխության, որ հակաամերիկյան տրամադրությունները թուրքական հասարակությունում աճում են երկրաչափական պրոգրեսիայով, մարգինալիզացվում է բանակի դերակատարությունը, հընթացս տեղի են ունենում քեմալիզմի արժեհամակարգի վերանայման անհրաժեշտության խոսակցություններ, որոնք ուղղակիորեն շոշափում են Թուրքիայի համար կենսական եւ ազգային անվտանգության հետ կապված հիմնախնդիրներ: Այս իմաստով նա չի բացառում, որ շատ մոտ ապագայում թուրք-ամերիկյան հարաբերությունները կգնան ամերիկա-իրանական սցենարով, եւ կարծում է, որ Հայկական հարցը՝ իր բոլոր դրվագներով, շատ սերտ է առնչվում «Թուրքիայի համար կենսական, ես չեմ չափազանցում՝ նաեւ հետագա գոյության խնդրին»:

Մեր երկու զրուցակիցներն էլ համամիտ են, որ շատ շուտով Թուրքիան կընդունի «դաստիարակված երեխայի» կեցվածք եւ կվավերացնի արձանագրությունները՝ առանց իր բանավոր նախապայմանները պնդելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել