Գիտնականները պարզել են, որ անձնասպանական վարքը պայմանավորված է գենետիկ գործոններով: Այս եզրահանգմանն են եկել Գերմանիայի հետազոտողների մի խումբ՝ Մարտին Կոլիի ղեկավարությամբ, ինչպես նաեւ Մայամիում գտնվող Ջոն Հասսմանի գենոմիկայի համալսարանի մի շարք աշխատակիցներ: Գիտնականները փորձել են գտնել այն գենետիկ գործոնները, որոնք պայմանավորում են մարդու մոտ առաջացող ընկճախտը եւ հանգեցնում են ինքնասպանության: Դրա համար գիտնականներն ուսումնասիրել են NTRK2 գենի զանազան տարբերակներ, որոնք կոդավորում են ուղեղի նեյրոգրաֆիկական գործոնի ընդունիչը, այսինքն՝ այն սպիտակուցը, որը պատասխանատու է նյարդային բջիջների ձեւավորման եւ ակտիվության համար: Գիտնականներն ուսումնասիրել են 394 ընկճախտով տառապող հիվանդների գենոմը, որոնցից 113 հիվանդ փորձել էր ինքնասպան լինել: Ստացված տվյալները նրանք համեմատել են 366 առողջ կամավորների ժառանգական տեղեկատվության հետ: Բացի դրանից, հետազոտվել էին նաեւ 744 գերմանացի եւ 921 աֆրոամերիկացի, որոնցից 152-ը եւ 119-ը համապատասխանաբար ինքնասպանության փորձ էին արել: Գիտնականները պարզեցին, որ NTRK2 գենի 3 «վտանգավոր» մուտացիաների կրողները միջին հաշվով 4,5 անգամ ավելի շատ էին փորձում ինքնասպանություն գործել, ի տարբերություն այն հիվանդների, որոնց մոտ հանդիպում էին NTRK2 գենի սովորական տարբերակներ: Հեղինակների խոսքերով, սա հաստատում է այն, որ անձնասպանական վարքը պայմանավորված է նաեւ ժառանգական գործոնով: