Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱԿՆՀԱՅՏ ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՆԵՐՄՈՒԾՎՈՒՄ»

Փետրվար 06,2010 00:00

ՀՌԱՀ-ի առաջարկած չափորոշիչը, թե անչափահասների մտավոր զարգացման վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող կարող է համարվել «ներկա իրականության խեղաթյուրված, ոչ համարժեք ներկայացումը»՝ համարժեք է 2008-ի մարտի 1-ի արտակարգ դրության մասին հրամանագրին:

ՀՌԱՀ-ը փետրվարի 4-ին քննարկման ներկայացրեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված չափորոշիչների նախագիծը: Ըստ այդմ՝ չափանիշներ են սահմանվում էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների համար: Սա անհրաժեշտ ու սպասված նախագիծ է, սակայն, այնուամենայնիվ, մտահոգություններ է հարուցում: Ասենք՝ կարո՞ղ է արդյոք միայն ժամը 24-ից հետո ցուցադրվեն բոլոր ֆանտաստիկ ֆիլմերը, քանի որ սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի չափորոշիչներից է նաեւ գենետիկ մուտանտների, այլմոլորակայինների եւ գերբնական երեւույթների ցուցադրումը: Կամ՝ կարո՞ղ է արդյոք նույն կերպ սահմանափակվել, ասենք, «Կնքահայրը» ֆիլմի ցուցադրումը, քանի որ անչափահասների դաստիարակության վրա հնարավոր բացաuական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչներից մեկն է «հանցագործների հերոսացումը եւ ռոմանտիզացիան»:

Մեկնաբանությունների համար նախ դիմեցինք Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանին: Զրույցի սկզբում նա անիմաստ համարեց լուրջ վերլուծությունը՝ նշելով. «Հեռուստաընկերությունները, չնչին բացառությամբ, չեն էլ ցանկանում դիմակայել դրանց, պայքարել իրենց իրավունքների համար, այլ խելոք-խելոք ենթարկվում են ՀՌԱՀ-ի (իմա՝ իշխանությունների) բոլոր պահանջներին՝ «Ա1+»-ի փորձն աչքի առաջ ունենալով: ՀՌԱՀ-ն ինչ էլ ասի՝ ենթարկվելու են»:

Եվ այսուհանդերձ՝ ՀՌԱՀ-ի սահմանած չափորոշիչների նախագծի վերաբերյալ Մեսրոպ Հարությունյանը նկատեց, թե ձեւակերպումների շուրջ կարելի է վիճել, օրինակ՝ սարսա՞փ ֆիլմ է, եթե այլմոլորակային են ցուցադրում. «Չէ՞ որ կան նաեւ կինոնկարներ, որտեղ այլմոլորակայինները բարի են կամ գեղեցիկ (մի ֆիլմում այլմոլորակայինի դեր էր կատարում գեղեցկուհի Կիմ Բեսինջերը.- Ա. Ի.): Հիմա ի՞նչ՝ այդ ֆիլմերն անպայման ժամը 24-ից հետո՞ պիտի ցույց տան»:

Բայց նաեւ նշեց. «Ճիշտն ասած՝ ինձ ժամանցային եւ այլ բնույթի հաղորդումներն այդքան չեն հետաքրքրում՝ ի՜նչ ուզում են, ե՜րբ ուզում են՝ թող ցույց տան: Էականը չափորոշիչների 3-րդ՝ «անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների» մասին կետն է: Օրենքում ամրագրված «հնարավոր բացասական ազդեցություն» ձեւակերպումն արդեն իր մեջ վտանգ էր պարունակում՝ ո՞վ կարող է որոշել, թե ինչը բացասական ազդեցություն կունենա: Եվ խնդրեմ՝ որպես չափորոշիչ նշել են «հոգեւոր, մշակութային արժեքների, ազգի երախտավորների նսեմացումն ու վարկաբեկումը»: Սա այլ բան չի՛ նշանակում, քան գրաքննություն: Մեկի համար պատմական մի կերպար ազգի հերոս է, ուրիշի համար այնքան էլ հերոս չէ: Մի օրինակը հայտնի բանավեճն է Վարդանանց պատերազմի մասին: Եվ եթե այսօր որեւէ մեկը փորձի Վասակ Մամիկոնյանին արդարացնել՝ սա արդեն պիտի համարվի «հոգեւոր, մշակութային արժեքների, ազգի երախտավորների նսեմացում ու վարկաբեկում» կամ «պատմական իրողությունների եւ ներկա իրականության խեղաթյուրված, ոչ համարժեք ներկայացում»: Ուրեմն, եթե մի պատմաբան գրել է, թե այսինչ ճակատամարտում մարդիկ այսպես են վարվել, մեկ այլ պատմաբան պարզի, որ այդքան էլ այդպես չի եղել՝ պիտի ասեն, թե պատմական իրողությունները խեղաթյուրո՞ւմ ես: Այդ նույն պատրվակով չէ՞ր, որ Տիգրան Խզմալյանի «Սարդարապատ» ֆիլմն այդպես էլ ցույց չտվեցին՝ պնդելով, թե պատմական իրողություններ է խեղաթյուրում:

Եվ ամենավտանգավորը  «ներկա իրա կանության խեղաթյուրված, ոչ համարժեք ներկայացումը» ձեւակերպումն է: Երկու ականատեսներ նույն բանը կարող են տարբեր կերպ ներկայացնել (Ակուտագավայի «Թավուտում» պատմվածքը ձեզ օրինակ): Այսինքն՝ եթե մարտի 1-ը ներկայացնում ես այնպես՝ ինչպես տեսել ես այնտեղ կանգնած, եւ ոչ այնպես՝ ինչպես ներկայացնում է պաշտոնական քարոզչությունը, դու արդեն խեղաթյուրվա՞ծ ես ներկայացնում, պիտի արգելե՞լ դրա ցուցադրումը կամ ցուցադրել 24-ից հետո՞, որ մեր երեխաները չտեսնեն, չիմանան այս ճշմարտությունը: Չափորոշիչների այս ձեւակերպումն ամբողջովի՛ն համարժեք է մարտի 1-ի այն տխրահռչակ հրամանագրին, որով մտցվեց գրաքննություն»:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետը  քննադատեց նաեւ «թմրամոլներին եւ հարբեցողներին նմանակելը» ձեւակերպումը. «Ողջ աշխարհում նման հումոր է արվում: Այսինքն՝ ի՞նչ է, արդեն անեկդո՞տ էլ չի կարելի պատմել: (Անձնապես ինձ համար նախագծի այս կետը դուրեկան է՝ այն առումով, որ այլեւս ուշ գիշերով կցուցադրեն հարբեցողների նմանակող Գեւոյի մանրապատումները.- Ա. Ի.): Նույնը վերաբերում է նաեւ «ֆիզիկական ու հոգեկան արատներ ունեցող անձանց նմանակումը եւ ծաղրումը» կետին: Նմանակումը մի՛ բան է, ծաղրելը՝ ուրի՛շ բան: Ստացվում է, որ ամերիկյան «Անձրեւի մարդը» հրաշալի ֆիլմը, Դասթին Հոֆմանի դերակատարմամբ, չպիտի՞ ցուցադրվի այլեւս»:

Նախադեպերը հաշվի  առնելով՝ Մեսրոպ Հարությունյանը մտավախություն  հայտնեց. «Այդ չափորոշիչները, ինչպես ցանկացած սահմանափակում մեզանում, կիրառվելու է ընտրովի՝ միայն նրանց նկատմամբ, ում հարկ կլինի պատժել»: Նույն մտավախությունը հայտնեց նաեւ Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, որը մեր հարցին, թե արդյոք առաջարկված նախագիծը լուծո՞ւմ է այն խնդիրները, որոնք կան մեր եթերում՝ ասաց. «Ընդհանուր առմամբ, մոտեցումները կարծես թե համապատասխանում են ընդունված պրակտիկային: Բայց եթե հիշենք առկա փորձը, որ կա հեռուստաեթերի կառավարման ու կարգավորման առումով, ապա դժվարանում եմ ենթադրել, թե դա արդյունավետ ազդեցություն կթողնի ամբողջ ընթացքի վրա՝ հաշվի առնելով, որ մենք ունենք օրենքների բազմաթիվ խախտումներ՝ սկսած ընտրությունների լուսաբանումից, կուսակցություններին ու թեկնածուներին հավասար հնարավորություններ տրամադրելուց, վերջացրած գովազդի սահմանափակումների՝ օրենքով նախատեսված դրույթներով: Եվ դժվար թե այս ավելի նեղ ու բարդ ոլորտում մենք կարող ենք ակնկալել, որ որեւէ ձեւակերպում կարող է գործնական նշանակություն ունենալ ու հավասար կերպով կիրառվել բոլորի նկատմամբ: Այսինքն՝ եթե դրանք նույնիսկ կիրառվեն, ես մե՜ծ մտավախություն ունեմ, թե ոչ հետեւողական արձագանք եւ ընտրովի սահմանվող պատիժներ կլինեն հեռուստաընկերությունների նկատմամբ»:

Բորիս Նավասարդյանը նաեւ հարցադրում ներկայացրեց. «Երբ հստակ ու շատ ավելի պարզ կարգավորում նախատեսող դրույթները չեն կարողանում կիրառել, ապա այս չափորոշիչներն ինչպե՞ս են կիրառելու: Եվ ընդհանրապես, թե ինչպես կկիրառվեն փաստաթղթի մոտեցումները եւ ինչ ուղղումներ են այնտեղ հարկավոր՝ մենք կկարողանանք հասկանալ, երբ մի քանի միջադեպեր կլինեն՝ նոր կկարողանանք ասել, թե այս փաստաթղթի ո՛ր դրույթը ինչպե՛ս է գործում: Մինչ այսօր նման դրույթների կիրառման փորձ ոչ ոք չունի՝ ո՛չ մեր դատարանները, ո՛չ հեռուստաոլորտը կառավարող մարմինը: Եվ մինչ այսօր Հայաստանում առանձնապես ցանկություն էլ չի եղել քաղաքակիրթ ձեւով ու հետեւողականորեն կիրառելու սահմանափակող որեւէ դրույթ: Այսինքն, ես այստեղ չեմ սպասում դրական զարգացումներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել