Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՁԱՅՆԸ ՄԱՍԱՄԲ Է ԼՍԵԼԻ

Փետրվար 05,2010 00:00

Այս առումով Կովկասյան տարածաշրջանի երկրներում դեռ անելիքներ կան  

«Ո՞րն է մեր դերը». երեկ «Անի» հյուրանոցի «Դվին» սրահում ՌԴ-ի, Վրաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՀՀ-ի ուսանողները, որոնք մասնակցում էին «Հարավային Կովկասի երիտասարդական ֆորում: ՆԱՏՕ-ի նոր ռազմավարության հայեցակարգը. ո՞րն է մեր դերը» միջազգային համաժողովին, շարունակ միմյանց այս հարցն էին տալիս: «Հայկական ատլանտյան ասոցիացիա» հ/կ-ի հրավերով ՀՀ ժամանած ուսանողների շահերն ու նպատակները,  երիտասարդների ձայնը ավելի լսելի դարձնելու առումով, համընկնում էին:
Անկախ քաղաքական հակամարտություններից, ռուս եւ վրացի, հայ եւ թուրք երիտասարդները համակարծիք էին, որ իրենց երկրներում երիտասարդների ձայնը լսելի դառնալու ճանապարհին դեռ անելիքներ կան: «Առավոտը» նշված երկրներից ժամանած երիտասարդ-ներկայացուցիչների հետ հարցազրույցում ավելի հանգամանալից փորձեց հասկանալ նրանց մտահոգություններն ու ապագայի հետ կապված ծրագրերը:
Առաջին զրուցակիցս Ուկրաինայի «Կանաչ ալիք» հ/կ-ի ներկայացուցիչ Իննա Դատսիուկն էր: Նրա մտահոգություններն ավելի շատ վերաբերում էին էկոլոգիական հիմնախնդիրներին: Ուկրաինուհին նշեց. «Ներկայումս քաղաքական-հասարակական գործիչների կողմից կայացվող որոշումների հետեւանքները մեր սերունդն է տարիներ հետո զգալու իր մաշկի վրա: Օրինակ՝ ամեն տարի ՆԱՏՕ-ն բազում կոնֆերանսներ է կազմակերպում, տարբեր որոշումներ են կայացվում, եւ յուրաքանչյուր պետություն որոշ պարտավորություններ է ձեռք բերում: Բայց սա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է թողնել երկրի քաղաքական վերնախավի հայեցողությանը, սպասել եւ լռել: Երիտասարդությունը եւս իր ասելիքը պիտի ունենա: Օրինակ, եթե պետությունը չի ուզում մեզ ապահովագրել կլիմայական բացասական փոփոխություններից, ապա մենք պիտի մտածենք այդ մասին, քանի որ մինչեւ այդ բացասական հետեւանքների արտահայտվելը գուցե այսօրվա շատ ղեկավարներ ողջ էլ չլինեն, իսկ մենք, պատկերացրեք, 2050-ին քանի տարեկան կլինենք, եւ այդ բացասական հետեւանքները անդրադառնալու են մեր կյանքին, այնինչ, մենք ուզում ենք այդ տարիներին եւս կյանքը վայելել»: Ուկրաինայի «Կայուն զարգացման ինստիտուտ» հ/կ-ի գործադիր տնօրեն Ստանիսլավ Իգնատեւն էլ նկատեց. «Մենք զբաղվում ենք տարբեր բնապահպանական որոշումների մշակումներով, որոնք հետո ներկայացնում ենք կառավարությանը: Անշուշտ, այդ որոշումներն իրենց ուժն ունենում են եւ ազդում քաղաքական գործիչների որոշումների վրա»:
Մեր այն հարցին, թե Ուկրաինայում արդյո՞ք ակտիվ եւ մի փոքր էլ ընդդիմադիր կեցվածք ունեցող ուսանողները խնդիրներ չեն ունենում բուհի ղեկավարության հետ, Ս. Իգնատեւը պատասխանեց. «Վերջին շրջանում Ուկրաինան բավականին դեմոկրատական է դարձել, ու եթե ուսանողների մի զանգված գոհ չէ, ասենք՝ բուհի ղեկավարության կայացրած որոշումից, կարող է դուրս գալ փողոց եւ իր դժգոհությունը հայտնել, ինչի արդյունքում հնարավոր է ղեկավարությունը փոխի իր որոշումը: Սա նաեւ պայմանավորված է նրանով, որ մեկ շաբաթ առաջ Ուկրաինայում ընդունվեց ուսանողական ինքնակառավարման մասին օրենք: Այն համեմատաբար անկախ է դարձնում ուսանողական խորհուրդներին եւ անկախ նրանից՝ դրանք ընդդիմադիր կեցվածք ունեն, թե ոչ, պետք է բուհի բյուջեի 32%-ի չափով ֆինանսավորվեն ղեկավարության կողմից: Օրինակ՝ Խարկովում բուհի ուսանողական խորհուրդը կարողացավ լուծել հանրակացարանի ջեռուցման հարցը, որը երկար տարիներ չէր հաջողվում անել: Բայց օրենքի ընդունումից հետո խորհուրդը ի վերջո հասավ նրան, որ բուհի ղեկավարությունը վերանորոգեց հանրակացարանը»: Հայաստանում ամերիկյան համալսարանի ուսանողուհի Արմինե Հախինյանն էլ նկատեց. «Տարիներով կտրված ենք եղել եվրաինտեգրման գործընթացներից, բայց նման համաժողովները աշխատում են հօգուտ այդ խզման վերացման»:
Հարցին, թե, ի վերջո, պարզ ասած, սովորական ուսանողի համար ի՞նչ է եվրաինտեգրում կոչվածը, ուսանողուհին պատասխանեց. «Ուսանողի համար դա ունի ազատ տեղաշաժվելու առավելություն, ինչը ենթադրում է, որ կարելի է կրթություն ստանալ ոչ միայն ՀՀ-ում, այլեւ արտերկրում»: Դառնալով ՆԱՏՕ-ի հայեցակարգի էությանը, հետաքրքրվեցինք, որքանո՞վ են երիտասարդները ծանոթ դրան: Ա. Հախինյանը պատասխանեց. «Ցավոք, երիտասարդներն այնքան էլ տեղեկացված չեն, ամենավատն այն է, որ նրանց մի ստվար զանգված, անգամ այն մարդիկ, որոնց մասնագիտորեն վերաբերում է դա, չեն հետաքրքրվում երկրի կյանքով: Շատերը ծանոթ չեն, մյուսները դրա հնարավորությունը չունեն: Օրինակ՝ մարզերում է մեծ այդ խնդիրը, չնայած վերջին տարիներին այնտեղ իրականացվում է ՆԱՏՕ- Ռալի ծրագիրը: Բայց երբ շփվում ենք մարզերի երիտասարդների հետ, ՆԱՏՕ-ի մասին խոսելիս հասկանում ենք, որ ՆԱՏՕ-ն մինչեւ հիմա նրանց մոտ տպավորված է որպես ՌԴ-ի հետ պայքարող մի թշնամի բլոկ: Բայց ուրախալի է, որ արդեն գրքեր են թարգմանվել ՆԱՏՕ-ի, Եվրամիության մասին»: Թուրք ուսանողուհիների հետ զրուցել չհաջողվեց. մի քանի րոպե նրանց խնդրում էի, որպեսզի իրենց կարծիքը հայտնեն նշված հարցերում երիտասարդների դերի մասին, բայց որքան հասկացա, նրանց համար դժվար էր շփվել թե անգլերեն, թե ռուսերեն, եւ նրանք պարզապես չգիտեին ինչ ասել: Ուստի զրուցեցի Ստամբուլի Այդին համալսարանի Թուրքիայի հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Ֆելիզ Կատմանի հետ: Նա փաստեց, որ ՆԱՏՕ-ն իր ծրագրերում եւ որոշումների կայացման գործընթացում մեծ տեղ է տալիս երիտասարդությանը:
Իսկ «Առավոտի» այն հարցին, թե այդ օրինակին որքանո՞վ են հետեւում Թուրքիայի իշխանությունները, զրուցակիցս պատասխանեց. «Նկատելի է, որ քաղաքական, կրթական, ակադեմիական եւ հասարակական բնագավառներում շատ է աճել երիտասարդների ներգրավվածությունը: Նույնիսկ 18 տարեկան երիտասարդը կարող է Թուրքիայի պառլամենտի անդամ դառնալ»: Մեր այն դիտարկմանը, թե այդպիսի երիտասարդները հաճախ իրենց համար իսկ աննկատ կերպով օգտագործվում են հմուտ քաղաքական գործիչների կողմից՝ հօգուտ իրենց շահերի, Ֆ. Կատմանը պատասխանեց. «Այժմ երիտասարդներն այնքան կրթված, հեռանկարային, լայնախոհ ու մոտիվացված են, որ նրանց հեշտությամբ օգտագործել հնարավոր չէ»: 
Ռուսաստանի «Եվրո-Ատլանտյան համագործակցության» ծրագրերի ղեկավար Սերգեյ Դորոֆեւից էլ հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ է երիտասարդների ձայնը լսելի ՌԴ-ում: Նա պատասխանեց. «Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ որոշումների կայացման հարցում ՌԴ-ում գործում են  կոնսերվատիվ մեխանիզմներ: Բայց  մենք անում ենք ամեն ինչ, որ երիտասարդների ձայնը ավելի լսելի դարձնենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել