Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

20. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Փետրվար 05,2010 00:00

\"\"
Ստեփան Սարգսյան

\"\"
Տեսարան Սարի թաղից:

– Մենք հարեւան թշնամիներ ունենք:
– Բայց գլխավորը, կործանարարը ներքին թշնամին է,-  ասաց Նորայր Ասատրյանը,- մի՞թե չեք տեսնում գների խելացնոր տատանումները: Հազար խորանարդ մետր գազը բերում են $153-ով, մինչեւ մեզ է հասնում՝ դառնում է $300: Ատոմակայանի մեկ կալորիա էներգիայի ինքնարժեքը երկու դրամ է, մեզ է հասնում 30 դարձած: Սա է թշնամությունը: Էլեկտրացանցը, երկաթգիծը, օդակայանը, հանքերը պետք է պետության ձեռքին մնար: Սիլաչիի գինետնից էն օրը մի գեներալ դուրս եկավ, հարբած, հայհոյում էր. «Ես դրա մերը…, ես դրան կգյուլլեմ…»: Ո՞վ է նրան գեներալի աստիճանի հասցրել: Ուզում եմ պետկադաստրից իմ բնակարանի սեփականության վկայականը վերցնել, թե՝ հարեւանի հետ համատեղում կա: Թե ով է գծել, չգիտեմ, պարզվում է, որ հարեւանի տան գծագրում իմ ննջարանի կեսը նրա սահմանում է հայտնվել: Դիմեցի կադաստրին, մի ամիս հետո մերժեցին: Վարչական օրենսգրքի 43-րդ հոդվածով կադաստրը իրավունք չունի մերժելու՝ բացառությամբ երեք դեպքերի, երբ մատիտով է գրված, թուղթը անորակ է, տեքստը անընթեռնելի է: Ասում են՝ գնա դատարան տուր: Ասում եմ՝ դուք եք սխալ գծել, ինքներդ էլ ուղղեք, դատարանը ինչո՞ւ պետք է ձեր սխալներով զբաղվի: Ի՞նչ անեմ, պիտի դատարան գնամ, գուցե կարողանամ ազատվել քաշքշուկից:
Գնացի տեսնելու Մշակույթի նախկին պալատը: Մետաղյա դարպասին օվալի մեջ էին առնված MSM տառերը, որը մշակույթի օջախը արտադրամասի վերածած տիրոջ անվան սկզբնատառերն են՝ Մանուկյան Սուրեն Մանուկի: Պահակը՝ Արթուր Ամիրջանյանը, արգելեց տարածք մտնել ու լուսանկարել շենքը: Պոլիկլինիկայի բակում բժշկին դժգոհեցի մշակույթի պալատին տիրացած գործարարից:
– Տասը տարի առաջ ԱՄՆ-ից եկած մի հայ գործարար ցանկություն հայտնեց նորոգել շենքն ու ֆինանսավորել խմբերի, գրադարանի գործունեությունը: Ղեկավարները մերժեցին: Հինգ տարի հետո վաճառեցին մեկ այլ մարդու, որը հիմնովին փակեց Մշակույթի պալատն ու Սարի թաղի բնակիչների հույսը:
– Մշակույթի պալատից ենք խոսում, ողջ Սարի թաղում մամուլի կրպակ չկա: Թերթ գնել չենք կարող: Կարծես թե Մաշտոցի ստեղծած գրերի հետ Սարի թաղի ժողովուրդը կապ չունի:
Ետ եկա ու կոշկակարի փոքրիկ ու նեղ արհեստանոց մտա:
– Ինձ թվում է, որ աշխարհի ամենալավ զրուցակիցները կոշկակարներն են,- ասացի ես:
– Էդ մեկը շատ ճիշտ ես նկատել,- ինքնագոհ պատասխանեց կոշկակար Ստեփան Սարգսյանը,- հիմա ավարտեմ էս գործն ու զրուցենք:
– Սկսենք կենսագրությունից:
– Ավարտել եմ Երեւանի կոշիկի տեխնոլոգիական տեխնիկումը, ապա 1967-ին վերապատրաստվել Լենինականում, Մասիս ֆիրմայում աշխատել եմ որպես արտադրամասի վարպետ, ինժեներ, ապրանքագետ: 1993-ին Երեւան- Մոսկվա-Երեւան գնացքի ուղեկցորդ էի աշխատում, խառը տարիներ էին, ի՞նչ արած: Գնացքով Հայաստան ապրանք էի բերում, որը «Սվոյ Ռաֆն» էր ուղարկում: Շատ հայրենասեր մարդ էր: Հիմա էլ կոշիկ եմ նորոգում: Արհեստը պետք է սիրես, որ լավ ստացվի: Կոշիկը սիրածդ աղջկա պես պետք է սիրես, գրկես, մշակես, այդ դեպքում լավ արհեստավոր կլինես:
– Ես Մշակույթի տունն էի ուզում տեսնել, ներս չթողեցին, թե՝ տերը որ իմանա, գործից կհանի:
– Հա, չեն թողնի: Մշակույթի օջախները վաճառելու իրավունք չունեն, իբր արգելված է, բայց թքած ունեն նման արգելքի վրա, որը օրենքի ուժ չունի: Ու ոչ ոք պատասխանատվություն չի զգում դրա համար: Մի ժամանակ ես շրջիկ գրախանութում եմ աշխատել: Ժողովուրդը գիրք էր սիրում: Հիմա այդ նույն ժողովուրդը, նրա անմիջական սերունդը կտրվել է մշակույթից: Այս արհեստանոցին կից շինությունը գրախանութ է եղել, որտեղ բանաստեղծ Իշխանն էր աշխատում: Ուզում էր փրկել գրախանութը, չկարողացանք օգնել: Գնեցին ու փակեցին: Ինքս էլ եմ գրում: Մի բանաստեղծություն նվիրել եմ մանկության ընկերոջս՝ Այվազ Մարկոսյանին, որը ԱՄՆ է տեղափոխվել:
– Կկարդա՞ք:
– Խնդրեմ.
Դու մի ծով ես, իսկ ես՝ մի գետակ,
Երկուսս էլ ջուր ենք, ջինջ ու պարզունակ,
Ամեն մարդու հոգս մեր մեջ ենք տեսնում,
Ու մեր հոգսերը նրանց հետ կիսում:
Դու տեղում կանգնած, այդ ջրափում
Միշտ միտք ես անում, տեր իմ, Աստված,
Ու գիշերվա աղջամուղջի մեջ
Գոռում, գոչում ես, ալիք բարձրացնում ու հուր զարկում,
Հետո նորից քո հոգու խորքում լսում ես, լսում,
Իսկ ես հեռվից քո ձայնն եմ լսում,
Ու դեպի քեզ կարոտի տենչով
Վազում եմ արագ ժայռերի միջով,
Վազում եմ, հասնում, վիշտս փարատում:
Լռեց, ապա ասաց.
– Դժբախտ դեպք պատահեց նրա հետ: Մեկը մազութ էր հալում, հանկարծ բռնկվում է, հարեւանն էլ իբր հանգցնելու համար ջուր է լցնում՝ կրակը ավելի է բորբոքվում, Այվազի ձեռքերը վառում: Գնաց դստեր մոտ՝ ԱՄՆ: Նամակագրական կապ կար: Հիմա եզակի են դարձել նամակները: Ի՞նչ իմանամ, նոր ժամանակներ են…
– Ե՞րբ ես սկսել գրել:
– 1961-ից: «Իմ այրող հուշերի պատմությունը» վերնագրով վեպ եմ գրել:
– Ի՞նչ ծավալի է:
– 96 թերթանոց տետր եմ լցրել: Սիրո տխուր պատմություն է: Ուզում եմ շարունակել: Բայց եթե ընթերցողին չի հասնելու, արժե՞ գրել: Գրած բաներ շատ ունեմ: Հիմա օրենքներ եմ մշակում: Ընտրական հանձնաժողովի անդամ էի: ՀԺԿ կուսակցության Սարի թաղի մասնաճյուղի քարտուղարն էի: Բայց կուսակցությունը լիկվիդացվեց: Դե, մեծացել եմ, դեկտեմբերի 3-ին նշեցինք 70-ամյակս:
– Ի՞նչ օրենք ես մշակում,- հետաքրքրվեցի ես:
– Մեռած մարդու ոսկե ատամները քաշելու համար օրենսգրքում պատժաչափ չի սահմանված:
– Պատերազմի ժամանակ տղաներ կային, որ աքցանն առած դիակների բերաններն էին տնտղում,- ասացի ես,- ոսկե ատամները քաշում: Բայց պատերազմի ժամանակ ո՞վ ժամանակ ունի հսկելու, թե ով ինչով է զբաղված:
– Ընկերս՝ Հրաչիկը, մահամերձ էր: Կինը հարցրեց. «Ոսկե ատամն ի՞նչ արժե»: Ասացի՝ «Զաբել, 7-10 դոլար արժե, նայած, թե ինչ պրոբի է»: Թաղման ժամանակ նկատեցի, որ ատամնաշարը չկա: Հիմա ես այդ մասին օրենք եմ մշակում: Ատամը այդ մարդու սեփականությունն է, իսկ մահվանից հետո այն յուրացնելը բարբարոսություն է: Դա էլ է դիակապտություն որակվում: Ով ուզում է լինի՝ պետք է օրենքով պատժվի: Դատական նիստին կին դատավորը շալվարով է գալիս, դատ կտրում: Դա պետք է արգելվի: Հաճախ դատը իրենց կաբինետներում են անցկացնում: Իսկ դահլիճները այնքան փոքր են, որ մարդկանց չեն տեղավորում: Մարդիկ իրավունք ունեն ներկա գտնվելու: Ասում են, թե դատական նիստը ձայնագրվում է: Իրականում ձայնագրում են այն հատվածը, որն իրենց ձեռք է տալիս: Ուզում եմ այս հարցերը ներկայացնել Ազգային ժողովին: Հիշում եմ, տրանսպորտի հարցը քննարկելիս մի պատգամավոր հարցրեց. «Էշն է՞լ է տրանսպորտ կոչվում, եթե այո, ապա կարգ խախտելիս էշի՞ն պետք է պատժել, թե՞ տիրոջը»: Սա մի՞թե Ազգային ժողովում քննարկման հարց է:
Կոշկակարի սեղանին՝ բազմատեսակ մեխերի, գործիքների, սոսնձի, կաշիների, այլ միջոցների կողքին, գրքեր էին շարված: Տնտղեցի: Վերեւինը Սերո Խանզադյանի «Արխը պղտորվում է» գիրքն է, ապա Տվերսկայայի «Մեղադրանքը», «Մխիթար Գոշ» գիտամեթոդական հանդեսի 3-րդ համարը, Տ. Կամսարականի եւ Տ.Չյոկյուրյանի երկերը:
– Իմ հաճախորդները ավելի հաճախ դպրոցականներ են, երիտասարդ աղջիկ ու տղաներ: Շատերը չգիտեն, թե եռանկյունին ինչ է: Բացատրում եմ, գրքեր եմ տալիս, որ կարդան, հաճախ խորհուրդներ եմ տալիս: Բայց ես մի ցավոտ հարց ունեմ, որի մասին կցանկանայի, որ գրեք «Առավոտում», քանի որ ես հարգում եմ այդ թերթը: Հայաստանն ուներ կոշիկի 16 ֆաբրիկա: Ես չորս գլխավոր տնօրեն եմ փոխել: Վերջինը Ռուդոլֆ Արսենիչն էր: Հիմա այդ գործարանները չկան: Առաջ «ԿոցՉՑՏՐչ» կար, եթե կոշիկը 27 ռուբլով էին ստանում, ապա վաճառում էին 28 ռուբլով, իսկ հիմա ինչ գնով ուզում, այն գնով էլ վաճառում են: Հիմա 1000 ռուբլով ապրանք են բերում, 10 000-ով վաճառում, բայց 1000-ի դիմաց են հարկ մուծում: Արդյունքում երկիրը աղքատ է մնում: Արտասահմանից դերմանտինից կարած կոշիկներ են բերում վաճառքի համար: Իսկ դերմանտինը մարդու առողջությանը վնաս է եւ արգելված է բժշկության կողմից, քանի որ քոր եւ այլ հիվանդություններ է առաջացնում: Կարող եմ ասել, որ կաշեգործությունը հայկական արհեստ է: Մետաքսի ճանապարհով հայ վաճառականները կոշիկ են արտահանել: Մեր մշակած կաշին չուներ հավասարը: Մեր կոշկեղենը չէր զիջում իտալականին: Մեր մշակած պադոշը ամենալավն էր, պադոշ ունեինք, որ դանակը չէր կտրում: Լաք ունեինք, որի նմանը գոյություն չուներ: Բացի մաքուր կաշվից, ուրիշ ոչ մի նյութով կոշիկ չի կարելի կարել: Երկրում այսքան մորթ է լինում, ինչո՞ւ ենք մորթին տալիս ուրիշներին: Վերամշակող գործարան ստեղծելու դեպքում մի 5000 աշխատատեղ կբացվեր: Հայաստանում ոչխար չմնաց: Երկիրը աստիճանաբար զրկվում է այդ հարստությունից: Եզդիները հրաշալի ոչխարապահներ են: Բայց ո՞ւր տարան նրանց ոչխարը: Բուրդը երկրից տանում են, գործում, շորը բերում-  ծախում մեզ վրա: Կտորի որակը կախված է նրանից, թե մի քառակուսի սանտիմետր մակերեսի վրա քանի թել է անցնում: Չինաստանից, Թուրքիայից շոր են բերում՝ թույլ, բանի պետք չի: Անհրաժեշտ է մեր սեփականը ստեղծել: Որպես կոշիկի մասնագետ՝ ափսոսում եմ, որ այսօր մերը արենայում չկա: Թուրքիայից բերում, կիլոյով են ծախում կոշիկը: Դա կապվում է նաեւ ընտրությունների հետ: Ասացի, չէ՞, որ ընտրական հանձնաժողովի անդամ եմ եղել մեր Սարի թաղում: Ընտրությունների օրը, երեկոյան ժամը ութին պատրաստ, «քվեարկած» նոր բյուլետեններ են բերում, ստիպում, որ ոչ թե ժողովրդի քվեարկածը, այլ կեղծը հաշվեն: Ֆելիքս Խաչատրյանն իրեն ճղում էր, բայց ո՞վ է ժողովրդի ընտրությունը հաշվի առնում: Մինչեւ նորմալ ընտրություն չանցկացնենք՝ երկիր չենք դառնա: Էսպես վախենում եմ՝ ամեն ինչ փլուզվի:
Հաճախորդ մի կին եկավ նորոգման տված կոշիկները տանելու:
– Ի՞նչ պետք է տամ,- հարցրեց նա:
– Ոչինչ,- պատասխանեց կոշկակարը,- տար, կարիք լինի՝ էլի արի:
Կինը գոհ՝ Ստեփանի այս պատասխանից, ժպիտը դեմքին հեռացավ:
– Աղքատ կին է, հազիվ են տանը ապրուստի միջոցներ հայթայթում, ես նրանից ո՞նց փող վերցնեմ: Եթե կարող եմ օգնել, շատ գոհ եմ:
Հիշեցի մորաքրոջս որդուն՝ Գառնիկ Առաքելյանին, որը մերձմոսկովյան Դոլգոպրուդնիում կոշիկ է նորոգում: Տան լիազորը, որը չար ու ագրեսիվ կին էր, եկել, շառ էր կապում տղայի վրա, սպառնում, թե դուրս կհանի կիսանկուղային արհեստանոցից: Շենքի բնակիչները, լսելով այս գոռգոռոցները, գնում են քաղաքապետարան, բողոքում այդ կնոջ դեմ, ասելով, թե գտեք իրենց մեջ մի ռուս մարդու, որը օգնի իրենց, ինչպես այդ հայ տղան է իրենց օգնում: Ես էլ եմ հաճախ տեսել, թե ինչպես նա ծեր ու զառամյալ հաճախորդներից երբեք նորոգման դիմաց փող չէր վերցնում: Ու ողջ Դոլգոպրուդնին սիրում էր Գառնիկին:
– Ժողովուրդը ինձնից գոհ է,- ասաց Ստեփանը:-  Իսկ հարեւան պոլիկլինիկայի գլխավոր բժիշկը ցանկանում էր հանել այս տաղավարը: Չգիտեր, որ այն գրանցված է: Հիմա ես իմ տարիների աշխատանքի դիմաց 22 հազար դրամ թոշակ եմ ստանում: Պարզ է, որ ոչ մի բանի չի հերիքում: Ամեն օր չորս կիլովատ հոսանք եմ օգտագործում էլեկտրասալիկի եւ լամպի համար: Օրական 120 դրամ եմ ծախսում էներգիայի համար: Մեխի կիլոն 1300 դրամ է: Ամեն զույգ կոշիկից 120 դրամ է ինձ մնում: Կինս ու աղջիկս աշխատում են, իսկ տղաս, որը 30 տարեկան է, աշխատանք չունի: Ժամանակակից աղջիկը տեղաշորում պառկած մորից է սուրճ ուզում: 70 տարեկան եմ՝ մի րոպե անգամ առանց աշխատանքի չեմ եղել:
– Արար աշխարհ ու Էրեվանի միջով ինչքան ման գամ, քիզ նման կոշկակար ու փիլիսոփա չիմ կանա գտնիլ,- ասացի ես, ու կոշկակարի փոքրիկ ու նեղ արհեստանոցը լցվեց երջանիկ ծիծաղով:
Քայլեցի 20-րդ փողոցով: 18-րդ փողոցի անկյունում տղաներ էին հավաքվել:
– Ինչպե՞ս եք ապրում, տղաներ,- դիմեցի ես:
– Եթե լրագրող ես, պիտի բողոքենք,- ասաց տղաներից մեկը,- նախընտրական շրջանում եկան, քանդեցին փողոցը, բայց ընտրություններն ավարտվեցին, էդպես էլ թողեցին քանդած ու գնացին: Նույնն էլ 3-րդ փողոցում: Ջուր քաշելու համար փորեցին ասֆալտը, խողովակները կապեցին, ընտրություններն ավարտվեցին, թողեցին քանդած ու հեռացան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել