Այն բանից հետո, երբ հունահռոմեական ըմբշամարտի Ադրբեջանի հավաքականը պաշտոնապես հրաժարվեց փետրվարի 13-14-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվելիք աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելուց, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան այդ թափուր տեղը լրացնելու համար ընտրեց Ուզբեկստանի ընտրանուն: Այդ մասին տեղեկացրին բոլոր լրատվամիջոցները: Սակայն աշխարհի գավաթի խաղարկության կազմկոմիտեի՝ զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատանքների կազմակերպման պատասխանատու Էդուարդ Քալանթարյանը տարածել է մի նոր հաղորդագրություն, ըստ որի՝ Ուզբեկստանի թիմը նույնպես չի կարողանալու ժամանել Երեւան, քանի որ այն հանդես է գալու նախապես պլանավորած մեկ այլ միջազգային մրցաշարի եւ չի հասցնի դրանից հետո ներկայանալ Հայաստան: Ըստ այդմ, ՖԻԼԱ-ն կայացրել է նոր որոշում՝ այս անգամ հայտարարելով սկանդինավյան երկրների հավաքականի անունը: Համաձայն շրջանառվող լուրերի, քանի որ Նորվեգիան չունի համապատասխան մակարդակի ըմբիշներ, սպասվում է, որ Երեւանում հանդես կգան միայն Շվեդիայի եւ Դանիայի ներկայացուցիչները: