Բայց բույրերը երբեք չեն մոռացվում…
«Ամեն մարդ ունի իր հոտերի պատմությունը»,- ասում է հոգեբան Միհրդատ Մադաթյանը: Պարզվում է՝ մարդու հիշողությունից ոչինչ չի ջնջվում: Նույնիսկ հոտերը, ինչպես՝ հաճելի, այնպես էլ՝ տհաճ: Ավելին, հիշողության միջից, որպես կանոն, չեն հեռանում անցյալում այդ հոտի հետ վերապրած էմոցիաները:
Հարցրի, թե կարո՞ղ է, արդյոք, չսիրած ճաշի հոտը դառնալ սթրեսի պատճառ՝ Մ. Մադաթյանը պատասխանեց. «Այո, հնարավոր է: Օրինակ, շատերը փոքր հասակում տանել չեն կարողանում տապակած սոխի հոտը: Եվ եթե տվյալ անհատի մոտ այդ խնդիրը շատ սուր է դրված եղել ընտանիքում եւ անգամ եղել են կոնֆլիկտներ ընտանիքի անդամների հետ, ապա հասուն տարիքում տապակած սոխի հոտը հաստատ դրական էմոցիաներ չի տա մարդուն»:
Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպե՞ս է մարդու վրա ազդում օծանելիքի բույրը եւ հնարավո՞ր է, արդյոք, օծանելիքը պատմի մարդու բնավորության, խառնվածքի մասին:
«Սովորաբար օծանելիք օգտագործելիս մենք հաճախ վստահում ենք սեփական ինտուիցիային: Ինձ դուր է գալիս այդ օծանելիքը եւ հակառակը… Յուրաքանչյուր օծանելիք ունի իր բնութագիրը: Օծանելիքի հոտերը տարբեր են: Կան սուր, կծու, ագրեսիվ եւ այլ հոտեր»,- պարզաբանում է Մ. Մադաթյանը ու խորհուրդ տալիս օծանելիք գնելիս ընտրել սեփական բնութագրին համապատասխան բույր: Հոգեբանը նաեւ ասում է, որ ճիշտ օծանելիք օգտագործելով՝ կարող եք կոմպենսացնել բնավորության գծերի որոշ բացեր, օրինակ՝ «եթե մարդու մեջ ագրեսիայի պակաս կա՝ դա կարելի է լրացնել ագրեսիվ հոտերով»:
Մ. Մադաթյանից հետաքրքրվեցինք, իսկ ինչո՞ւ հոգեբանները սովորաբար չեն օգտագործում օծանելիք: Մի՞թե տպավորություն թողնելու խնդիր չունեն:
«Ես կողմնակից եմ այն տրամաբանությանը, որ հոգեբանը իրավունք չունի որեւէ օծանելիք օգտագործել: Հնարավոր է այս կամ այն օծանելիքի հոտը բացասական ազդեցություն թողնի այցելուի վրա, ինչը ցանկալի չէ: Հոգեբանը՝ անսեռ, իներտ, անէմոցիոնալ պետք է լինի»,- խոստովանում է Մ. Մադաթյանը եւ պատասխանում մեր հաջորդ հարցին՝ «Կարո՞ղ է օծանելիքը սեքսի խթանիչ լինել: Վերջերս հաճախ ենք լսում, որ օծանելիքի այս կամ այն բույրը կարող է խելքահան անել նույնիսկ ամենաինքնահավան ու բծախնդիր մարդուն»: «Ճիշտն ասած, ես ծանոթ չեմ այդ տեսությանը, որ օծանելիքը կարող լինել սեքսի խթանիչ: Չեմ փորձում հակաճառել, գուցե եւ նման բան կա: Թեեւ ես կմնամ այն կարծիքին, որ դա պարզապես միֆ է եւ տվյալ օծանելիքը գովազդելու միջոց: Շատ մարդկանց համար սեքսի խթանիչ կարող է դառնալ քրտինքի հոտը: Գաղտնիք չէ, որ կանայք երբեմն այն կապում են տղամարդու առնականության հետ: Կամ հակառակը՝ այդ հոտը ասոցացվում է փնթիության, կեղտի հետ: Հաճախ լսած կլինեք, որ գյուղերում մարդիկ քիչ են լողանում, քիչ են օծանելիք օգտագործում, օգտագործելիս էլ, հավանաբար, էժանագինն են ընտրում, ինչն էլ մի շարք այլ հարցերով է պայմանավորված լինում: Բայց գյուղացիների մոտ՝ ի տարբերություն քաղաքում բնակվողների, սեռական կյանքը, որպես կանոն, բավական ակտիվ է ընթանում: Մարդիկ սեքսի հանդեպ տարբեր ընկալումներ ունեն… Մեկը ջազի տակ է սիրաբանվում, մյուսը՝ ռոքի… Ընդհանրացնելը այն՝ մեր կողմից սխալ կլինի…»,- պարզաբանում է հոգեբանը ու հավելում, որ ուրիշ հարց է, որ հաճելի է համբուրել մեկին, ով բերանի խոռոչի համար հատուկ «սփռեյ» է օգտագործում:
Ի դեպ, բերանի խոռոչի մասին էլ մի հարց տվեցինք՝ հնարավո՞ր է բերանից փչող գարշահոտը դառնալ զույգերի բաժանման պատճառ:«Այո, իհարկե: Դա կարող է ոչ միայն սիրահար զույգի, այլեւ ընտանիքի քայքայման պատճառ դառնալ»,- ասաց հոգեբանը:
Մեր զրույցի վերջում նկատեցի հոգեբանի սեղանին դրված հնդկական անուշաբույր փայտիկներն ու հետաքրքրվեցի, թե այս անուշաբուրությունն արդյո՞ք օգտակար է, բացի այն, որ, ըստ արեւելյան հորոսկոպի, որոշ անուշաբույր փայտիկներ փող եւ հարստություն են բերում:
«Ինքս հաճախ եմ վառում այդ փայտիկները: Նրանց բույրը շատ հաճելի է: Անուշաբույր փայտիկները օդում դիֆուզիայի ենթարկվելով՝ նպաստում են մարդու ռելաքսացիային: Հոգեբանության մեջ կա արոմաթերապիա հասկացությունը: Այն մի շարք հիվանդություններ է բուժում: Հնդկաստանում եւ Չինաստանում անուշահոտ փայտիկներ օգտագործում են մերսման սրահներում, սաունաներում, որտեղ մարդ կարող է լիարժեք լիցքաթափվել»,- պատմում է հոգեբանը եւ խորհուրդ տալիս շատ չտարվել անուշաբույր փայտիկներով, որովհետեւ, համաձայն մի տեսության, անուշաբույր փայտիկներն արձակում են յուղային գոլորշի, որը վնասակար է: