Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՉԵՆՔ ՍՊԱՍՈՒՄ, ԹԵ ԵՐԲ ԵՆ ԴՐՍԻՑ ԱՍԵԼՈՒ»

Փետրվար 06,2010 00:00

\"\"Անելո՞ւ էին առանց դրսի հորդորի

ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ջորջ Կոլոմբիեի զեկույցը մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրած ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ իր մեջ մի շարք առաջարկություններ է պարունակում, որոնց իրականացման համար մինչեւ մոնիտորինգի հանձնաժողովի հաջորդ նիստը՝ մարտի 17-ը, ժամկետ է նշված: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության իշխանական թեւի ներկայացուցիչներ, պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Առավոտի» հետ զրույցում ասացին, որ առանց մոնիտորինգի հանձնաժողովի պահանջների էլ իրենք փորձելու են մշտադիտարկման ենթարկել ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ տեղ գտած առաջարկները: Հիշեցնենք, որ համազեկուցողներն առաջարկել էին հետեւել ընտրական համակարգի բարեփոխմանը, ոստիկանության եւ արդարադատության համակարգերին առնչվող օրենքներում եւս փոփոխություններ իրականացնել: Խորհրդարանի որոշմամբ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին է վերապահված հետեւել ժամանակավոր հանձնաժողովի կողմից առաջ քաշված հարցերի կատարման ընթացքին: Հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին «Առավոտը» օրեր առաջ հարցրել էր՝ ի՞նչ է արվում այս ուղղությամբ: Ի պատասխան՝ պարոն Հարությունյանն ասել էր. «Այնպես չի, որ մենք սպասում ենք, թե երբ են դրսից պահանջելու: Մենք արդեն ունեցել ենք աշխատանքային խմբի մի քանի հանդիպումներ, առաջին նիստը տեղի է ունեցել հունվարի 11-ին, նախորդ օրը մինչեւ մոնիտորինգի հանձնաժողովի հայտարարությունը՝ մենք արդեն քննարկեցինք, թե ինչ հարցեր ենք ուղղելու կառավարությանը, որովհետեւ ինստիտուցիոնալ առումով կատարման ֆունկցիաները գործադիրի վրա են, սակայն քաղաքական առումով ԱԺ-ն եւս չի կարող անմասն մնալ այդ գործընթացներից: Մոտ 30 հարց ենք ուղղել կառավարությանը, ակտիվ աշխատելու ենք, ժամանակացույցը կազմվելու է: Կարծում եմ, պետք է խոսք գնա շոշափելի արդյունքների մասին: Մոնիտորինգի հանձնաժողովի հարցադրումը շատ բնական է: Կարծում եմ, իրենց հետաքրքրում է, թե ինչպես ենք մենք իրականացնելու մեր մշտադիտարկումը: Ավելի շատ նրանց ուշադրության ներքո է լինելու, թե ինչքանով պետության մոնիտորինգի ներքին մեխանիզմները կարող են արդյունավետորեն փոխարինել արտաքին մոնիտորինգը»:

Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Մարտի 1-ի արդեն նախկին ժամանակավոր հանձնաժողովի անդամ Նաիրա Զոհրաբյանը եւս շեշտեց, որ մինչեւ մոնիտորինգի խմբի եզրակացությունը, իրենք մի քանի նիստ անցկացրել են: «Որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել: Գաղտնիք չէ, որ մեր խորհրդարանի որոշմամբ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի առաջարկների իրականացմանը հետեւելու նպատակով մշտադիտարկում իրականացնելու է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը: Արդեն իսկ երկու նիստ է գումարվել: Առաջին նիստին մասնակցել ենք նաեւ ես եւ Սամվել Նիկոյանն ու ներկայացրել ենք որոշ առաջարկներ, թե կոնկրետ ինչ ուղղություններով պետք է հանձնաժողովն աշխատի: Ի դեպ, ցանկացած պատգամավոր կարող է մասնակցել մշտադիտարկում իրականացնող պետաիրավական հանձնաժողովի նիստին: «Բարգավաճ Հայաստանը» ուշադրության կենտրոնում է պահելու այն խնդիրները, որոնք մենք առաջարկել ենք ժամանակավոր հանձնաժողովի զեկույցում, եւ ինչին իրենց զեկույցում անդրադարձել են նաեւ համազեկուցողները»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Զոհրաբյանը: Ուզեցինք պարզել՝ հանձնաժողովը կտեղավորվի՞ նշված ժամկետների մեջ եւ մինչեւ մարտի 17-ը կկարողանա՞ կոնկրետ արդյունք ներկայացնել: «Չեմ կարող ասել՝ մինչեւ մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, մինչեւ մարտ ամիսը այդ խնդիրներն իրենց վերջնական լուծումը ստացած կլինեն, թե՝ ոչ, բայց կոալիցիան պետք է անի հնարավորը` մինչ այդ ժամկետը լուրջ, ծավալուն աշխատանք կատարելու եւ ներկայացնելու մոնիտորինգի հանձնաժողովին»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը: Վերջինս լուրջ չի համարում այն սպասելիքները, թե մինչեւ մարտի կեսերը հնարավոր կլինի, ասենք, արդարադատության համակարգում լուրջ բարեփոխումներ իրականացնել, բայց կարծում է. «Այս ժամանակահատվածում առնվազն պետք է գոնե ունենալ ճանապարհային քարտեզ, թե՝ ի՞նչ ուղղությամբ են շարժվելու, ի՞նչ փոփոխություններ են կատարելու: Բնականաբար, պետք է ակտիվորեն աշխատի նաեւ ԸՕ-ի բարեփոխումների աշխատանքային խումբը, եւ փորձենք փակել օրենսգրքում հնարավոր բոլոր սողանցքները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել