Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 05,2010 00:00

Դեռահասների գրեթե կեսը հանդիսանում է ՄԻԱՎ վարակակիր

Մեծ Բրիտանիայի գիտնականները պարզել են, որ Զիմբաբվեում բնակվող դեռահասների գրեթե կեսը հանդիսանում է ՄԻԱՎ վարակակիր: Հետազոտությունն իրականացրել են Հիգիենայի եւ արեւադարձային բժշկության լոնդոնյան համալսարանի մի խումբ մասնագետներ` Ռաշիդա Ֆերրանդի ղեկավարությամբ: Գիտնականներն ուսումնասիրել են 10-18 տարեկան՝ ավելի քան 300 հոսպիտալացված հիվանդների տվյալներ, ովքեր պատասխանել են գիտնականների տված հարցերին եւ հանձնել են բոլոր անհրաժեշտ անալիզները` ՄԻԱՎ վարակինը ներառյալ: Վերլուծելով ստացված տվյալները` գիտնականները պարզեցին, որ հետազոտված մասնակիցների 46%-ը հանդիսանում է ՄԻԱՎ վարակակիր: Դրա հետ մեկտեղ, սովորական հերպեսի վիրուսի երկրորդ տեսակով վարակված էր միայն 4 հոգի (1,3%): Բացի դրանից, հաստատվել է նաեւ, որ ՄԻԱՎ վարակակիրների 73%-ի մոտ հիվանդի մայրը նույնպես հանդիսանում էր ՄԻԱՎ վարակակիր կամ էլ մինչ հետազոտությունն արդեն մահացել էր: Նմանատիպ վարակները, որոնց թվում էին նաեւ թոքաբորբը եւ տուբերկուլյոզը, պատճառ հանդիսացան, որպեսզի ՄԻԱՎ-ով տառապող դեռահաս վարակակիրների 69%-ը, ինչպես նաեւ այդ վիրուսով չվարակված դեռահասների 19%-ը հոսպիտալացվեն: Մահացությունների թիվը նշված խմբերում համապատասխանաբար կազմել են 22% եւ 7%: Ֆերրանդի կարծիքով, սա վկայում է այն մասին, որ դեռեւս մոր արգանդում ՄԻԱՎ-ով վարակված հիվանդների կյանքի տեւողությունը իրականում ավելի երկար է, քան ենթադրվում էր նախկինում: Հետագա հետազոտությունները միտված կլինեն հաստատելու այս համոզմունքը:

Գերազանցիկները տառապում են ցիկլոֆրենիայով
Այն դպրոցականները, ովքեր միայն գերազանց գնահատականներ են ստանում, զգալիորեն ավելի շատ են տառապում ցիկլոֆրենիայով, քան այն աշակերտները, ովքեր սովորում են միջին առաջադիմությամբ: Այս եզրահանգմանն են եկել Մեծ Բրիտանիայում եւ Շվեյցարիայում բնակվող մի խումբ գիտնականներ` Ջեյմս Մակկեյբի ղեկավարությամբ: Գիտնականներն ուսումնասիրել են մոտ 714 հազար դպրոցականների առաջադիմությունը, ովքեր 1988-1997 թթ. ստացել են պարտադիր միջին կրթություն: Առաջադիմությունը գնահատվում էր ըստ 15-16 տարեկանում հանձնած քննությունների: Ստացված տվյալները գիտնականները համեմատել են ցիկլոֆրենիա հիվանդության պատճառով հոսպիտալացված հիվանդների վիճակագրական տվյալների հետ: Ցիկլոֆրենիա հիվանդությունն այլ կերպ անվանում են մանիակալ-դեպրեսիվ պսիխոզ: Ինչպես վկայում են հետազոտության արդյունքները, այն մասնակիցները, ովքեր միայն գերազանց գնահատականներ էին ստացել, զգալիորեն 4 անգամ շատ էին տառապում ցիկլոֆրենիայով, ի տարբերություն այն մասնակիցների, ովքեր սովորել էին միջին առաջադիմությամբ: Ցիկլոֆրենիայով 2 անգամ շատ էին տառապում նաեւ վատ սովորող երեխաները: Բացի դրանից, պարզ դարձավ նաեւ, որ մեծամասամբ հիվանդանում էին այն աշակերտները, ովքեր գերազանց գնահատականներ էին ստացել երաժշտությունից եւ մայրենի լեզվից: Ինչը հաստատում են նախկինում արված այն հետազոտությունների արդյունքները, ըստ որոնց՝ լեզվաբանական եւ երաժշտական հմտությունները սերտորեն կապված էին վերոնշյալ հիվանդության առաջացման հետ: Չնայած հետազոտության արդյունքներին` Մակկեյբը նշեց, որ գերազանց սովորող մարդկանց մեծամասնությունը ոչ մի հիվանդությամբ էլ չի տառապում: Վերջերս գիտնականները պարզեցին նաեւ, որ ցիկլոֆրենիայով տառապող հիվանդների գրեթե կեսի մոտ հիվանդությունը, տարիքի հետ զուգընթաց, անցնում է, ինչը, ըստ գիտնականների, կապված է գլխուղեղի կեղեւի հաստացման հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել