Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բոլոր հարցերին գորգը կպատասխանի

Փետրվար 05,2010 00:00

\"\"Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն այս օրերին հավաքականների մարզական կենտրոնում նախապատրաստվում է փետրվարի 13-14-ին կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը:

Երեկ «Առավոտը» այցելեց նրանց՝ տեղում ծանոթանալու ըմբիշներին տրամադրված պայմաններին եւ ուսումնամարզական հավաքի ընթացքին:
Զրուցեցինք ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հետ:
– ՖԻԼԱ-ն աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու հրավեր ուղարկում է ութ ուժեղագույն ազգային հավաքականներին: Ու դա պատիվ է ցանկացած երկրի համար: Բայց այս անգամ ինչ-որ դժվարությամբ են այդ երկրները հավաքվում: Սկզբում Ադրբեջանը հրաժարվեց, հետո՝ Ուզբեկստանը: Ինչո՞վ եք դա բացատրում:
– Հարցն ինձ բացարձակ չի վերաբերվում: Որոշողը ՖԻԼԱ-ն է: Ասեմ միայն, որ աշխարհի ութերորդ թիմի համար պայքարում երեք հավաքականներ հավասար միավորներ ունեին իրենց հաշվարկում: Ուզբեկստանի հրաժարվելուց հետո ՖԻԼԱ-ն հրավիրեց Դանիայի եւ Շվեդիայի ըմբիշներից կազմված սկանդինավյան երկրների հավաքական թիմին: Մասնակցության հայտն արդեն հաստատվել եւ ստացվել է: Այնպես որ, ութ երկրների մասնակցությունն ապահովված է:
– Տեղեկություն ունե՞ք, թե մասնակիցներն ի՞նչ կազմերով են ժամանելու:
– Այո: Բոլորն էլ գալիս են ուժեղագույն կազմերով:
– Աշխարհի գավաթի խաղարկությունն ի՞նչ հեղինակություն է վայելում ըմբշամարտի աշխարհում:
– Դա թիմային մրցում է, որին մասնակցելու իրավունք ունենում են միայն ուժեղագույն հավաքականները, որոնց աշխարհի ու մայրցամաքային առաջնություններում բաժին է հասնում մեդալների առյուծի բաժինը: Սրանով ամեն ինչ արդեն ասված է:
– Ըմբշամարտում ի՞նչ ասել է թիմային առաջնություն:
– Պայքարն ընթանում է բոլոր յոթ քաշային կարգերում: Եթե, ասենք, նույն թիմի երկու մարզիկներ բոլոր գոտեմարտերը հաղթում են, իսկ մյուս թիմակիցները՝ պարտվում, հավաքականը հաղթող կամ մրցանակակիր չի դառնում: Ուրեմն նրանք էլ ոչնչի չեն արժանանում, քանի որ անհատական մեդալ կամ պարգեւատրում չկա: Իմաստն այն է, թե ամբողջ թիմն ի վիճակի՞ է կայուն բարձր արդյունք ցույց տալ, որում յուրաքանչյուրն իր անհատական ներդրումը պետք է ունենա:
– Այսինքն՝ թիմն աշխարհի գավաթը նվաճելու դեպքում յուրաքանչյուր ըմբիշ դառնում է աշխարհի գավաթակի՞ր:
– Այո:
– Ձեր մարզաձեւում անհատական կոչումների մեջ, բացի օլիմպիականից, ո՞ր կոչումն է ավելի բարձր՝ աշխարհի, մայր ցամաքի չեմպիոնությո՞ւնը, թե՞ գավաթակիր լինելը:
– Անհատականի դեպքում՝ նույնիսկ մայր ցամաքի չեմպիոնությունը:
– Գավաթային մրցումներում յուրաքանչյուր քաշային կարգում քանի՞ հոգու կարելի է հայտավորել:
– Առավելագույնս երկու: Բայց տվյալ օրը գորգ կարող է մտնել միայն մեկը: Դա կախված է իրավիճակից եւ մարզիչների ռազմավարությունից:
– Այս հավաքին քանի՞ ըմբիշ է հրավիրված:
– Հավաքականի բոլոր անդամները:
– Բայց մրցագորգում ավելի շատ մարզիկներ կան:
– Նրանք մեր երիտասարդներն են, այսպես կոչվող՝ օգնող մարզիկները, երկրորդ կազմը:
– Ազգային հավաքականի հիմնական կազմում բացակայողներ չկա՞ն:
– Ոչ: Բոլորն էլ այստեղ են:
– Տղաների մարզավիճակը լա՞վ է:
– Նորմալ:
– Առաջին եւ երկրորդ համարներին կարո՞ղ եք թվարկել:
– Խնդրեմ: 55 կգ՝ Ռոման Ամոյան եւ Հարություն Հովհաննիսյան, 60 կգ՝ Վահան Ջուհարյան եւ Արտակ Հարությունյան, 66 կգ՝ Արման Ադիկյան եւ Հովհաննես Վարդերեսյան, 74 կգ՝ Արսեն Ջուլֆալակյան եւ Վարշամ Բորանյան, 84 կգ՝ Դենիս Ֆորով եւ Տիգրան Սահակյան, 96 կգ՝ Արման Գեղամյան եւ Սարգիս Տոնոյան, 120 կգ՝ Յուրի Պատրիկեեւ եւ Վաչագան Եղիազարյան:
– Տան պատերը կօգնե՞ն անցած տարվա աշխարհի գավաթի երրորդ տեղը բարելավել:
– Նախապես խոստումներ տալու սովորություն չունեմ: Գորգը կպատասխանի բոլոր հարցերին:
– Սովորաբար, բոլոր մարզաձեւերում էլ ինչ-որ բան չստացվելու դեպքում մեղքի բաժին է գրանցվում մրցավարությանը: Որքան տեղյակ ենք, աշխարհի գավաթի խաղարկությունը Հայաստանից երեք մրցավար է սպասարկելու: Դա նշանակություն կունենա՞:
– Ես նման հարցերով չեմ զբաղվում: Իմ գործը թիմի հետ աշխատելն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել