Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պատերազմից տուժածները»

Փետրվար 05,2010 00:00

\"\"Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն իրականացնում է «Երիտասարդ խաղաղասերների բրիգադի ձեւավորում» ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ նկարահանվել է «Պատերազմից տուժածները» ֆիլմը: Ժապավենի հայկական  շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 3-ին՝ Վանաձորի «Արգիշտի» հյուրանոցում: Ֆիլմի ստեղծման աշխատանքներին մասնակցել են մինչեւ 25 տարեկան լրագրողներ՝ Հայաստանից, Ղարաբաղից եւ Ադրբեջանից:
«Երիտասարդ խաղաղասերների բրիգադի» համակարգող Նաիրա Բուլղադարյանը՝ նկարահանման աշխատանքները մինչեւ 25 տարեկան լրագրողներին վստահելը բացատրեց  «հնարավորինս անկողմնակալություն ապահովելու» նպատակով: Կարծիք կա, որ 25-ից բարձր տարիք ունեցող լրագրողները հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ կարծրացած տեսակետ ունեն:
Կինոնկարում յուրաքանչյուր կողմից մեկական նախկին ռազմագերի, փախստական եւ անհետ կորածի ընտանիքի անդամ պատմում են իրենց կամ էլ հարազատի կրած զրկանքների ու դառը ճակատագրի մասին:
Հայկական կողմի հերոսները Լոռու մարզից են՝ վանաձորցի ազատամարտիկ, նախկին ռազմագերի՝ 35-ամյա Արմեն Մելքոնյանը, անհետ կորած Վահե Եղշատյանի մայրը՝ տիկին Սիրուշը, եւ Բաքվից գաղթած ու Լոռու մարզի Շահումյան գյուղում հանգրվանած  Գալինա Կարապետյանն ու նրա ընտանիքը: Ֆիլմի հեղինակները հաջողությամբ կարողացել են արտացոլել ռազմագերու, փախստականի եւ անհետ կորածի ընտանիքի հոգեվիճակները:
Լրագրողների հետ զրույցում Արմենի հայրը՝ Հովհաննես Մելքոնյանը, ասաց. «Չենք զգում պետության հոգածություն (Արմենի կարգավիճակը հավասարեցված է սովորական պայմաններում հաշմանդամ դարձած անձանց կարգավիճակին- Հ. Ս.): Առանց Ղարաբաղի պատերազմի էլ, Հայաստանում այսօր վիճակը լավ չէր լինի: Այստեղ գործարարներ չեն, այլ, ինչպես Րաֆֆին է ճիշտ նկարագրել՝ խաչագողեր»:

Հ. Գ. Ադրբեջանում հայերի ջարդերից փրկված Գալինա Կարապետյանի հետ հարցազրույցը՝ վաղվա «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել