Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տոտալ հարձակո՞ւմ «Ժառանգության» վրա

Փետրվար 06,2010 00:00

«Ժառանգություն» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանը, Լարիսա Ալավերդյանը եւ Ստեփան Սաֆարյանը երեկ, խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ, ասացին, որ սկսվել է «տոտալ հարձակում» «Ժառանգության» վրա: Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց. «Իշխանության կողմից կա քաղաքական որոշում՝ շրջափակել «Ժառանգությանը» բոլոր միջոցառումներից, այդ թվում՝ նաեւ միջազգային պատվիրակություններում: Իհարկե, ֆինանսական միջոցները չեն կարող պատճառ լինել, որովհետեւ այս պայմաններում բազմաթիվ անդամներով պատվիրակություններ են մեկնում տարբեր երկրներ՝ չգիտես ինչ քաղաքական նպատակների համար, այնպիսի ծրագրեր են իրականացվում, որ չես հասկանում, թե այդ ծրագրերի արդյունավետությունը ո՞րն է լինելու»: Մենք արդեն գրել ենք այն մասին, որ ԵԱՀԿ պատվիրակության փոխարինող կազմի անդամ Լարիսա Ալավերդյանին թույլ չեն տվել մասնակցել փետրվարին կայանալիք ԵԱՀԿ ԽՎ նիստին: Երեկ տիկին Ալավերդյանը հայտարարեց, որ այս տեղեկությունը «Առավոտին» հայտնելու համար «ԱԺ աշխատակազմի ղեկավարը փոքր-ինչ վիրավորվել է»:

Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ ինքը շատ բան ուներ անելու ԵԱՀԿ ԽՎ-ի նիստում, մասնավորապես, պատրաստվում էր արժանի հակահարված տալ ադրբեջանցիներին եւ թուրքերին. «Այս լռությունը, որը տիրում է իշխանական թեւում, պետական մարմիններում, անթույլատրելի է, որովհետեւ տարիներ շարունակ, իսկ այս օրերին՝ առավել ուժգին խեղաթյուրվում են ՄԱԿ-ի հայտնի որոշումները, եւ ապատեղեկատվություն ու նոր տեղեկատվական հարձակում է տեղի ունենում Հայաստանի վրա: Մենք վտանգված ենք տեսնում թե հայ-թուրքական խնդիրը եւ թե արցախյան հիմնահարցը»: Տիկին Ալավերդյանն արդեն գիտի, որ ԵԱՀԿ-ում ադրբեջանական պատվիրակությունը պատրաստվում է հակահայկական հայտարարություններ անել, ակցիաներ անցկացնել, եւ ցավում է, որ հենց այս ժամանակ ինքը զրկվել է ԵԱՀԿ-ում լինելու եւ հակառակ հայտարարություններն անելու հնարավորությունից: «Առավոտը» հարցրեց՝ ինչո՞ւ է տիկին Ալավերդյանը վստահ, որ այն, ինչ ինքը ուզում էր անել ԵԱՀԿ ԽՎ-ում, ի զորու չեն անել իշխանական պատվիրակները, ասենք՝ Արամ Սաֆարյանը, ով պատվիրակության ղեկավարն է: Ի պատասխան՝ Լարիսա Ալավերդյանն ասաց. «Ես հորդորում եմ, որ դա արվի, մենք չենք մրցակցում, եւ ես պիտի հորդորեմ պարոն Սաֆարյանին, որ անպայման լինի նախահարձակ հայտարարություն կամ հնարավոր որեւէ քայլ, կամ թեկուզ քարտուղարությամբ տարածվի որեւէ փաստաթուղթ»: Ստյոպա Սաֆարյանը եւս որոշեց պատասխանել մեր հարցին եւ ասաց. «Կոալիցիայի ներկայացուցիչները ուղղակի հարկադրված պնդում են այն թեզերը, որոնք հնչեցվել են արտաքին քաղաքականության պատասխանատուների կողմից, եւ որոնք արդյունավետ չեն իբրեւ դիրքորոշում՝ գոնե այդ ֆորումներում ներկայացնելու համար»: ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչ Խաչիկ Հարությունյանին էլ հարցրի՝ ինչո՞ւ ինքը խորհրդարանական վեհաժողովում չի անում բաներ, որ կաներ «Ժառանգության» ներկայացուցիչը: Խ. Հարությունյանն ասաց. «Սա առաջին նստաշրջանը չէ, որին մենք մասնակցում ենք: Արդեն մոտ երկու տարի մենք մասնակցում ենք ԵԱՀԿ ԽՎ տարբեր նիստերի, եւ չի եղել որեւէ նստաշրջան, որ մեր պատվիրակությունը մեր ազգային-պետական շահերի մասին չխոսի: Այնտեղ յուրաքանչյուր պատվիրակություն փորձում է առաջ տանել իր շահերը, եւ այս պայքարում մենք հաղթում ենք, որովհետեւ ադրբեջանական առաջարկությունները, որպես կանոն, չեն անցնում, իսկ մեր առաջարկությունների հիման վրա բանաձեւերում կատարվել են լուրջ փոփոխություններ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել