Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիմոշենկոն սպառնում է «Մայդանով»

Փետրվար 05,2010 00:00

\"\"Ուկրաինայի վարչապետ եւ այդ երկրի նախագահի թեկնածու Յուլիա Տիմոշենկոն սպառնացել է, թե իր կողմնակիցներին կոչ կանի բողոքի զանգվածային ակցիաներ կազմակերպել, եթե օրենքի ուժ ստանան Գերագույն Ռադայում ընդունված «Ընտրությունների մասին օրենքում» կատարված փոփոխությունները, որոնցով չեղյալ է համարվել ընտրական հանձնաժողովների նիստերի անցկացման համար քվորումի առկայության անհրաժեշտությունը:
«Եթե մեզ չհաջողվի տեխնիկական եւ կազմակերպչական աշխատանքով ապահովել մարդկանց կամարտահայտության եւ դրա արդյունքների արձանագրման ազնվությունը, մենք մարդկանց ոտքի կհանենք: Դրանում ոչ մի կասկած չկա»,- lenta.ru-ի մատուցմամբ հայտարարել է Տիմոշենկոն՝ հավելելով, որ եթե գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն վավերացնի նախօրեին ընդունված օրենքը՝ «դա կլինի ժողովրդավարության եւ ազնիվ ընտրությունների մահապատժի վճիռ»: Վարչապետը նաեւ հայտարարել է, թե հնարավոր բոլոր միջոցները կձեռնարկի քվեարկության արդյունքների կեղծիք թույլ չտալու համար:
Տիմոշենկոյին այդքան վրդովեցրած օրենքը Գերագույն Ռադայում ընդունվել է փետրվարի 3-ին՝ նախագահի թեկնածու Վիկտոր Յանուկովիչի գլխավորած «Ռեգիոնների կուսակցության» նախաձեռնությամբ:
Յանուկովիչի կողմնակիցները հասել են այն բանին, որ օրենքում ամրագրվել է, թե ընտրական հանձնաժողովների աշխատանքի համար պարտադիր չէ, որ հանձնաժողովում քվորում լինի: Օրենքի նախաձեռնողները դա փաստարկել են նրանով, որ հանձնաժողովներում իրենց ընդդիմախոսները կարող են ուղղակիորեն բոյկոտել հանձնաժողովների աշխատանքը եւ չստորագրել արձանագրությունները, ինչը կհանգեցնի ընտրությունների տապալմանը: Վիճահարույց օրենքը երկրի նախագահ Յուշչենկոն երեկ արդեն վավերացրել է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, թե Կիեւի կենտրոնական հրապարակների մեծ մասը Տիմոշենկոյի եւ Յանուկովիչի համակիրներն արդեն նախապես զբաղեցրել են: «Ազատության մայդանում» հանրահավաքներ անցկացնելու թույլտվություն ունեն երկու կողմերն էլ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել