Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վանաձորի դրամատիկական ստուդիան նորից գործում է

Փետրվար 05,2010 00:00

Խորհրդային տարիներին, երբ կրթությունն ու մշակույթն ամբողջությամբ պետության հովանու ներքո էին, հանրապետության շատ վայրերի նման՝ Վանաձորում էլ Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական պետական թատրոնին կից գործում էր դրամատիկական ստուդիա: Նաեւ ՀՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանի ջանքերով ստեղծված ստուդիայի սաներն էին աշխատանք գտնում թատրոնում: Այսօր էլ թատրոնի դերասանների մեծ մասը վերոնշյալ ստուդիայի նախկին սաներն են: 1990-ականների սկզբի դժվարին տարիները, սակայն, խաթարեցին նաեւ թատրոնների ու դրանց կից կառույցների բնականոն գործունեությունը: Անկախության առաջին տարիներին գոյությունը մի կերպ պահպանելով, հետագայում՝ ֆինանսական եւ այլ խնդիրների պատճառով գործունեությունը դադարեցրեց նաեւ դրամատիկական ստուդիան: Անուշադրության մատնված ստուդիայի շենքն էլ շուտով այլ սեփականատեր ունեցավ ու այսօր ծառայում է ամենեւին էլ ոչ արվեստի զարգացմանը:
Այդուհանդերձ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով գործունեությունը դադարեցրած ստուդիան վերջերս կրկին դռները բացեց: Լոռու մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար, արձակագիր, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանի՝ պաշտոնը ստանձնելուց հետո առաջին նախաձեռնությունը քաղաքի թատերասեր հասարակության կողմից վաղուց էր սպասված: Օրերս եղանք Վանաձորի դրամատիկական թատրոնի շենքում հանգրվանած ստուդիայում, ուր կարճ ժամանակում հաջողվել էր պատրաստել 13-24 տարեկան թատերասերների խումբ: Զրուցեցինք Էլֆիք Զոհրաբյանի եւ թատրոնի դերասանուհի, ստուդիայի հայ թատրոնի պատմության դասատու Ռուզան Խաչատրյանի հետ:
«Բացի հիմնական առարկաների դասավանդումը, կազմակերպվում են նաեւ վարպետության դասեր, որոնք անցկացնելու համար Երեւանից հրավիրվել են եւ այսուհետեւ էլ հրավիրելու ենք թատերաշխարհում ճանաչված հանրապետության լավագույն մասնագետներին»,- ասաց Է. Զոհրաբյանը: Վարպետության առաջին դասն անցկացրել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: Նա խոստացել է առաջիկայում ստուդիային տրամադրել ավտոբուս, որից ստուդիայի սաները կօգտվեն հանրապետության այլ թատրոններ ներկայացումներ դիտելու գնալիս:
Խոսելով ստուդիայի սաների՝ թատրոնով հետաքրքրվածության մասին, մեր զրուցակիցը համոզված ասաց. «Եթե ստուդիայի սաներն անգամ չդառնան լավ արտիստ, գոնե կդառնան լավ հանդիսատես. չէ՞ որ հանդիսատեսն էլ լինում է տաղանդավոր եւ անտաղանդ»:
Տեղեկացանք, որ եկող տարի ստուդիայի սաներից չորսը դիմելու է Թատերական ինստիտուտ, եւ Է. Զոհրաբյանը գրեթե համոզված է, որ նրանք կընդունվեն:
«Մարդու դաստիարակության մեջ ամենակարեւորը գեղագիտական ճաշակն է: Սկզբնական շրջանում «դարի ցավը» այստեղ էլ էր զգացվում»,- շեշտում է Ռուզան Խաչատրյանը՝ նկատի ունենալով ստուդիայի սաների՝ կարդացվածության պակասը: Այս եւ իրենց սերնդի՝ թատերական հայացքների եւ հետաքրքրությունների տարբերության մասին դերասանուհին ասաց. «Չէի ասի, թե հետաքրքրությունն է պակասել. պարզապես քչացել են նվիրյալները: Այս սերունդը ավելի տեղեկացված է, քան գրագետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել