Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայում հայտնաբերվել են ծայրահեղականների ցանցեր

Փետրվար 05,2010 00:00

Գերմանիայի ոստիկանությունը զանգվածային շուրջկալներ է իրականացրել՝ իսլամիստներին հայտնաբերելու համար: Իրավապահ մարմինների գործողություններին մասնակցել է 300 ոստիկան: Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, խուզարկություններ են կատարվել 43 բնակարաններում: Բադեն-Վյուրտեմբերգի քրեական գործերով զբաղվող գերատեսչության տվյալներով, ստուգման է ենթարկվել 24-59 տարեկան 39 տղամարդ, որոնք, գերմանական դատախազության տեղեկություններով, հավաքագրվել են ահաբեկչական նորաստեղծ կազմակերպությունների կողմից եւ նպաստել են «ավելի քան 100 մարդու՝ իսլամի եւ արմատականության ուղին բռնելուն»: Նրանցից 7-ին մեղադրանք է առաջադրվել կազմակերպված հանցավորությանն առնչություններ ունենալու համար, եւս երեք հոգի ձերբակալվել է: Գերմանական իրավապահ մարմինների մատուցմամբ, «հավաքագրվածները» պետք է մեկնեին դպրոցներից մեկը՝ Ղուրան եւ արաբերեն ուսումնասիրելու համար: Այդ դպրոցը հայտնի է նրանով, որ այնտեղ ակտիվ գործունեություն են ծավալում ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Ավելի վաղ հաղորդվել էր, թե Աֆղանստանի եւ Պակիստանի սահմանամերձ շրջաններում տեղակայված «Ալ-Քաիդայի» եւ «Թալիբանի» ուսումնավարժական ճամբարներում նախապատրաստություն է անցնում առնվազն Գերմանիայում բնակվող 30 իսլամիստ: Գերմանական հատուկ ծառայությունները նաեւ հայտարարել էին, որ իրենց հաջողվել է բացահայտել Գերմանիայի տարածքում գործունեություն ծավալող եւ ահաբեկիչներ հավաքագրող մի քանի ցանցեր: Սահմանադրության պահպանության հարցերով բեռլինյան գերատեսչության տվյալներով, տարբեր ծայրահեղական խմբավորումներին հետեւող հատուկ ծառայությունները միայն Բեռլինում հայտնաբերել են իսլամի 430 հետեւորդների, որոնք պատրաստ են գործադրելու բռնություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել