Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԶԱՏԵԼ ԷՐՈՏԻԿԱՆ ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱՅԻՑ

Փետրվար 05,2010 00:00

Այս եւ այլ թեմաներով էր քննարկումը ՀՌԱՀ հերթական նիստում

Նախորդ տարվա ապրիլին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում կատարվեցին մի շարք փոփոխություններ, որոնցից մեկով ՀՌԱՀ-ին իրավունք է վերապահվել սահմանել էրոտիկ բնույթի հեռուստահաղորդումների, սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչները: Նախագծի իրականացման համար ստեղծվել էր 20 հոգանոց աշխատանքային խումբ: Երեկ ՀՌԱՀ անդամները այդ թեմայով քննարկում էին կազմակերպել հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ: ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը հայտնեց, որ նախագծի մասին տեղեկացվել է բոլոր հեռուստաընկերություններին, բայց մինչ օրս գրավոր դիտողություն կամ առաջարկ՝ նախագծի կետերի մասին, չեն ստացել. «Պահել ենք հետեւյալ սկզբունքը՝ չնմանակել եւ կաշկանդված չլինել «ի՞նչ կասեն ուրիշները» հարցադրմանը, այլ որպես հայ, ծնող՝ ինչի՞ն ենք մենք դեմ եթերում եւ որո՞նք են եթերային հաղորդումների, ֆիլմերի մեջ այն դրվագները, որոնք չէինք ցանկանա, որ մեր երեխան դիտի»: ՀՌԱՀ անդամ Ժիրայր Դադասյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ փաստաթուղթը իդեալական եւ ավարտուն վիճակում չէ, կան կետեր, որոնք կարող են քննարկման առարկա դառնալ:
Աշխատանքային խմբի ներկայացուցիչ, ՀՌԱՀ անդամ Կորյուն Առաքելյանի կարծիքով՝ «Մարդկանց անհանգստության իմաստով կարծիքը նույնն է, երկվություն չկա, մնում է՝ կարողանանք քայլ առաջ կատարել: Համապատասխան ժամկետի ընթացքում հաշվի կառնենք մարդկանց, կազմակերպությունների առաջարկությունները, նախագահության նիստում նախագիծն ընդունելուց հետո այն արդեն ուղեցույց կդառնա ե՛ւ հեռուստաընկերությունների, ե՛ւ հանձնաժողովի համար»:
Ըստ նախագծի՝ էրոտիկ բնույթի կամ էրոտիկ դրվագներ պարունակող հեռուստառադիոհաղորդումներում  մերկ տղամարդը կամ կինը պիտի երեւան հեռավոր պլանով՝  սեռական օրգանների ցուցադրմամբ, սեռական գործողությունը կամ դրա իմիտացիան պիտի ներկայացվի առանց սեռական օրգանների ցուցադրման:
«Շողակաթ» հեռուստաընկերության ներկայացուցիչը նախագծի այս երկու կետերի «մասով» նշեց. «Մի քիչ վատ եմ պատկերացնում՝ ռադիոհաղորդումներում սեռական օրգանների ցուցադրումը ո՞րն է, ավելի պարզ հնարավո՞ր չէր ձեւակերպել, այսինքն՝ թույլատրվու՞մ է սեռական օրգաններ ցուցադրելը»: Գ. Ամալյանի պնդմամբ՝ մի շարք երկրներ ընդհանրապես սահմանափակում չեն դրել մերկ մարմնի ցուցադրման վրա եւ հեռավոր կամ միջին պլանով կարող են ցույց տալ «բաց տեսարաններ», եթե դրանք ցուցադրվում են հատուկ ժամերի: «Մենք փորձեցինք ճշտել, որքա՞ն պիտի լինի բացության աստիճանը այն եթերում, որը նույնիսկ երեխան չի նայում: Հեռու պլանում ոչ սեռական գործողությամբ, այլ պարզապես որպես մարմիններ, օրգաններ կարող են երեւալ՝ առանց մանրամասների: Չափորոշիչներից առաջինում խոսքը չի գնում սեռական գործողության մասին, նշաձողի խնդիր կա՝ ինչպե՞ս անել, որ պոռնոգրաֆիկ հաղորդումը էրոտիկի պիտակով չսողոսկի եթեր, թեկուզ գիշերվա ժամերին: Սահմանազատում պետք էր, որովհետեւ օրենսդիրը թույլ է տվել էրոտիկ հաղորդումների ցուցադրումը գիշերային ժամերին»,- հստակեցրեց հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ իրենց նպատակն է՝ «Մի սանրի տակ չսանրել նաեւ այն ֆիլմը, որն իրոք էրոտիկ ուղղվածություն չունի կամ պարունակում է եզակի դրվագներ եւ ֆիլմի ամբողջականացման համար է ընտրված մերկ մարմնի դրվագը»: Նախագծի կետերից մեկով էլ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների որոշման չափանիշներից էր սահմանված հոգեւոր, մշակութային արժեքների, ազգի երախտավորների նսեմացումը եւ վարկաբեկումը: Այս կետի մասին էլ հարց հնչեց՝ ազգի երախտավորներ ովքե՞ր կարող են համարվել: «Ես կարող եմ ցուցադրել ռուսական արտադրության ֆիլմ, որտեղ հայկական պատմության երախտավորը կարող է բացասական ներկայացվել, արգելվու՞մ է նման ֆիլմերի ցուցադրումը»,-հարցրեց «Շողակաթի» ներկայացուցիչը: Պարոն Ամալյանն էլ պատասխանեց. «Բոլորի համար պարզ ու հասկանալի է՝ ազգի երախտավորներն են Մաշտոցը, Մամիկոնյանը եւ այլք, բայց երբ զավեշտական մի իրավիճակում դնում ես քո ազգի երախտավորներից մեկին ու սկսում ես ծաղրել ու ծանակել, դա երեխայի վրա միանշանակ բացասաբար է անդրադառնում: Օրինակ, նայում էի մի մարտաֆիլմ, որտեղ ծայրահեղական տեռորիստի կերպար վերցված էր հայ կին, ինձ համար դա ցավալի եւ վիրավորական էր, որ հոլիվուդյան մի ռեժիսոր որոշել էր այդպես ներկայացնել աշխարհին իմ ժողովուրդը: Բայց երբ նույնը հայկական եթերում ես տեսնում, որտեղ իրոք նսեմացնում ու այլաձեւում են քո արժեքները, ավելի հանգիստ ենք նայում, ասում ենք՝ կատակ է, էլի»: 
Ըստ ATV հեռուստաընկերության ծրագրերի տնօրեն Գայանե Մանուկյանի, «Ազատությունը հաճախ ամենաթողություն է ընկալվում՝ ի վնաս մեր հասարակության: Մենտալիտետից ելնելով, կտրականապես դեմ ենք միասեռ սիրուն, որը մեր հասարակության կողմից չի ընկալվում: Նույնիսկ այնպիսի առաջատար երկրում, ինչպիսին Գերմանիան է, մի վայրկյան անգամ չես տեսնի այնպիսի կադր, ինչպիսիք հայկական հեռուստաալիքներով են ցուցադրվում…»:
«Արմենիա» TV-ի գլխավոր գրոծադիր տնօրեն Գագիկ Մկրտչյանի հարցն էլ վերաբերում էր ֆանտաստիկայի ժանրին՝  «Արնախում հրեշներ  ասվածը անհասկանալի է, բազմաթիվ լավ ֆիլմեր կան այդպիսի հերոսներով, արդյո՞ք տվյալ դեպքում խնդիր չի առաջանա»: Գ. Ամալյանի պատասխանն անորոշ էր. «Խոսքն այն ֆիլմերի մասին է, որոնք պարբերաբար հայտնվում են եթերում  եւ նպատակ ունեն սարսափի, վախի, տագնապի, անելանելիության մթնոլորտ եւ սոսկում առաջացնել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել